Երևան +25°
copy image url
Ներքին 2 օր առաջ - 18:17 26-06-2024

Թուրքին տոննաներով ջուր էին տալիս, իսկ գյուղացիներին չեն տալիս, որ բերքը ջրեն․ Խաչփարի բնակիչ

Արարատի մարզի Խաչփար գյուղում ջրատարները չեն մաքրում։ Ջրատարները մաքրելու և ոռոգման ջրի մատակարարումը կարգավորելու հարցը բարձրաձայնելու համար Oragir.News ահազանգեց գյուղի բնակիչներից մեկը։ Վերջինս նշեց, որ դա այնքան լուրջ խնդիր է, որ «պատերազմ» է ընթանում գյուղացիների միջև։ Նա նաև հավելեց, որ գյուղացիներից ոչ մեկը պարտք չունի, որ ջրատարները չմաքրեն.

«Մալինաներս չորացել է։ Հարևանիս հետ թշնամի եմ դարձել, մեկի հետ դաշտերում ենք պատերազմի մեջ։ Այս հարցը պետք է լուծեն։ Եթե չէ, գան, նկարեն մեր բերքի վիճակը բերքահավաքի ժամանակ։ Եթե բերք չունենամ, ինչի՞ համար եմ փող տալու, որտեղի՞ց եմ տալու, գյուղացին դրանով է ապրում»։

Նկարագրելով Խաչփարում տիրող մթնոլորտը գյուղացին ասաց․

«Հարևանը՝ հարևանի դեմ թշնամի է դարձել, բարեկամը՝ բարեկամի հետ չի խոսում, ընկերը՝ ընկերոջ հետ լապատկով է խոսում, հո ձևը այդպես չի՞»։

Թե ինչ պատճառաբանությամբ չի մաքրվում ջրատարները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ մի օր ասում են՝ տրակտորն է փչացել, մի օր ասում են՝ փողերը կանխիկ չեք տվել, և այդպիսի այլ պատճառաբանություններ։

«Մալինան եթե ես չջրեմ, կարո՞ղ եմ բերք ստանալ։ Ծիրանը աճելու պրոցեսում է, եթե տակը ջուր չլինի, կա՞ճի։ Եթե իրենց ասածը ճիշտ է, ու պետությունը չի կարողանում հիմա մաքրել, այդ պետությունը չի մտածո՞ւմ, որ ամբողջ ձմեռ այդ դաշտերը չեն օգտագործվում, այդ ընթացքում ինչ կա՝ սարքեն, մաքրեն»։

Գյուղացին նշեց, որ իրենք էլ աշխատուժ, սարքավորուներ և բավարար միջոցներ չունեն սեփական նախաձեռնությամբ ջրատարի մաքրումն իրականացնելու համար։

«Էդ, որ տոննաներով թուրքերին ջուր էին տալիս, հիմա ինչի՞ գյուղացիներին չեն տալիս, որ բերքը ջրեն»,- ասաց գյուղացին։

Գյուղացին նշեց, որ ինքը զանգահարել է Արարատի մարզի ջրային ցանցի պետին այս հարցով։ Գյուղացու նշմամբ՝ իրեն սև ցուցակ են գցել, որ այդ հարցով այլևս չանհանգստացնի իրենց։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Խաչփար գյուղի գյուղապետ Արայիկ Գաբրելյանի հետ, ով ասաց, որ ինքը տեղյակ չէ խնդրից, քանի որ գյուղացիներն իրեն այդ մասին չեն տեղեկացրել։ Նա գյուղացիների բարձրացրած հարցով հետաքրքրվելու փոխարեն, մեզ հորդորոց դիմել «Վեոլիա Ջուր», քանի որ նա է մատակարարում ջուրը, գումարները ստանում, նա էլ սպասարկում է։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Արարատի մարզի ՋՕԸ-ի հետ, սակայն նրանք մեզ տեղեկացրեցին, որ վերոնշյալ գյուղն իրենք չեն սպասարկում, իսկ թե ո՞վ է սպասարկում, նրանք չգիտեին։

Գյուղացիները մտահոգված են, որ ջրատարը չմաքրելու հետևանքով ոռոգման ջուրը չի հասնում այգիներ ու դաշտեր, ինչի արդյունքում բերք կա՛մ շատ քիչ և անորակ, կա՛մ ընդհանրապես չեն ունենա։ Դրանից զատ՝ գյուղում բոլորն իրար հետ թշնամացել են ջրի պակասի պատճառով։

Նշենք, որ գյուղացիների ապրուստի միակ միջոցը բերքն է։ Իսկ թե ով պետք է այս խնդիրը լուծի դեռևս անպատասխան է մնում, քանի որ գյուղապետը խնդրից անտեղյակ է, իսկ պատկան կառույցները ոչինչ չեն ձեռնարկում խնդրի լուծման համար։