Երևան +19°
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 12:35 20-06-2024

Գտիր ցանկապատը․ հանելուկ՝ Փաշինյանից և ԱԱԾ-ից

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի շրջանակներում այցելել էր Ճակատեն համայնք և հանդիպել համայնքի բնակիչների հետ։ Նա նշել էր, որ գյուղ գալու ճանապարհին մտածում էր՝ ինչպես անեն, որ այն զարգանա։

Գյուղացիներից մեկը Նիկոլ Փաշինյանին հայտնել էր, որ արոտավայրերը շատ են, սակայն կենդանիներն անցնում են սահմանն ու հետ չեն գալիս, մարդիկ ստիպված դրանց թիվը կրճատում են։

Ի պատասխան ՝ Նիկոլ Փաշինյանը լուսանկարով ցույց էր տվել, թե Ոսկեպարում ինչպես է լուծվել այդ խնդիրը։
«Եթե բարեհաջող հասնենք այստեղ, սահմանազատենք․․․Ուզում եմ ձեզ ցույց տալ, թե Ոսկեպարի հատվածում ինչ ենք անում։ Սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում։ Կովն այստեղ չի էլ կարողանա հասնել, սահմանապահներ էլ կլինեն, բայց եթե հասնի էլ, չի անցնի սահմանը»,- գյուղացիներին ասել էր Փաշինյանը։

Նշենք՝ սակայն հունիսի 19-ին հրավիրված մամուլի ժամանակ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց՝ խնդրել է, որպեսզի ոսկեպարցիները գնան ու նկարեն Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված՝ Ոսկեպարի, Կիրանցի սահմանի երկայնքով տեղադրված փշալարերով ցանկապատերը։

«Այս պահի դրությամբ չկա։ Խնդրել եմ՝ երկրորդ անգամ ստուգեն հնարավոր բոլոր ծայրերից։ Հունիսի 21-ին գնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են, որոնք մեր անվտանգությունն են ապահովելու։ Այն, ինչ որ ինքը ցույց է տվել, չկա, միգուցե ինչ որ հատվածում մի կտոր է, որ նկարեն ու ասեն՝ այլևս վերջ»,- ասաց նա։

Oragir.News-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ։ Նա նշեց, որ այս պահին արձակուրդում է և մեզ հուզող հարցի համար չի կարող պարզաբանում խնդրել այլ գերատեսչություններից։

«Ես կարող եմ մեկնաբանել այն, ինչ պարոն վարչապետն է ասում։ Եվ այդ նյութերը հրապարակված են։ Ամեն դեպքում, եթե պարոն վարչապետը ինչ-որ բան նշել է՝ ուրեմն դրա իսկությունը հաստատ է»,- ասաց նա։

Oragir.News-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ։ Նա մեզ հորդորեց պատասխանի համար զանգահարել ԱԱԾ կամ գրավոր հարցում ուղարկել։
«Ես չեմ տիրապետում, որովհետև դա ԱԱԾ-ի գործառույթն է»,-ասաց նա։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ վարչապետը ստում է կամ տեղյակ չէ։ Կամ գուցե փշալարերով ցանկապատը տեղադրվել է միայն մի փոքր հատվածում լուսանկարի համար՝ Խաչատրյանը հերքեց․
«Իհարկե ո՛չ»։
Խաչատրյանի պնդմամբ՝ շարքային քաղաքացին իրավունք չունի մոտենալ հենց սահմանագծին։

Oragir.News-ի դիտարկմանը՝ արդյո՞ք փշալարերով ցանկապատերը այնքան փոքր են, որ անտեսանելի են տեղի բնակիչների համար, Խաչատրյանը կրկին հորդորեց զանգահարել ԱԱԾ։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ԱԱԾ մամուլի ծառայություն, սակայն, աշխատակիցը զարմացած հարցրեց, ո՞վ է Կառավարությունից խնդրել՝ պարզաբանում ստանալ ԱԱԾ-ից, ապա փոխանցեց որ կփորձի ճշտել, թե արդյո՞ք ԱԱԾ-ի գործառույթն է այդ հարցին պատասխանելը։
«Ես ուզում եմ հասկանալ, ո՞վ է Կառավարությունից ուղղորդել զանգել ԱԱԾ։ Ինչու՞ պետք է ԱԱԾ-ն այդ հարցին պատասխանի։ Կփորձեմ ճշտել և զանգել»,-ասաց նա։

Ավելի ուշ ԱԱԾ մամուլի ծառայության աշխատակից կապ հաստատեց մեզ հետ և խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

adv_banner

Ամենից շատ դիտված

12:50 Վերին Շորժայում զոհված 20-ամյա Սարգիսը ընտանիքի ավագ որդին էր. հայրը 2 տարի առաջ էր մահացել
12:12 Հրազենային վնասվածքից պայմանագրային զինծառայող է մահացել
22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
15:35 Գարեգին Նժդեհի մետրոյի կայարանից հեռացվել են Սարդարապատի հերոսների նկարները
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
21:09 Չեմ կարողանում տղերքի աչքերին նայել. X զորամասը քանդում են. Աղաբեկ Խաչատրյան
09:50 3 օր տաքանանք, չորանանք ու դիմավորենք հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
14:16 ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի դեմ՝ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար
20:10 Ըստ էության. Ես չեմ գնում Փաշինյանի հետ հեծանիվ քշելու, որ ինքը հասկանա՝ պիտի հրաժարական տա․ Գեղամ Նազարյան
13:45  «Բեսպրիդել» է. փաստաբանը՝ Ավինյանի հայտարարության մասին