Երևան +25°
copy image url
Արտաքին Ներքին Միտք 2 օր առաջ - 18:00 26-06-2024

Սոֆիայի հանդիպման թնջուկը. ինչու Ալիևն Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին հարձակվեց

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո Հայաստանում ժամանակ առ ժամանակ քննարկվում է՝ տեղի ունեցածն իսկապես անխուսափելի՞ էր, թե՞ այնուամենայնիվ ինչ-որ ճանապարհով հնարավոր էր այդ աղետը կախել, և արցախցիները կշարունակեին ապրել իրենց հայրենիքում։ Այս համատեքստում Հայաստանի ընդդիմությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ վերջինիս վարած քաղաքականության, մասնավորապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշման հետևանքով իրադարձությունները նման կերպ զարգացան, իսկ իշխանականներն էլ վստահեցնում են, որ Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմ սանձազերծեց, քանի որ ընդդիմության նախաձեռնությամբ Արցախում իշխանափոխություն իրականացվեց և նոր նախագահ ընտրվեց Սամվել Շահրամանյանը։

Հայաստանի իշխանությունները նաև պնդում են, որ իրենց դիվանագիտական ջանքերի շնորհիվ Ադրբեջանը համաձայնել էր Սոֆիայում հանդիպել և բանակցություններ սկսել Արցախի ներկայացուցիչների հետ, սակայն Ստեփանակերտից այս առաջարկը մերժել են, ինչն էլ իր հերթին լեգիտիմացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան։

Նմանաբովանդակ մի գրառում էլ օրերս կատարել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա արցախահայության իրավունքներից ու երաշխիքներից խոսելու ֆունդամենտալ հնարավորություն էր, Ադրբեջանը 25 տարի անց համաձայնել էր Արցախի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, սակայն Արցախի իշխանությունները ՌԴ իշխանությունների և Արցախի էլիտաների ճնշումների ներքո հրաժարվեցին այս հանդիպումից։ Ըստ գրառման՝ Սոֆիայի հանդիպումը պետք է կայանար հունիսի 19-ին, որից հրաժարվելով, Ստեփանակերտի իշխանությունները, Արցախի դեմ ագրեսիան արդարացնելու խաղաքարտ տվեցին Բաքվին, ինչն էլ վերջինս օգտագործեց ուղիղ 3 ամիս անց՝ սեպտեմբերի 19-ին։

Իոաննիսյանի գրառումից տպավորություն է ստեղծվում, որ Սոֆիայի հանդիպումը չի կայացել բացառապես Արցախի իշխանությունների մեղքով, և եթե վերջիններս համաձայնեին մասնակցել այդ հանդիպմանը ապա առնվազն հնարավոր կլիներ կանխել Արցախի հայաթափումը։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ եթե իսկապես Ադրբեջանը համաձայնել էր Սոֆիայի հանդիպմանը և այն տապալվել է բացառապես Ստեփանակերտի մեղավորությամբ, ապա ինչու ադրբեջանական կողմը սպասեց և միայն 3 ամիս անց՝ սեպտեմբերի 19-ին հարձակում սանձազերծեց, եթե դա կարող էր անել 2023-ի հուլիս-օգոստոս ամիսներին։

Նկատենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին պետք է կայանային Երևանի ավագանու ընտրությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի համար կենսական նշանակություն ունեին, և ՔՊ-ի համար սեփական թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի ընտրությունն այս պաշտոնում գերխնդիր էր դարձել։ 2023-ի հունիսին ոչ պաշտոնապես արդեն մեկնարկել էր նախընտրական քարոզարշավը, և եթե Արցախի հայաթափումն ու բռնազավթումը տեղի ունենար ընտրություններից առաջ, ապա այդ դեպքում ՔՊ-ն հաջողության հասնելու անգամ տեսական հնարավորություն չէր ունենա։

Օրերս Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի ժամանակ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել էր, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարտադրանքով է հրաժարական տվել։ «Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել Հայաստանի իշխանությունների պարտադրանքով, կամ թելադրանքով, և դա ուներ մի նպատակ․ քանի որ պիտի լիներ այն, ինչ որ եղավ սեպտեմբերին, ապա պետք էր նաև, որ Արցախը չունենար իշխանություն»,- նկատել էր՝ համաձայնելով դիտարկման հետ, որ Հարությունյանին Երևանից են պարտադրել հրաժարական տալ։

Հատկանշական է, որ Հարությունյանը հրաժարական տվեց 2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանում, Արցախի նոր նախագահի ընտրությունը կայացավ սեպտեմբերի 9-ին, սակայն դրանից հետո նույնպես Ադրբեջանը հարձակում չգործեց։ Արցախի Հանրապետության դեմ լայամասշտաբ ագրեսիան Ադրբեջանը նախաձեռնեց միայն սեպտեմբերի 19-ին, երբ Երևանի ավագանու ընտրություններն արդեն կայացել էին, որոնցում ՔՊ-ն զբաղեցրել էր առաջին հորիզոնականը, թեև միակուսակցական կառավարում իրականացնելու համար բավարար քվեներ չէր ստացել։

Այսպիսով՝ համադրելով վերոհիշյալ իրողությունները, ինչպես նաև Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությունները, ով այդ օրերին եղել է Ստեփանակերտում էր, ենթադրում ենք, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև եղել է ուղիղ կապ, և հենց Փաշինյանի խնդրանքով Ալիևն առժամանակ հետաձգել է Արցախի դեմ ծրագրած ագրեսիան՝ մինչև Երևանի ավագանու ընտրությունների անցկացումը և դրանցում ՔՊ-ի պայմանական հաղթանակը։ Երբ ընտրություններն արդեն ավարտվել էին, և ՔՊ-ն այլևս կորցնելու ոչինչ չէր, ըստ էության Երևանից Բաքու համապատասխան ուղերձ է փոխանցվել, որից հետո էլ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ի կեսօրին նախահարձակ եղավ։

Բացի այդ, նկատենք՝ չափազանցված են նաև այն պնդումները, որ Ադրբեջանը համաձայնել է Սոֆիայում նախատեսված հանդիպմանը և այն տապալվել է Արցախի իշխանությունների մեղավորությամբ։ Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում նաև նշել էր, որ արցախյան կողմին Սոֆիայում հանդիպելու պաշտոնական առաջարկ չի եղել, եղել են որաշակի խոսակցություններ, որոնց Ստեփանակերտը համաձայնել է, իսկ հետագայում Ադրբեջանը հայտարարել է, որ չունի նման հանդիպման նպատակ ու առհասարակ չի խոսել այդ մասին։

Հետևաբար՝ ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած զարագացումները բազմակողմանի և պատշաճ քննության կարիք ունեն, որպեսզի հանրությունն ի վերջո հասկանա, թե ինչի հետևանքով հայկական երկրորդ հանրապետությունն ամբողջովին հայաթափվեց ու բռնազավթվեց, և արդյոք որևէ տարբերակով հնարավոր էր կանխել տեղի ունեցածը։

Կարծում ենք, որ Հայաստանում նման քննություն կարող է իրականացվել բացառապես իշխանափոխությունից հետո, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուղղակի ներգրավվածություն է ունեցել այդ զարգացումներում, և վերջինս ի զորու չէ պատշաճ քննություն իրականացնել։ Ասվածի վկայությունը Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ ձևավորված ԱԺ 2 քննիչ հանձնաժողովներն են, որոնք պետք է ուսումասիրեին և հանրությանը ներկայացնին 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների հանգամանքները և հայկական կողմի պարտության պատճառները, սակայն հանրությանը դեռևս դրանց ծանոթանալու հնարավորություն չի ընձեռնվել։