Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 օր առաջ - 15:10 01-07-2024

Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան  

«Ինքն ի՞նչ գործ ունի հավատացյալ մարդկանց հետ, աթեիստները փոքրամասնություն են այս երկրում, ուրեմն թող ինքն իրեն պահի իբրև փոքրամասնություն, մեծամասնության դեմ չփորձի ելնել»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ «Ինչքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը»։

«Ես այդ մարդու ո՛չ արածները, ո՛չ ասածները չեմ ուզում մենկաբանել, որովհետև ինքն ինձ համար գոյություն չունի։ Մի մարդ, որը տգետ է, կարող է աթեիստ լինել, բայց գնահատել եկեղեցու դերը։ Բայց եթե այնքան տգետ է ու նաև աթեսիտ է, որ չի գնահատում եկեղեցու դերը, նա ոչնչություն է, պարզապես զրո։ Զրոյի ասածներն ի՞նչ մեկնաբանել»,- ասաց Աջապահյանը։

Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավորը նշում է, թե բոլոր պետություններում է այդպես՝ ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, Շիրակի թեմի առաջնորդն այսպես արձագանքեց։

«Ինքը հիմար է, ինչպես միշտ։ Ինքը հիմար է եղել դրանից առաջ, ինքը հիմար կմնա դրանից հետո։ Այդպիսի բան գոյություն չունի ոչ մի երկրում, մանավանդ՝ հայ իրականության մեջ նման բան հնարավոր չէ։ Նման բան հնարավոր կարող է լինել այն հասարակություներում, որոնք մնայուն կերպով պետություն են եղել, իսկ դու մնայուն կերպով պետություն չես եղել, դու ավելի չես եղել, քան եղել ես։ Ինչի՞ մասին է խոսքը։

Այն, որ դու գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով, եկեղեցուն ես պարտական։ Արսեն անուն չէիր ունենա, եթե եկեղեցին չլիներ, որովհետև Արսենը հոգևոր անուն է։ Իսկ գոնե գիտի՞, թե Թորոս ինչ է նշանակում։ Թորոսը Թեոդորսի կրճատ ձևն է, իրեն հարցրեք՝ տղա ջան, գոնե քո անվան և ազգանվան ստուգաբանությունը գիտե՞ս։ Արսեն անունը քեզ տվել է եկեղեցին, եկեղեցու շնորհիվ է, որ ունես Թորոսյան ազգանուն։ Պետությա՞ն շնորհիվ է, որ դու Արսեն Թորոսյան ես, թե՞ եկեղեցու շնորհիվ է։

Հայ ժողովուրդը հայ եկեղեցուն է պարտական, որ ինքը գոյություն ունի, և գոյություն ունի իբրև պետություն, ուրիշ որևէ ուժի պարտական չէ։ Մարդ ինչքան կարող է հիմար լինել, որ հայ եկեղեցու դեմ դուրս գա։ Հայ եկեղեցու շնորհիվ ունենա պետականություն, հայ եկեղեցու շնորհիվ ունենա ինքնություն, հայ եկեղեցու շնորհիվ ունենա մշակույթ, և դրանով հանդերձ գործի հայ եկեղեցու դե՞մ։ Ինչքա՞ն անասուն պետք է լինել. Այդքան բան։ Այդ մարդը բոլոր տարիներին բացահայտ իրեն ներկայացրել է որպես տխմար, տխմարի ասածի հետ ես ի՞նչ գործ ունեմ»,- եզրափակեց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ազատության» եթերում անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը հայտարարել էր.

«Արդյունքը եղավ այն, որ առանց այն էլ հեղինակազրկված Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչից ես անձնապես ուրախանում եմ, որովհետև ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իշխանությունները ակտիվ քարոզ են տանում Հայ առաքելական եկեղցու դեմ։ Այս ալիքը մեծ թափ առավ հատկապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆոնին։