ՀՀ-ն շանսը բաց թողեց․ Մակրոնի օրոք Ֆրանսիայից հնարավոր էր առավելագույնը քաղել
copy image url

ՀՀ-ն շանսը բաց թողեց․ Մակրոնի օրոք Ֆրանսիայից հնարավոր էր առավելագույնը քաղել

Արտաքին Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 22:30 03-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ֆրանսիայում կիրակի օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաջողության են հասել ծայրահեղ աջակողմյան ուժերը՝ Մարի Լե Պենի գլխավորությամբ, երկրորդ տեղում ձախակողմյան ուժերից կազմված «Նոր ազգային ճակատ» միավորումն է, իսկ գործող նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական ուժը միայն երրորդն է։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մեկ շաբաթ անց, սակայն քիչ հավանական է, որ Մակրոնին հաջողվի էապես շտկել իրավիճակը։

Ընտրությունների արդյունքներից հետո Հայաստանում որոշ մտահոգություններ են հնչում, որ եթե Ֆրանսիայում իշխանության գան ծայահեղ աջակողմյան ուժերը, ապա դրանից կարող են տուժել հայ-ֆրանսիական հարաբերությունները, քանի որ նրանք Հայաստանի հետ հարաբերությունների առնչությամբ տեսլական չունեն։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը ընտրություններում ծայրահեղ աջերի արձանագրած հաջողությունը, ինչպես նաև Մակրոնի քաղաքական ուժի ձախողումը պայմանավորեց նախևառաջ Ֆրանսիայի նախագահի հռետորաբանությամբ։ Նա կարծում է, որ խորհրդարանի և մասնավորապես խորհրդարանը ցրելու վերաբերյալ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները ֆրանսիացիները շատ կտրուկ և քննադատաբար են ընդունել։

Քաղաքագետը նաև ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այժմ աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված ամենուրեք աջ ծայրահեղական ուժերն են առաջ գալիս և հաջողության հասնում․ «Բացի Ֆրանսիայից, նման իրավիճակ է ստեղծվել նաև Նիդեռլանդներում»։

Սիմոնյանը շեշտում է, որ իր համոզմամբ, թեպետ Մարին լը Պենը Հայաստանի Հանրապետության նկատմամբ այդքան մեծ ջատագովությամբ հանդես չի գա, այնուամենայնիվ ՀՀ-ի նկատմամբ մոտեցումը պայմանավորված չի լինի նախագահի անձի, կամ քաղաքական ուժի նախասիրություններով։

Նրա համոզմամբ՝ այժմ աշխարհը փոխվել է, և Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպայի և Միացյալ Նահանգների համար ռազմավարական կարևոր ուղղություն լինել։ «Դրանով պայմանավորված շատ մեծ ու կտրուկ շրջադարձերի և փոփոխությունների ակնկալիք էլ չունեմ»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ Մարին լը Պենի իշխանության դեպքում հայ-ֆրանսիական հարաբերություններում չնչին փոփոխություններ տեղի ունենան, սակայն դրանք էական չեն լինի։ Ըստ նրա՝ էական փոփոխությունների համար պետք է ռազմավարական վերարժեվորումներ լինեն, իսկ նման վերարժեվորումներ դժվար թե լինեն, քանի որ ռազմավարությունները պայմանավորվում են ոչ թե քաղաքական ուժերի հաղթանակով, այլ աշխարհաքաղաքական իրողություններով։

Oragir.News-ի հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն պնդումները, որ աջ ծայրահեղականները Հայաստանի և հայ-ֆրանսիական հարաբերությունների առնչություն չունեն, ինչն էլ կարող է երկկողմ հարաբերությունների դինամիկայի վրա բացասաբար ազդել՝ Գուրգեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ վերջիններս տեսլական ունեն և նշեց, որ Ֆրանսիայի ռազմավարական ուղղությունը ավելի շատ պայմանավորված է այդ երկրում գործող անալիտիկ կենտրոնների տրամադրած զեկույցներով և պետական ընդհանուր համակարգի կայացրած որոշումներով, քան կոնկրետ քաղաքական ուժերով։

Քաղաքագետը մինևույն ժամանակ համոզմունք հայնտեց, որ Էմանուել Մակրոնի կառավարման շրջանը Հայաստանի համար հրաշալի ժամանակահատված էր, որպեսզի մեր երկիրը կարողանար առավելագույն քաղել, սակայն դա չստացվեց հենց հայկական կողմի մեղավորությամբ, և ՀՀ-ն բաց թողեց այդ շանսը․

«Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Մակրոնի ժամանակաշրջանը մեզ համար հրաշալի ժամանակահատված էր, որպեսզի կարողանայինք առավելագույնը քաղել, ինչը ստացվեց հենց մեր, այլ ոչ թե ֆրանսիական կողմի, կամ այլ իրողությունների պատճառով։ Դա պայմանավորված էր մեր ռազմաքաղաքական ղեկավարների վարած ոչ պատշաճ քաղաքականությամբ և արտաքին քաղաքական դիրքավորմամբ։ Սա է մեր խնդիրը»։

Գուրեն Սիմոնյանը հավելեց, որ ՀՀ-ն այս հարցում իր «տնային աշխատանքը» լավ չկատարեց և չկարողացավ ռազմավարական շրջադարձ ապահովել ու հարաբերությունները կանոնակարգել՝ հավուր պատշաճի։

Դավիթ Գույումջյան



Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան