Արևմտամետների պասիվությունը լուրջ վտանգներ է ստեղծում
copy image url

Արևմտամետների պասիվությունը լուրջ վտանգներ է ստեղծում

Ներքին 9 ամիս առաջ - 10:00 22-06-2024
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին ՔՊ-ի դիրքորոշումը դեռ հայտնի չէ։ Չնայած՝ հունիսի 21-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ են հրավիրվել, սակայն ՔՊ-ն չի հայտարարել, որ փոխում է արտաքին քաղաքականությունը։ ՔՊ-ն նաև ԵՄ անդամակցության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Չկա նաև ԱԺ որոշում ԵՄ անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Իսկ ի՞նչ իրական բան կա այս ճանապարհին։

Կա 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը ասոցիացման համաձայնագրից էապես տաբերվում է։ Կա նաև Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի հոկտեմբերի 17-ի ելույթը Եվրախորհրդարանում, որտեղ նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Հրապարակային խոսքում նաև ԱԳ նախարարն է ողջունել Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ անդամակցելու ուղին և ընգծել, որ ՀՀ-ն և հայ ժողովուրդն ունեն եվրոպական ձգտումներ։ Առաջընթաց է նաև Հռոմի ստատուտին միանալը և հայ-ադրբեջանական սահմանից ռուսներին դուրս հրավիրելը։ Ու վերջ։

Այս ամենը, սակայն, բավարար չէ ասելու համար, որ ՀՀ-ն սկսել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց։ Հունիսի 21-ի ԱԺ լսումները նախագահող, հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն իր հերթին հանդիմանեց ընդդիմախոսներին, հիշեցնելով, որ հանրաքվե անցկացնելու պահանջը ժամանակավրեպ է։ ՀՀ-ն նախ պիտի դիմի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այդ դիմումից հետո կա սահմանված ընթացակարգ։ ԵՄ համապատասխան հանձնաժողովը իրականացնում է մոնիտորինգ, որի եզրակացության մեջ նշվում է, թե արդյո՞ք երկիրը պատրաստ անդամակցելու Եվրոպական միությանը, թե՞ պետք է իրականացվեն համապատասխան բարեփոխումներ։

Հարկ է նկատել, որ բարեփոխումների հարցում արևմտամետների պասիվությունը վտանգավոր է։ Օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը Երևանում ՔՊ-ի հետ կոալիցիա են կազմել։ Կարո՞ղ են դեսովետիզացիայի մասին նախագիծ բերել ավագանի, առաջարկելով անվանափոխել խորհրդային բռնազավթման շրջանը խորհրդանշող տեղանունները։ Եթե չեն անում, ապա առաջ են գալիս կասկածներ։

Համեմատության համար նշենք, որ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացած մեր երբեմնի բախտակից Մոլդովան իրականացրել է դեսովետիզացիա։ Իսկ ռուսական զորքերը Մոլդովայից դուրս հրավիրելու հարցը հասցրել է նույնիսկ ՄԱԿ։ ՀՀ-ի դեպքում, հավանաբար, նույն խնդիրներն են առաջադրվել։ Սակայն եվրաինտեգրացիայի ջատագով ներկայացող իշխանություններն այս ուղղությամբ ոչինչ չեն անում։ Ավելին՝ 2024-ի մայիսի 9-ին Մոսկվայում հանդիպման ժամանակ ՀՀ պատվիրակությունը չի ցանկացել քննարկել ռուսական զորքերը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից դուրս հրավիրելու հարցը, քանի որ դրանց վերաբերյալ կա հայ- ռուսական պայմանագիր։

Այս հակասական մոտեցումը վտանգներ է պարունակում։ ՀՀ քաղաքացին, որն ուզում է եվրոպացիների նման լավ ապրել, կարող է թյուրիամացաբար եզրակացնել, թե ԵՄ-ն չի ուզում Հայաստանը ներգրավել միության մեջ։ Դրանից կարող են օգտվել ռուսամետ ուժերը, խաղալ ժողովրդի հույզերի վրա ու երկիրը ավելի խորացնել ռուսական ճահճում։ Այս հակասական իրավիճակը վտանգավոր է նաև նրանով, որ ստեղծում է կեղծ պատկեր, թե հնարավոր է անդամակցել ԵՄ-ին, առանց Մոսկվայի ազդեցությունը չեզոքացնելու։ Այս կեղծ պատկերի տպավորությամբ ի հայտ են գալիս երկու լարի վրա խաղալու ջատագովներ, որոնք պակաս վտանգավոր չեն երկրի համար, քան ռուսական գործակալները։

Ժողովրդավարության, մարդու իրավունքների առումով ևս ՀՀ-ն դեռ շատ հեռու է ԵՄ պահանջներից։ Նույնիսկ միջազգային իրավապաշտպան կառույցներն են արձանագրում, որ ՀՀ-ն այս ոլորտում հետընթաց է ապրում։ Եթե ՔՊ-ն ու նրան սատարող գործիչներն ուզում են, որ ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին, ապա կարող են հանդես գալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու նախաձեռնությամբ։ Իշխանությունները կարող են ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների վրա։ Ի վերջո՝ ԵՄ ինտեգրացիայի ճանապարհին շատ կարևոր է ներքին խաղաղությունը։ Եթե նրանց պնդմամբ՝ ընդդիմադիր ցույցերը ուղղորդվում են Մոսկվայի կողմից, ապա ինչու՞ մեկ ռուսական լրտես չբերկակալվեց ու չարտաքսվեց այս տարիներին։ Կամ եթե քաղհալածյալներին ներկայացնում են որպես ռուսական գործակալ, ապա ավելի հեշտ չէ՞ բախտակից երկրների օրինակով լյուստրացիայի մասին օրենք ընդունել և օրենքով սահմանափակել ռուսական ներկա, նախկին գործակալների քաղաքական-պետական պաշտոներ զբաղեցնելու իրավունքները։

Ի վերջո՝ ՔՊ-ական իշխանությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր հիմքերն ունի։ Այդ քայլը ավելի մեծ և իրական նշանակություն կունենա եվրաինտեգրացիայի ճանապարհին, քան ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հանրաքվե նախաձեռնելու մասին հանրային լսումները։

Պարզ ասած՝ խոսքից գործի անցնելու ժամանակն է։ Ու եթե ՔՊ-ն ու նրա կոալիցիոն գործընկերը չակտիվանան, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չգան, այլ զբաղվեն միայն խոսելով, կիսաքայլերով, ապա կստեղծեն նոր վտանգներ, նոր հիասթափություն, նոր պատերազմի վտանգ։

Թաթուլ Մկրտչյան