ՔՊ-ականների, պաշտոնյաների մեծ մասը սարսափում է մամուլից և լրագրողներից, չի պատասխանում նրանց հարցերին, խուսափում է հաշվետվողականությունից։ Հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» ֆորումի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով խոսքի և մամուլի ազատությանն, ասել էր, որ պետք է այնպես անել, որ խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից ընկալվի ոչ թե որպես «ցնցոտիավոր ջադու», այլ որպես՝ «վայելչատես այցելու»: Եթե մամուլը համեմատենք հայելու հետ, ապա կարող ենք ասել, որ ՔՊ-ական պաշտոնյան հայելու մեջ ցնցոտիավոր ջադու է տեսնում։ Ինչո՞ւ է այսպիսի պատկեր ստացվում, և որտեղի՞ց են սնվում այս հիվանդագին վախերը։
Վերջին տարիներին խորհրդարանում, կառավարության շենքում լրագրողը հնարավորություն չունի մոտենալ պատգամավորներին, կառավարության անդամներին, հարցեր ուղղել նրանց։ Սա մամուլի ազատության սահմանափակում է։ Նման սահմանափակում չի եղել նախորդ տասնամյակներում։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ լրագրողը անկաշկանդ կարող էր մոտենալ պաշտոնյային, հարցեր տալ։ Իհարկե՝ եղել են նաև անախորժ միջադեպեր։ Սակայն միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին է լրագրողներին արգելվել շփվել պաշտոնյաների հետ։ Սա նաև անպատասխանտվության մթնոլորտի արդյունք է։ Պաշտոնյանների մեծ մասը մոռացել է հաշվետվողականության մասին, արհամարհելով քննադատությունը։ Այսպիսի բան եղել է կղերաֆեոդալական ժամանակներում, երբ իշխանությունների քայլերը ծածկվում էին խորհրդավորության քողով, իսկ հանրային հաշվետվողականություն ընդհանրապես գոյություն չուներ, թքած ունեին ժողովրդի կարծիքի վրա։
Վախի ենթադրյալ պատճառի հիմքում լղոզ ուղեգիծն է։ Պատգամավորն ու նախարարը չեն հասկանում, թե ինչ քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը, որոնք են առաջնահերթությունները։ Ոմանք կասկածում են, որ Փաշինյանը հակաժողովրդավարական, հակահայկական կուրս է վարում։ Հետևաբար՝ չեն կողմնորոշվում, թե ինչ պատասխանեն լրագրողի բովանդակային հարցերին։ Եթե ասեն, որ Փաշինյանը դավաճանական կուրս է վարում, ապա տեղում պաշտոնանկ կարվեն։ Եթե փորձեն պոզիտիվ բաներ ասել, ապա ծիծաղելի իրավիճակում կհայտնվեն։ Օրինակ՝ օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լատվիական լրատվամիջոցին տված հարցազրույցում դրական էր արտահայտվել ԵՄ-ին մաս կազմելուն առնչվող հարցին, վստահություն հայտնելով, որ եթե հանրաքվե լինի, ապա ժողովուրդը կասի «Այո»։ Ժամեր անց, սակայն, նա հայտնվել էր ծիծաղելի իրավիճակում, քանի որ նրա օգնականը հերքել էր, ասելով, որ Ալեն Սիմոնյանն անձնական կարծիք է հայտնել, ՀՀ իշխանությունը ԵՄ-ի վերաբերյալ նման դիրքորոշում չունի։
Այսպիսի ամոթալի իրավիճակում հայտնվել են բազմաթիվ պաշտոնյաներ։ Դրանից զատ՝ հարցերի մեծ մասը վերաբերում են իշխանությունների սխալներին, պարտություններին և ձախողումներին, ժողովրդի կրած կորուստներին, սոցիալական անարդարություններին, արտաքին մարտահրավերներին, կոռուպցիային։ Եթե պաշտոնյաներն ազնվորեն պատասխանեն այս հարցերին, ապա հաջորդ պահին պիտի լքեն Փաշինյանի թիմը։ Բայց քանի որ ՔՊ-ականների միակ մոտիվացիան փողն է և իշխանությունը, ապա արհամարհում են և՛ ազնվությունը, և՛ ճշմարտությունը, և՛ ժողովրդին ու նրա խնդիրները։ Արդյունքում՝ խուսափում են լրագրողներից, հանրության առջև հաշվետվողականությունից, փակում են ականջներն ու կրիայի պես մտնում պատյանի մեջ։
Իշխանությունները նաև պիտի հասկանան, որ մամուլն ու լրագրողները իրենց գործընկերներն են, որոնց օգնությամբ իրենց դիրքորոշումը, գաղափարները հասու են դառնում հանրությանը, արժանանում բովանդակային քննադատության, հանրային բանավեճի առարկա դառնում։ Այս պարզ գիտակցումը կարող է նպաստել, որ հայելու մեջ նայելիս պաշտոնյան տեսնի վայելչատես այցելու, ոչ թե ցնցոտիավոր ջադու։
Այնինչ՝ այսօր լրագրողների նկատմամբ վերաբերմունքը թշնամական է, ատելությամբ ու արհամարհանքով լի։ Դրա ապացույցն է նաև «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության 2024 թվականի մամուլի ազատության զեկույցը, որում նշվում է, որ Հայաստանում լրագրողները հաճախ են ենթարկվում բռնությունների, ճնշումների թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից՝ խորհրդարանում, փողոցում, թե՛ սոցիալական ցանցերում։ Ընդհանուր առմամբ՝ լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում։
Անհարկի բյուրոկրատական խոչընդոտներ են կիրառում նաև պաշտոնյաների ասուլիսների ժամանակ։ Օրինակ՝ այսօր՝ հուլիսի 3-ին, երկրորդական մի պաշտոնյայի՝ Էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Խոջոյանի, ասուլիսին մասնակցելու համար կառավարությունում հավատարմագրված լրագրողները պետք է լրացուցիչ հավատարմագրվեին։ Այսպիսով՝ կրկին ցուցադրում են իրենց վախերը, հավելյալ խոչընդոտ ստեղծում արդեն իսկ հավատարմագրված լրագրողների համար։ Արձանագրենք, որ սա նույնպես վտանգավոր նախադեպ է և նահանջ ժողովրդավարությունից։ Խտրական մոտեցում է կիրառվում նաև վարչապետի ասուլիսների ժամանակ։ Օրինակ՝
Oragir.News-ին թույլ չեն տալիս մասնակցել այդ ասուլիներին։ Արդյունքում ոտնահարվում են ոչ միայն մամուլի ազատությունն ու լրագրողի իրավունքներն, այլև հանրության մի մասին հանիրավի զրկում են վարչապետին հարցեր տալու և մեկնաբանություններ ստանալու իրավունքից։
Կարճ ասած՝ իրավիճակն այնքան վատն է, որ նույնիսկ լավատեսորեն հնարավոր չէ պատկերացնել, որ մամուլի նկատմամբ ՔՊ-ականների վերաբերմունքը կփոխվի։ Սակայն կա լավատեսություն, որ վաղվա իշխանությունը պոպուլիստ չի լինի, չի շարունակի փաշինյանական աղետալի ուղին, չի ունենա մամուլի հանդեպ կղերաֆեոդալական վախեր, չի դառնա հակաքաղաքակրթական կաղապարների գերի, լրագրողին կվերաբերվի գործընկերաբար, չի խուսափի հանրային հաշվետվողականությունից, հայելու մեջ նայելիս ցնցոտիավոր ջադու չի տեսնի և հոգատար վերաբերմունք կդրսևորի ժողովրդավարության ու պետության հանդեպ։
Թաթուլ Մկրտչյան