Հայ ժողովրդի թանկարժեք ընծան․ այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է
copy image url

Հայ ժողովրդի թանկարժեք ընծան․ այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է

Մշակույթ 1 տարի առաջ - 22:06 07-05-2023
1916 թ․ Սպենդիարյանը, վաճառելով Յալթայի առանձնատունը, ընտանիքի հետ տեղափոխվում է Սուդակի ամառանոց։ Այս տարիներին Սուդակում Սպենդիարյանը ծավալում է բուռն հասարակական գործունեություն։ Կազմակերպում է բազմաթիվ համերգներ՝ հօգուտ պատերազմից տուժածների և որբացած հայ մանուկների։ Այս օրերին տեղի ունեցավ երկու հանճարների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպումը։

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է։

1916 թ․ Թումանյանը Սուդակում էր։ Առողջական վիճակն սկսել էր վատթարանալ, և նա տեղափոխվել էր առողջարան, որտեղ էլ հանդիպում է կոմպոզիտորին։ Երկու հանճարները հաճախ էին հանդիպում և զրուցում ամենատարբեր ծրագրերից։ Ահա այստեղ էլ, ծանոթանալով Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությանը, Ալեքսանդր Սպենդիարյանը հղանում է «Ալմաստ» օպերայի գաղափարը՝ հիմքում ունենալով Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը։



Օպերայի ստեղծման աշխատանքներն սկսելու համար 1916 թ․ գարնանը Սպենդիարյանը մեկնում է Թիֆլիս։ Այստեղ Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերությունը կազմակերպում է այդ օրերին առաջին անգամ Թիֆլիս ժամանած կոմպոզիտորի սիմֆոնիկ համերգը։ Այս առիթով հրապարակած իր հոդվածում Թումանյանը գրում է․ «Ահա այսօր էլ գալիս է եվրոպական երաժշտական աշխարհքում անուն հանած հայ նշանավոր երաժշտագետը՝ Ալ․ Սպենդիարյան, օտար երկրներից դեպի հայրենի մթնոլորտը, արևմտյան երաժշտությունից դեպի արևելյան երաժշտությունը, մեծ ու գեղեցիկ ծրագրերով, որոնց գործ դառնալուն առհավատչյա են իր խոշոր տաղանդն ու փայլուն պատրաստությունը ու էն հանգամանքը, որ իր շարժվելու հնարավորություններով կապված ու կախված չի մեր դժբախտ իրականությունից»։

1916թ. աշնանը Սպենդիարյանը պատրաստվում է Ղրիմից մեկնել Թիֆլիս՝ հատկապես երաժշտական նյութեր հավաքելու և մշակելու։



Մեկնելուց առաջ նա Թումանյանին հետևյալ նամակն է գրում.

«1916թ. հոկտեմբերի 20, Սուդակ (Տավրիկյան նահանգ), սեփական ամառանոց։

Մեծարգո պարոն Հովհաննես.
Մոտավորապես մեկ ամիս հետո ենթադրում եմ մեկնել Թիֆլիս, այս անգամ կնոջս ուղեկցությամբ, որպեսզի ծանոթանամ, թե ինչ եք կարողացել անել Ձեր հիանալի «Թմկաբերդի առումը» պոեմը ինձ խոստացած դրամայի վերածելու ուղղությամբ, որպեսզի հավաքեմ այդ սյուժեի համար ինձ հարկավոր երաժշտական նյութը։

Անսահման ուրախ կլինեմ կրին անգամ Ձեզ հանդիպելու և հետաքրքրական զրույցով նույնքան հաճելի ժամանակ անցկացնելու Ձեզ և Ձեր համակրելի աղջիկների հետ, ինչպե որ իմ առաջին գալուս էր։

Եթե դուք դեռևս ժամանակ չեք ունեցել զբաղվելու «Թմկաբերդի առումը» պոեմի մշակումով, ապա այդ Ձեզ թող բնավ չանհանգստացնի։ Թիֆլիսում իմ գտնված ժամանակամիջոցում համենայն դեպս Ձեզ հետ, վերջնականապե կմշակենք սցենարը, և բացի դրանից, ինչպես արդեն գրել եմ, ես կզբաղվեմ երեժշտական նյութ հավաքելով, որի համար և իմ Թիֆլիս գալը իզուր չի լինի։

Խնդրում եմ իմ սրտագին ողջույնը հաղորդել Ձեր ընտանիքին։

Անկեղծորեն Ձեզ նվիրված, Ձեր ջերմագին երկրպագու՝
Ա. ՍՊԵՆԴԻԱՐՈՎ»։



Կոմպոզիտորի շուրջն են համախմբվում երգիչներ ու դերասաններ։ Ցավոք, օպերայի վերջին գործողությունը Սպենդիարյանն այդպես էլ չի կարողացել ավարտել։ Այն ավարտին է հասցնում ռուս կոմպոզիտոր Մաքսիմիլիան Շտեյնբերգը։

«Ալմաստ» օպերայի մասին Ավ․ Իսահակյանը գրել է․ «Դա նրա ստեղծագործության գագաթն է, թանկարժեք ընծա հայ ժողովրդին։ Սպենդիարովը իրոք թողել է պայծառ հիշատակ։ Թող որ այն մնա սերունդներին»։

Օվսաննա Իսրայելյան