Ներքին Միտք 2 տարի առաջ - 23:00 28-06-2024

Ամեն ինչ ու միանգամից չի լինում, սուտ է

Հանրության մի մասը կարծում էր, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն արագ արդյունքի կհասնի, Նիկոլ Փաշինյանը ժամերի ընթացքում հրաժարական կտա։ Ակնկալիքը չարդարացավ, և մարդկանց մի մասը հուսախաբվեց։ Ինչո՞ւ է հանրությունն ուզում ամեն ինչ ու միանգամից։ Այս հարցը կարևոր է ոչ միայն սոցիալ հոգեբանության տեսանկյունից, այլև ունի մշակութաբանական խորք։

Ոմանց կարծիքով՝ այսպիսի մոտեցումը բնորոշ է միայն հայ ժողովրդին։ Այնինչ՝ ամեն ինչ ու միանգամից ուզելը թերկրթվածության նշան է, բնորոշ է երեխաներին, հոգեկան խնդիրներ ունեցողներին, հետամնաց հանրույթներին։

Հին դարերում կրթված մարդիկ քիչ էին, ժողովրդի մեծ մասը տառաճանաչ չէր, վերլուծելու ունակություն չուներ, տարրական տրամաբանությունից զուրկ էր։ Քաղաքական կամ մշակութային փոփոխությունների մասին մարդիկ իմանում էին ամենավերջում, երբ փոփոխությունը հայտնի էր դառնում։ Իմաստուններն ու թագավորները խորհրդավոր գաղտնիքի քողով էին ծածկում վերափոխումների կամ գյուտերի նախընթաց ուսումնասիրությունների, փորձերի շրջանը։ Եվ շատերին թվում էր, թե ամեն ինչ միանգամից է տեղի ունենում, պարուրված հրաշքով, գերբնական ուժերի ձեռքով։

Այդպիսի պատկերավոր օրինակներ կան նաև մեր պատմության էջերում։ Օրինակ՝ հայոց այբուբենի ստեղծման կամ քրիստոնեության ընդունման ընթացքի և քաղաքական անհրաժեշտության մշակութաբանական վերլուծություն նույնիսկ մեր օրերում չկա, որովհետև մարդկանց մեծ մասին հետաքրքիր չէ։ Շատերին բավարարում են հրաշալի ավնադազրույցները, թե Մաշտոցը երազում է տեսել տառերն ու մեկ օրում ստեղծել այբուբենը։ Իսկ Տրդատը մի քանի օրվա ընթացքում է քրիստոնեությունն ընդունելու որոշում ընդունել։ Այնինչ՝ թե՛ այբուբենի ստեղծումը, թե՛ քրիստոնեությանը ընդունումը տևական նախապատրաստման ընթացք է ունեցել։ Դրանք քաղաքական որոշումներ են, մշակութաբանական հիմնավորումներ, օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ ունեն։ Այդ որոշումներին նաև տևական ուսումնասիրություններ և նախապատրաստական աշխատանքներ են նախորդել։ Եվ այս ամենն անտեսելն ուղղակի տգիտություն է։

Հետագայում՝ քաղքենիա-ժողովրդավարական (բուրժուա-դեմոկրատական) վերափոխումների և լուսավորության տարածման դարաշրջանում մարդկանց մեծ մասին հասու եղավ կրթությունը, զարգացավ գիտական և քաղաքական միտքը։ Մարդիկ հասկացան, որ վերափոխումները միանգամից չեն լինում։ Սակայն ամեն ինչ ու միանգամից փոխելու գայթակղությունը մնաց ու մարդկանց մղեց արյունալի հեղափոխությունների։ Օրինակ՝ Անգլիայում Օլիվեր Կրոմվելն ու նրա «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նակը» կարծում էին, որ եթե թագավորին գլխատեն, ապա ամեն ինչ ու միանգամից կփոխվի։ Բայց այդպես չեղավ։ Անգլիան մինչ օրս էլ թագավոր ունի։ Իսկ քաղաքակրթական վերափոխումներն Անգլիայում և ամբողջ աշխարհում տեղի են ունեցել և այսօր էլ շարունակվում են աստիճանաբար։

Իհարկե՝ հրաշքին հավատալը վարպետության ավանդույթները պահպանելու և զարգացնելու, տնտեսական և մշակութային առաջընթացի մեծ խթան է։ Բայց դա չի նշանակում, որ քաղաքական ամեն տեսակ փոփոխությունները պիտի տեղի ունենան հրաշքով, միանգամից։ Տվյալ դեպքում, եթե Հանրապետության հրապարակը մարդկանցով լցվում է, ապա դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անմիջապես հրաժարական տա։ Այսպիսի պատկերացում կարող է ունենալ քաղաքականությունից հեռու մարդը։ Իսկ երբ հանրության մեծ մասն է այդպես կարծում, ապա ցույց է տրվում ժողովրդի կրթվածության, տեղեկացվածության ցածր մակարդակը։

Այստեղ մեծ է փորձառու և կրթված գործիչների ու քաղաքագետների մեղքի բաժինը։ Նրանք են պարտավոր կրթել և բացատրել ժողովրդին, որ քաղաքական մեծ վերափոխումները միանգամից չեն լինում։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնք պետք է ազնվորեն ներկայացվեն ժողովրդին, որպեսզի թյուրիմացություն չառաջանա, մարդիկ փուչ հույսերով չլցվեն, հետո չհուսախաբվեն, անիմաստ չմսխվի հանրային եռանդն ու ոգևորությունը, որն այնքան անհրաժեշտ է առկա և հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար։

Իսկ մեծագույն մեղավորները հեղափոխական արկածախնդիրներն են, որոնք հասկանալով, որ ամեն ինչ ու միանգամից չի լինում, սին հույսեր են ներշնչում, խաղում մարդկային հույզերի վրա, օգտվում մարդկանց քաղաքականապես թերկրթվածության, թերզարգացածության փաստից ու մոլորեցնում նրանց, թաքցնում հանրությունից ճշմարտության մի մասը, ներքաշում այսպես կոչված՝ հեղափոխական գործընթացների մեջ։

Կարճ ասած՝ քաղաքական, գիտական և մշակութային համայնքները պարտավոր են համակարգված աշխատանք տանել հանրությանը քաղաքական գիտելիքներ տալու, աշխարհընկալումն առողջացնելու, ազգային արժեքներ արմատավորելու և ազգային նպատակներ սահմանելու ուղղությամբ։ Հակառակ պարագայում հասարակությունը ստիպված կլինի անցնել պերմանենտ հեղափոխությունների, բախումների, արյունահեղությունների և հուսախաբությունների միջով, փորձով ձեռք բերել գիտելիքն ու ինքնուրույն հասկանալ, որ ամեն ինչ ու միանգամից չի լինում, սուտ է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան