Ուղիղ եթեր
Խաղաղության պայմանագիր չի լինելու․ Ալիևը պատրաստվում է պատերազմի
copy image url

Խաղաղության պայմանագիր չի լինելու․ Ալիևը պատրաստվում է պատերազմի

Արտաքին Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:30 21-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Չնայած տևական ժամանակ է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, այնուամենայնիվ երկու երկրներին դեռևս չի հաջողվում խաղաղության պայմանագիր ստորագրել՝ հիմնականում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման պատճառով։ Ավելին՝ վերլուծաբաններից շատերը վստահ են, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծել, ինչի շուրջ օրերս մտահոգություն էր հայտնել նաև արտաքին գործերի նախարարությունը։

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում ընդգծել էր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման կարևորությունը։ «Պետքարտուղարն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը։ Նա կրկնել է, որ Միացյալ Նահանգները ցանկացած ձևով հավատարիմ է մնում կողմերի համար շահավետ հետագա ներգրավվածության պահպանմանը»,- հեռախոսազրույցի ընթացքում նշել էր նա:

Հատկանշական է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ խաղաղության պայմանագիր ստորագրելու ձևակերպումը ոգևորել է ՀՀ-ում գործող արևմտամետ շրջանակներին, ովքեր այս օրերին փորձում են ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու օրակարգ գեներացնել և այդ նպատակով խորհրդարանական լսումներ են հրավիրել։ Վերջիններս՝ տարբեր հարթակներով տարածում են վերոհիշյալ հայտարարությունը՝ փորձելով հանրությանը վստահեցնել, թե հավաքական արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, Ադրբեջանին պարտադրում է Հայաստանի հետ անհապաղ խաղաղության պայմանագիր ստորագրել, ինչը տարածաշրջանում տևական խաղաղություն կապահովի։

Իրականում Նիկոլ Փաշինյանի զիջողական քաղաքականության, ինչպես նաև աշխարհաքաղաքական մի շարք իրողությունների բերումով վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքական կշիռն ու ազդեցությունն այնքան է մեծացել, որ արևմուտքն անգամ ցանկության դեպքում այլևս վերջինիս չի կարող պարտադրել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել և զերծ մնալ մեր երկրի դեմ հետագա տարածքային հավակնություններից։ Ադրբեջանի հարցով փորձագետները վերջին տարիներին միաբերան պնդում են, որ Բաքուն հակված չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, որն իր հետագա գործողությունները կկաշկանդի, քանի որ առանց փաստաթղթի ստորագրման էլ վերջինս հասել է և շարունակում է հասնել իր բոլոր պահանջների անվերապահ կատարմանը։

Ընթերցողին հիշեցնենք, որ դեռևս 2023-ի հունվարին՝ Բերձորի միջանցքի շրջափակման սկզբնական փուլում, Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել էր անհապաղ բացել միջանցքը, ինչից հետո նույն շրջանակները պնդում էին, որ Ալիևը հաշված օրերի ընթացքում ստիպված է լինելու կատարել դա։ Ալիևը ոչ միայն Բլինքենի հորդորը, այլ նաև Արդարադատության միջազգային դատարանի 2 վճիռները չկատարեց, որոնք Բաքվից պահանջում էին անհապաղ ապաշրջափակել միջանքը, այլև 2023-ի սեպտեմբերին հարձակում գործեց ավելի քան 9 ամիս շրջափակման տակ գտնվող Արցախի Հանրապետության նկատմամբ և ամբողջովին հայաթափեց այն։

Այսպիսով, հիմք ընդունելով նաև Բերձորի միջանցքի շրջափակման և Արցախի բռնազավթման նախադեպը, մտահոգությամբ պետք է փաստենք, որ Ադրբեջանը ոչ միայն չի նախատեսում Հայաստանի հետ խաղաղության պայամագիր ստորագրել, այլև պատրաստվում է նոր պատերազմ սանձազերծել։ Թշնամին նոր պատերազմը հավանաբար կնախընտրի սանձազերծել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո, իսկ նախքան դա վերջինս արդեն սկսել է քարոզչական դաշտում ակտիվ աշխատել՝ հայկական կողմին մեղադրելով տարածքային հավակնություններ ունենալու մեջ։

Բացի այդ, Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու շուրջ առկա մտահոգություններն էլ ավելի խորացան այն բանից հետո, երբ երեկ հայտնի դարձավ, որ Բլիքենի հետ հեռախոսազրուցից հետո Ադրբեջանի խորհրդարանն ինքնալուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել։ 2020 թվականին Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային նոյեմբերին, սակայն իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության նախաձեռնությամբ գործող խորհրդարանը կրկին լուծարվեց, արտահերթ ընտրություններն անցկացվեցին փետրվարին, իսկ արդեն աշնանը Ալիևը սանփազերծեց 44-օրյա պատերազմը և օկուպացրեց Արցախի շուրջ ¾-ը։

Հետահայաց ամփոփելով՝ պարզ է դառնում, որ Ալիևը դեռևս 2019-ի կեսերից էր պլանավորել Արցախի դեմ 44-օրյա պատերազմը, ուստի 2020-ի արտահերթ ընտրությունները նոյեմբերի փոխարեն կայացան փետրվարին։

Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային 2025-ի փետրվարին, սակայն դրանք տեղի կունենան առաջիկա ամիսներին։ Ադրբեջանի իշխող կուսակցությունը արտահերթ ընտրությունների նշանակում պայմանավորում է այն հանգամանքով, որ 2024-ի նոյեմբերին, երբ լրանում է գործող խորհրդարանի ժամկետն ու պետք է երկրում նախընտրական գործընթաց սկսվի, Բաքվում կայանալու է COP29 գագաթաժողովը, ուստի առավել նախընտրելի է այդ ժամանակ հեռացող խորհրդարանի փոխարեն ունենանալ նորը։ Այս պատճառաբանությունն առնվազն համոզիչ չէ, քանի որ հեռացող խորհրդարանը ոչ մի կերպ չի կարող խանգարել COP29 գագաթաժողովի անցկացմանը, ընդ որում Ադրբեջանի նման ամբողջատիրական կառավարման համակարգ ունեցող երկրում, որտեղ օրենսդիր մարմինը ներքաղաքական պրոցեսների վրա ազդելու էական հնարավորություններ չունի։

Ակնհայտ է, որ այս ամենի ներքո Ալիևի վարչակազմը փորձում է բոլորովին այլ խնդիրներ լուծել, ըստ էության՝ նախապատրաստվել Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմի։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»