Ուղիղ եթեր
Սիրուց ատելություն․ Փաշինյան-Լուկաշենկո հարաբերությունների ելևէջները
copy image url

Սիրուց ատելություն․ Փաշինյան-Լուկաշենկո հարաբերությունների ելևէջները

Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:30 14-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը և Հայաստանից որևէ այլ պաշտոնյա չեն այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Փաշինյանին վրդովվեցրել էին մայիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հնչեցրած այն հայտարարություններից, որոնցում նա Արցախյան 44-օրյա պատերազմն անվանել էր «ազատագրական»՝ խոստովանելով, որ իր երկիրը ներգրավված է եղել դրա նախապատրաստմանը, իսկ հետագայում արդեն ուրախացել Բաքվի հաղթանակով։

2018 թվականից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը, Բելառուսի առաջնորդի հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չէին ընթանում, Լուկաշենկոն պարբերաբար սկանդալային հայտարարություններով էր հանդես գալիս, որոնց պաշտոնական Երևանը հակադարձում էր, և երկկողմ հարաբերություններում որոշակի լարվածություն էր նկատվում։

Դեռևս 2018-ի նոյեմբերին Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, եւ դա շատ մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար։ «Սակայն դա չի նշանակում, որ մենք ճնշել ենք Հայաստանին, որ ինչ-որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել: Փաշինյանը պետք է կառավարությունում պարզապես հասկանա իրավիճակը: Արդյո՞ք կկարողանա Հայաստանը», - ասել էր Լուկաշենկոն, որի հայտարարությունները պաշտոնական Երևանը որակել էր ոչ կոռեկտ և ընդգծել՝ ՀԱՊԿ-ի ներսում կան խնդիրներ, որոնք հարակավոր է շտկել։

Այս սկանդալից հետո Փաշինյանը հայտարարեց, որ բացատրություններ է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գլխավոր քարուղարի նշանակման հարցում նրա արած հայտարարության կապակցությամբ, պնդել, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ։ Փաշինյանին բավականին կոշտ հակազդել էր պաշտոնական Մինսկը՝ պնդելով, որ «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման թնջուկը էլ ավելի խորացրեց հայ-բելառուսական հարաբերություններում առկա լարվածության միտումները, երբ 2018-ի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել էր կառույցի ներսում առկա խնդիրների մասին՝ նշելով, որ այդ պաշտոնում կարող է հավերժ Բելառուսի ներկայացուցիչը լինել։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը սառցասարի գագաթն է: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- հայտարարել էր նա։

2019-2020 թվականներին Երևան-Մինսկ հարաբերություններում որոշակի ջերմացում նկատվեց․ նախ 2019-ի հունվարի 14-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը Լուկաշենկոն բավականին ջերմ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ վստահություն հայտնելով, որ այդ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա և կնպաստի 2 ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, իսկ արդեն 2020-ի օգոստոսի 9-ին Փաշինյանը շնորհավորեց իր բելառուս գործընկերոջը՝ այդ երկրի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Ընթերցողների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ ի տարբերություն Հայաստանի՝ Բելառուսում կայացած ընտրությունները բավականին վիճահարույց էին, այդ երկրում դրանց արդյունքների դեմ բողոքի ակցիաներ էին ընթանում, իսկ Արևմուտքը հրաժարվում էր ճանաչել դրանք։

Հայ-բելառուսական հարաբերությունները կրկին լարվեցին 44-օրյա պատերազմից հետո, երբ պնդումներ էին հնչում, որ Բելառուսը ռազմական գործողությունների օրերին Ադրբեջանին սպառազինություն է մատակարարել։ 2020 թվականի հոկտեմբեր 4-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ իր երկիրը վեց ամիս զենք չի մատակարարել Ադրբեջանին եւ Հայաստանին, սակայն ռազմական փորձագետները հակառակն էին պնդում՝ մատնացույց անելով, որ ռազմական գործողությունների օրերին Ադրբեջանը հայկական ուժերի դեմ կիրառել է բելառուսական արտադրության «Պոլոնեզ» զենիթահրթիռային համակարգերը։

2022-ի փետրվարին Լուկաշենկոն հանդես եկավ հերթական սկանդալային հայտարարությամբ՝ պնդելով՝ «Հայաստանը ոչ մեկին պետք չէ, նրանք գնալու տեղ չունեն»։ Բելառուսի նախագահը համոզմունք էր հայտնել, որ առաջիկա 15 տարիներին ռուս-բելառուսական միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը, այդ թվում Հայաստանը։

Լուկաշենկոյի այս հայտարարությանն արձագանքեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պնդելով, որ Բելառուսի նախագահի ձևակերպումները «ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ որեւէ առնչություն չունեն»: «Ալեքսանդր Գրիգորեւիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ մեր երկրում: Մեր խորին համոզմամբ՝ այդ ձեւակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը»,- պնդել էր Միրզոյանը։

2023-ի հունիսի 1-ին Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա կապակցությամբ բավականին ջերմ շնորհավորանք հղեց՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանը հաջողությամբ կդիմանա մարտահրավերներին։ «Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը կօգնեն հաջողությամբ դիմակայել Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել բոլոր նպատակներին՝ ի շահ հայ ժողովրդի»,- պնդել էր Լուկաշենկոն։

2023 թվականի հունիսի 8-ին Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին»։ Լուկաշենկոն նշել էր, որ աջակցում է Փաշինյանին՝ համոզմունք հայտնելով, որ «Փաշինյանի վրա բավականին մեծ պատասխանատվություն է ընկել»։ Արդեն հունիսի 20-ին Լուկաշենկոն ՀԱՊԿ-ից Հայաստանի ունեցած պահանջները «արդարացված» էր որակել։

2024 թվականի հունիսի 1-ին նույնպես Լուկաշենկոն Հայաստանի վարչապետին բավականին ջերմ էր շնորհավորել, նրան անվանել փորձառու քաղաքական գործիչ։

«Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջ առողջություն և ուժ՝ ձեր ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը կատարելու գործում։ Դուք փորձառու քաղաքական գործիչ եք և Ձեր երկարամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է։ Եվ այն մեզ միշտ անսխալ ցույց է տվել մերձեցման և համագործակցության ուղին։ Եթե գնանք այս ուղով, եթե հետևենք մեր փառապանծ նախնիների դարավոր ավանդույթներին, ապա միասին կարող ենք շատ ավելիին հասնել։ Արդեն զգալի հիմքեր են ստեղծվել»,- իր շնորհավորական ուղերձում նշել էր Լուկաշենկոն։

Այսպիսով, ամփոփելով Նիկոլ Փաշինյան-Ալեքսանդր Լուկաշենկո հարաբերությունների ելևէջները՝ տեսնում ենք դրանցում հաճախ են «փոխհրաձգություններ» եղել, սակայն եղել են նաև դրվագներ, երբ երկու առաջնոդների շփումները բավականին ջերմ են եղել, և նրանք աջակցել են միմյանց։ Սիրուց դեպի ատելություն․ այլ կերպ հենց այսպես կարող ենք բնորոշել Փաշինյանի և Լուկաշենկոյի հարաբերություննները, որոնք այս շրջանում ընթանում են դեպի ատելություն, սակայն չենք բացառում, որ առաջիկայում կրկին ականատես կլինենք վերջիններիս սիրո դրսևորումներին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»