copy image url
Ներքին 3 օր առաջ - 09:00 15-06-2024

ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս կգա ընտրություններից հետո

Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման կրկին միջազգային մամուլի առաջին էջերում է։ Առիթն այս անգամ Փաշինյանի ակնարկն է ԱԺ ամբիոնից։ Հունիսի 12-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի արդյունքների քննարկման ժամանակ, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ը լքելու մասին՝ հայտարարելով, թե Հայաստանի նախկին իշխանությունները «ձևավորել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»։ «Դուրս կգանք, դրանով էք վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում…։ Մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Այս հայտարարությունից մի քանի րոպե անց, սակայն, տեղի ունեցավ չլսված բան։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանի հարցին, հերքեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն ունի։

«Հայաստանի Հանրապետության վարչապետն ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, և սա շատ հեշտ ապացուցելի է»,- ասաց Միրզոյանը։

Դրան անիմջապես արձագանքեց Կրեմլի խոսնակն ու ՀԱՊԿ-ն։ «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համապատասխան մեկնաբանությանը. «Փաշինյանը չի ասել, որ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, նա ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք»։ Հետևաբար մենք ելնում ենք նրանից, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ մասնակցության նկատելի նվազմանը, այն շարունակում է մնալ Կազմակերպության լիիրավ անդամ»,- ասված է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարության մեջ։ Իսկ Կրեմլի խոսնակ Պեսկովն էլ իր հերթին, անդրադառնալով թեմային, ասել է. «Մենք կշարունակենք մեր շփումները հայկական կողմի հետ, ակնկալում ենք, որ մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը, գործընկերային բնույթը կգերիշխեն»։

Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո ԱԳ նախարարի, ՀԱՊԿ-ի և Պեսկովի արագ արձագանքները հիմք են տալիս ենթադրելու, որ Փաշինյանի խոսքից անմիմջապես հետո Կրեմլից ուղիղ հեռախոսազանգով փորձել են պարզաբանում ստանալ ՀՀ իշխանությունից՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դու՞րս է գալիս, թե՞ ոչ։ Դրան պատասխանելու համար ՔՊ-ական պատգամավորը հատուկ հարց է տվել ԱԳ նախարարին, որը նույն ԱԺ ամբիոնից հրապարակավ պատասխանել է Մոսկվային ու սրբագրել Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Ուշագրավ է նաև այն, որ Մոսկվան և ՀԱՊԿ-ը հիմք են ընդունել ոչ թե Փաշինյանի ակնարկը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այլ Միրզոյանի պարզաբանումը ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս չգալու վերաբերյալ։

Սովորաբար՝ վերադաս պաշտոնյան է սրբագրում ենթակա պաշտոնյայի սխալը կամ վրիպակը։ Այս դեպքում տեղի ունեցավ հակառակը։ Նախարարը սրբագրեց վարչապետին։ Այսպիսի գործելակերպը բնորոշ է պոպոլիստական գործիչներին։ Նրանց համար սովորական բան են անպատասխանատու հայտարարությունները։ Սա նաև ստեղծում է վտանգավոր նախադեպ, որից օգտվելով, Փաշինյանը կարող է ավելի սկանդալային բաներ ասել, հույսով, որ ենթակաները կսրբագրեն դրանք։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր դեպքերում հնարավոր կլինի տալիս դուրս գալ։ Սկանդալային հայտարարությունը կարող է հանգեցնել պատերազմի, հարաբերությունների խզմանը կամ վերանայմանը, ինչի հետևանքով պետությունն ու ժողովուրդը կարող են չնախատեսված խնդիրների բախվել և կորուստներ կրել։

Հետևաբար՝ իշխանությունները պետք է զերծ մնան անպատասխանատու հայտարարություններից։ Եթե ազգային շահերը ռուսականից վեր են դասում, ապա կարող են նախաձեռնել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց, որպեսզի նվազեցնեն ռուս-ադրբեջանական ագրեսիայի ռիսկերը, ՀՀ-ում իշխանությունների ձևավորման ընթացքի վրա նվազագույնի հասցնեն ռուսական միջամտությունը։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի համար Մոսկվային տված խոստումներն ավելի թանկ են, ապա իմաստ չունի սկանդալային ակնարկներ անել, հետո նախարարին հանձնարարել՝ սրբագրել դրանք։

Իսկ եթե ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն ազնիվ լինեն, ապա կարող են աշխարհին ու ժողովրդին պարզ ասեն, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից ամենաշուտը կարող է դուրս գալ ԱԺ գալիք ընտրություններից հետո։ Իսկ ժողովուրդն ու աշխարհն էլ ողջամտորեն կարող են կանխատեսել, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե ընտրություններում Կրեմլի հավատարիմ ու հուսալի դաշնակից Նիկոլ Փաշինյանը պարտվի, և իշխանությունն անցնի անկախության և ժողովրդավարության ջատագով ուժերին։ Այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի ակնարկները ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին սովորական պոպուլիզմ են։

Թաթուլ Մկրտչյան