Ավելի քան 2 տարի է, ինչ շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, որի հանգուցալուծումը տևական ժամանակ չէր նշմարվում։ Մինչ պաշտոնական Կիևը հայտարարում էր, որ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր է բացառպես 1991 թվականի սահմաններով երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու դեպքում, Մոսկվայի համար նման սցենարն անընդունելի է, և վերջինս կտրականապես բացառում է Ուկրաինային տարածքներ վերադարձնելու սցենարը, որոնց մի մասը 2022-ի աշնանը կայացած հանրաքվեներով միացրել է իր տարածքին։
1991 թվականի դրությամբ Ուկրաինայի վերահսկողության տակ էր գտնվում ողջ Ղրիմը, Դոնբասը, որոնցից առաջինը և երկրորդի մի մասը ՌԴ-ն գրավել էր դեռևս 2014 թվականին, իսկ արդեն 2022-ի փետրվարից մեկնարկած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ուժերի վերահսկողության տակ անցան Դոնբասի մյուս մասը, ինչպես նաև հարակից Խերսոնի և Զապորոժիեի շրջանների զգալի բնակավայրեր։ Վերջին շրջանում ռուսական ուժերը որոշակի առաջխաղացում են ունեցել Խարկովի մարզի ուղղությամբ, չնայած այն բանին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթներ առաջ վստահեցրեց, թե իրենց նպատակն այս փուլում ոչ թե Խարկովը գրավելն է, այլ բուֆերային գոտու ստեղծումը, ինչը ուկրաինական ուժերին այլևս թույլ չի տա Ռուսաստանի տարածքին հարվածելը։
Խարկովի ուղղությամբ ռուսական ուժերի հաջողություններն անգամ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին են ստիպել քննարկումներ սկսել ռազմական գործողությունները ռուսական պայմաններով դադարեցնելու շուրջ, ինչից Կիևի իշխանությունները կտրականապես հրաժարվում են։ Այս ամենին գումարվում է Ուկրաինային տրամադրվող ռազմական և ֆինանսական աջակցության տեմպերի դադաղումը, ինչն էլ ավելի է բարդացնում ռազմաճակատում տիրող իրավիճակը։
Մայիսի 21-ի գիշերը ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, սակայն երկրում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Կիևը հրաժարվեց նախագահական ընտրությունների անցկացումից, և Զելենսկին առ այսօր շարունակում է պաշտոնավարել։ «
Իմ`որպես նախագահի, 5 տարին դեռ չի ավարտվել: Ռազմական դրության պատճառով դրանք շարունակվում են»,- օրերս ասել էր Զելենսկին՝ Reuters-ին տված հարցազրույցում։
Հատկանշական է, որ Զելենսկու հետագա պաշտոնավարումը քննարկումների և բանավեճերի պատճառ է դարձել առ այն, որ վերջինս այլևս Ուկրաինայի լեգիտիմ առաջնորդը չէ։ Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր նման հայտարարությամբ հանդես եկել՝ պնդելով, որ Զելենսկու լեգիտիմությունն այլևս ավարտվել է, և եթե խաղաղության փաստաթղթեր ստորագրվեն, Ռուսաստանը պետք է համոզված լինի, որ գործ ունի Ուկրաինայի օրինական իշխանությունների հետ։
ՌԴ առաջնորդը նաև նշել էր, որ ներկայումս Ուկրաինայի միակ լեգիտիմ իշխանությունը Գերագույն ռադան է և նրա խոսնակը։ Այս հայտարարությանն անմիջապես հակադարձեց Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը՝ նշելով, որ Վլադիմիր Զելենսկին կշարունակի մնալ Ուկրաինայի նախագահը՝ մինչև ռազմական դրության ավարտը։
«Հետաքրքրասեր ընթերցողներին խորհուրդ կտայի ոչ ընտրովի յուրացնել մեր Սահմանադրության տեքստը եւ ուշադրություն դարձնել 108-րդ հոդվածի 1-ին մասի վրա․ «Ուկրաինայի նախագահն իր լիազորություններն կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի նորընտիր նախագահը չի ստանձնել պաշտոնը»։ Ժողովրդավարական հասարակություններում դա կոչվում է իշխանության շարունակականություն։ Բայց այդ «շարունակականությունը» ոչ թե ռուսական իմաստով է (ինչպես «հավերժություն»), այլ նորմալ, ժողովրդավարական եւ անվտանգ իմաստով։ Ուստի Վլադիմիր Զելենսկին կմնա Ուկրաինայի նախագահը մինչեւ ռազմական դրության ավարտը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուսլան Ստեֆանչուկը։
Չնայած միջազգային պրակտիկայում ընդունված է, որ ռազմական գործողությունների ժամանակ ընտրություններ չեն անցկացվում, այնուամենայնիվ կան մի շարք երկրներ, որոնք անգամ նման իրավիճակներում ընտրական գործընթացներից չեն հրաժարվել։
Ռազմական գործողությունների ժամանակ կայացած ընտրությունների ժամանակ ընտրված առաջնորդները օժտվում են յուրօրինակ լեգիտիմությամբ և ժողովրդականությամբ, որոնք վերջիններս հետագայում կարողանում են խաղարկել բանակցային գործընթացներում՝ ի շահ իրենց երկրների և ժողովուրդների։
Ինչ վերաբերում է Զելենսկուն, ապա թեև նախագահական ընտրությունների հետաձգմամբ վերջինս այլևս չունի այն լեգիտիմությունը, որն ուներ նախքան իր պաշտոնավարման 5-ամյա ժամկետի ավարտը, սակայն միևնույն ժամանակ սխալ կլինի նաև վերջինիս ոչ լեգիտիմ առաջնորդ համարելը։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս իրողությունը բացասաբար կազդի հակամարտության կարգավորման վրա, քանի որ այսուհետ Ուկրաինային ավելի հեշտ կլինի լուծումներ պարտադրելը, որից Զելենսկին հրաժարվում էր՝ հղում անելով իր լեգիտիմությանը։
Ուկրաինական հակամարտության հանգուցալուծման ամենաիրատեսական սցենարը ենթադրում է, որ Կիևը պետք է համակերպվի արդեն իսկ կորցրած տարածքների հետ և բանակցություններ վարի ռազմական գործողություններն այս պահի դրությամբ առկա իրավիճակով դադարեցնելու շուրջ։ Ռազմական գործողությունների հետագա ընթացքը չի բխում Ուկրաինայի շահերից, քանի որ վերջինս նախորդ ամիսներին զգալի տարածքային կորուստներ է ունեցել, իսկ ռուսական կողմը կարող է էլ ավելի ընդլայնել իր հաջողությունները, գրավել Խարկովի ողջ մարզը՝ հեռահար նպատակ ունենալով գրավել նաև Օդեսան և Ուկրաինան կտրել ծովից, ինչի մասին Մոսկվայում մի քանի անգամ հայտարարել են։
Ռուսական կողմը դեմ չէ նման կարգավորմանը, ինչը բազմիցս ակնարկել է՝ տարբեր պաշտոնյաների և փորձագետների շուրթերով։ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները նույնպես դեպ չեն նման հանգուցալուծմանը, պարզապես վերջիններս ցանկանում են դրդել Կիևին, որպեսզի վերջինս անձամբ գա այն եզրահանգմանը, որ ռազմական գործողությունների հետագա շարունակությունը չի բխում իր շահերից և անհրաժեշտ է ՌԴ-ի հետ հաշտություն կնքել։ Նման հանգուցալուծման դեպքում խնդրահարույց է մնալու միայն Ուկրաինայի հետագա կարգավիճակի հարցը, մասնավորապես ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը, սակայն այն նույնպես հնարավոր կլինի լուծել, քանզի ռազմական դաշինքի անդամները կարծես թե չեն շտապում Կիևին իրենց շարքերն ընդունել ու սրել հարաբերությունները Մոսկվայի հետ։
Կարծում ենք, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը վերջնական հանգուցալուծում կստանա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո․ եթե դրանցում հաղթի նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը, ում շանսերն անհամեմատ ավելի բարձր են գնահատվում, վերջինս ինչպես մի քանի անգամ խոստացել է, էլ ավելի կկրաճատի Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։
Բնականաբար ԱՄՆ-ին զուգահեռ ռազմական աջակցությունը կկրճատեն նաև եվրոպական երկրները, ինչը Զելենսկու կաբինետին կստիպի ՌԴ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, ինչից վերջինս առ այսօր կտրականապես հրաժարվում է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով առաջիկա ընտրություններին նույնպես մտադիր է մասնակցել, բազմիցս հայտարարել է, որ եթե ինքը վերադառնա Սպիտակ տուն ուկրաինական պատերազմը 24 ժամում կդադարեցնի։
Դավիթ Գույումջյան