«Աղայանը մի հոյակապ մարդ էր ու խոշոր մտածող, երազող, գրող։ Բայց նրա կյանքը անգիր անցկացավ։ Անցկացավ իր բարեկամների, ընկերների ու մտերիմների շրջանում, ու միայն նրանք գիտեն, թե ինչքան բան ուներ նա ու ինչքան բան տարավ իր հետ։
Նրա թողածը շատ է քիչ, տարածն ու կորածը՝ ահագին:
Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ և տաղանդ և երբեք չի եղել երկրորդը։
Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրիչը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական»,- իր մտերիմ ընկերոջն ու գրչակցին այսպես է բնութագրել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
Այսօր գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանի հիշատակի օրն է։

Աղայանը մի տեսակ նահապետ էր գրական ասպարեզում, նրան հարգում էին, խոսքն արժևորում։ Հայտնի պատմություն է, թե ինչպես Վերնատան հերթական քննարկումներից մեկի ժամանակ Աղայանը կռիվ է սարքել՝ պնդելով, որ Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմի առաջին տարբերակում Սաքոյի խելագարությունը հոգեբանորեն հիմնավորված չէ։ Ի դեպ, այս քննարկումից հետո նրա խոսքը հաշվի է առել Թումանյանը և պոեմում փոփոխություններ մտցրել։
Ավետիք Իսահակյանն իր հուշերում պատմում է, որ Աղայանը հեղինակություն էր ոչ միայն գրական շրջանակներում, այլև ընթերցողների մեջ։ Իսահակյանի քրոջ սենյակում կախված էր Աղայանի լուսանկարը, սեղանի վրա դրված էր նրա փառակազմ «Երկու քույր» վիպակը: Քրոջ ուսուցիչն էր եղել նա 1870-ական թվականներին Ալեքսանդրապոլի (Լենինական) Արղության դպրոցում: Նա պարծենում էր, որ ինքն Աղայանի լավագույն աշակերտներից է եղել և «Երկու քույր» վեպը նվեր է ստացել սիրելի ուսուցչից: Դա պաշտամունքի հասնող սեր էր, և երբ ամուսնացել է, նկարն ու գիրքը, բնականաբար, հետը տարել է:
Ահա այսպես էլ տեղի է ունեցել Իսահակյանի առաջին ծանոթությունը Աղայանի կերպարին։

«Երբ շատ տարիներ հետո՝ 1892 թվին, ես բախտ ունեցա ծանոթանալու Ղ. Աղայանի հետ - գրեթե կարդացել էի ամբողջ Աղայանին: Սիրում էի հեքիաթներից մի երկուսը՝ «Տորք Անգեղը» , անգիր գիտեի «Ճախարակը» և «Հիշողությունը»: «Ծիծեռնակը բուն էր շինում, և՛ շինում էր, և՛ երգում»… Իմ մշտական սիրած բանաստեղծությունն էր և է. անզուգական, շատ հուզիչ, խորունկ, հայ աշխատավոր ժողովրդի դարավոր կյանքի և պայքարի գեղարվեստական պատկերը, սիմվոլը:
Թիֆլիսում 1892 թվի նոյեմբերի վերջին, թե դեկտեմբերի սկզբին էր, գնացել էի Հովհաննես Թումանյանի մոտ՝ Կովկասյան հայ հրատարակչության գրասենյակը: Աղմուկ-աղաղակով դուռը բացվեց, ներս մտավ մի հաղթանդամ, թիկնեղ, ալեխառն տղամարդ՝ հաստ պալտո հագած, բաշլուղով, վալենկաներով, կալոշներով. իսկույն ճանաչեցի՝ Ղազարոս Աղայանն էր: Նրանք գրկախառնվեցին, կարոտով երկար-երկար համբուրվեցին:
Թումանյանն ինձ ներկայացրեց Աղայանին, ես շփոթվեցի: Աղայանը սրտաբուխ ժեստով ձեռքը մեկնեց ինձ, ես կարծես ամբողջովին կորա նրա հսկայական ափի մեջ: Մի երկու հարց տվեց նա ինձ Ալեքպոլի իր հին բարեկամների և քաղաքի մասին, ապա դարձավ Թումանյանին, որ մի երկու օրով եկել է գյուղից - հենց ուղղակի Օհաննեսի մոտ:
- Ա՛ յ տղա, շատ էի կարոտել քեզ, ո՞նց ես, երեխեքդ ո՞նց են…
Թումանյանն ու ես մոտ երեք ամսվա ծանոթներ էինք, սակայն չգիտեի, թե նա երեխաներ ունի: Չկարողացա զարմանքս թաքցնել- մի՞թե երեխաներ …
- Բա՛ , - հզոր ձայնով վրա բերեց Աղայանը, - Էս երեխան երեք երեխա ունի…

Հարցրեց Թիֆլիսի գրական, հասարակական կյանքի մասին, նորությունների մասին: Խոսեց իր գրական աշխատանքներից. գյուղում հանգիստ պարապում է, աշխատում է, լավ գինի ունի, բայց մենակ է, մարդակարոտ է:
- Տո՛ , Օհաննե՛ ս, մի գիրք եմ կարդում, զարմանալի, հրաշալի գիրք, ձեռնարկել եմ թարգմանել. պոեմա է, Բուդդայի կյանքից է, գրքի անունն է՝«Ասիայի լույսը», հեղինակն անգլիացի է՝ Առնոլդ…
Ես հիացած նայում էի Աղայանի վրա՝ առողջ, գեղեցիկ, կենսուրախ, տարերային: Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհեաշխարհ կտրող քարավանապետ…
Մտքով Աղայանի և Թումանյանի միջև համեմատություն էի դնում. երկուսն էլ մի կատեգորիայի մարդիկ երևցան ինձ, միևնույն ոճով, միևնույն կոլորիտով, այնքան ներդաշնակ էին միմյանց, իրար լրացնող, ստեղծելով մի ամբողջություն, մի հասկացողություն՝ հայ հինավուրց ժողովրդի հողի և խոսքի ուժն ու իմաստությունը:
1898 թվին, մարտ ամսին, Թիֆլիսումն էի, «Երգեր ու վերքեր» բանաստեղծություններիս գրքույկը նոր էր լույս տեսել. անձամբ գնում էի մեր հռչակավոր գրողների մոտ և խորին ակնածանքով գրքույկս ներկայացնում էի նրանց:
Գնացի Աղայանի մոտ. ակնոցը շտկեց, բացեց գրքույկս, ժպիտով կարդաց ձոնս, ապա մեջեմեջ կարդաց մի քանի ոտանավորներ, հետո գրկեց ինձ՝ ասելով. «Կեցցե՛ ս, հա՛ մ շնորհքով բանաստեղծ ես, հա՛ մ խելացի տղա: Խելացի եմ ասում եմ նրա համար, որ գործ ես ածել ճիշտ ուղղագրությունը և ւ-ով ես գրել, փոխանակ ու-ի: Իրենց գիտնական լեզվաբան հաշվող մեր պրոֆեսորներն այդ չեն ըմբռնել, իսկ մի պատանի ըմբռնել է, կեցցե՛ս: Շարունակի՛ր այդ ուղղությամբ և ժամանակով մեծ բանաստեղծ կդառնաս»»,- հիշում է Իսահակյանը: