Սրբազան շարժումը մարում է, մարում է, մարում է։ Այս «աղոթքը» մրմնջալով է առավոտյան արթնանում շարքային ՔՊ-ականը, հուսալով, որ այսօր Բագրատ Սրբազանը կհայտարարի տևական դադարի, ուժ համաքելու, մարտավարությունը վերանայելու մասին ու ժողովրդին կուղարկի տուն՝ թեյ խմելու։ Բայց լուսաբացից մի քանի ժամ անց եթերը լցվում է ցույցերի, ելույթների մասին լուրերով։ Բագրատ Սրբազանի ձայնը լրատվականների առաջին էջերում է։ Նրա առաջնորդած շարժումը բոլորի աչքի առաջ թափ է հավաքում, նպատակասլաց դառնում։ Իսկ ՔՊ-ականն ընկճվում է, իրեն զգում լքված Նրա կողմից, ում ուղղված էր «աղոթքը»։
ՔՊ-ականը գալիս է աշխատանքի, շրջանցելով ցուցարարների կողմից փակված փողոցները։ Աշխատակիցների հետ քննարկման հիմնական թեման ոչ թե աշխատանքային հարցերն են, այլ փողոցում ծավալվող ժողովրդական շարժումը, որը պարբերաբար հայտնվում է ՔՊ-ականի աշխատավայրի պատուհանի տակ։ Հազարավոր ոստիկաններ են հավաքվում, սակայն ցուցարարներին չեն ցրում։ ՔՊ-ականի նյարդերը տեղի են տալիս ցուցարարների բարձրացրած աղմուկից։
Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի ցրում ցույցերը, չի կալանավորում շարժման առաջնորդներին, ինչո՞ւ հարյուրավոր մարդկանց չի ձերբակալում։ Այս հարցերի պատասխանները չգտնելու պատճառով եռում է ՔՊ-ականի գլուխը։ Ու նա ընկնում է դեպրեսիվ կասկածների մեջ։
Աշխատանքն ավարտելուց հետո ՔՊ-ականը չի կարողանում տուն գնալ։ Փորձում է երեկոն անցկացնել փորձառու ՔՊ-ական ընկերոջ հետ, որպեսզի պարզի իրեն բզկտող հարցերի պատասխանների գոնե մի մասը։ Բայց փորձառու ընկերոջ փոխանցած սուղ տեղեկատվությունը, քաղաքական վերլուծությունն ու վարկածները ավելի են խճճում խեղճին։ Նրա կասկածները չեն փարատվում, այլ ավելի են խորանում ու ընդլայնվում։ Նա ընկնում է հուսահատության մեջ։ Մտքերը նրան տանում են կուսակցությունից հեռու։
Միջին վիճակագրական ՔՊ-ականի այս իրական ողբերգության խտացված նկարագիրը պատկերավոր ցույց է տալիս, թե ինչ ծանր հոգեվիճակում ու մտքերի մեջ են ապրում այսօր ՔՊ անդամները։ Նյարդային պրկված այս իրավիճակը, բնականաբար, երկար չի կարող ձգվել։
Հայտնի է, որ ՔՊ-ականները չունեն գաղափարախոսություն, սկզբունքներ, արժեքներ։ Նրանց մի մասին միավորում է զուտ փողն ու իշխանությունը։ Պատեհապաշտները մեծ թիվ են կազմում և ճնշում ազնիվ մարդկանց։ ՔՊ-ականների շարքերում կան նաև ողջամիտ մարդիկ։
Ազնիվ ու ողջամիտ մարդիկ, ինչպես նաև իրենց պարզ հարցերին պատասխան չստացող ու ընկճվող ՔՊ-ականները, տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում երկիրն այս ծանր իրավիճակից դուրս բերելու ուղղությամբ, եզրակացնում են, որ նա մտադիր է հրաժարական տալ, իշխանությունը զիջել Բագրատ Սրբազանին, իսկ իրենք դառնալու են քավության նոխազ։ Այս հեռանկարը ստիպում է շարքային ՔՊ-ականին քայլ անել։
Դրանից զատ՝ ՔՊ-ի ներսում կան խմբային շահեր և հակասություններ։ Շատերը վիրավորված են Փաշինյանի անմարդկային, հակաժողովրդական վերաբերմունքից։ Անկախության, ժողովրդավարության ամրացման ուղղությամբ ՔՊ-ականների առաջարկներն ու նախաձեռնությունները խեղդվում են օրորոցում և օրակարգ չեն մտնում։ Հայաստանի եվրաինտեգրացիայի, ռուսական ազդեցությունից ազատվելու ուղղությամբ անգործությունը ևս հիասթափեցնում է շատերին։ Այս ամենին մնում էր մի փոքր ցնցում, որ ՔՊ-ականներ մի մասը դուրս գա կուսակցությունից, անցնի ժողովրդի կողմը և ազատվի Փաշինյանի սխալների համար հավաքական պատասխանատվությունից։ Ժողովրդական շարժումը հանդիսացավ այդ սոցիալական ցնցումը։
Ենթադրելի է, որ ամռան ամիսներին շարժումը կծավալվի թիրախային պահանջների շուրջ։ Այդ ժամանակ ՔՊ-ից դուրս կգան անկախության և ժողովրդավարության ջատագովները, եվրաինտեգրացիայի կողմնակիցները, ռուսական կախվածությունը չհանդուրժողները, ազգային ինքնասիրություն ունեցողները, Փաշինյանի ստերից հոգնածներն ու քավության նոխազ դառնալ չցանկացողները և, պարզապես՝ խճճված շարքայիններն ու ազնիվ, ողջամիտ մարդիկ։
Դուրս եկողների մի մասը ուղիղ գնալու է տուն։ Իսկ նրանք, որոնք նախընթաց տարիներին ձեռք են բերել քաղաքական փորձառություն, որոնց արյան մեջ եռում է քաղաքականությունը, ձևավորելու են նոր քաղաքական նախաձեռնություններ և կազմակերպված միանալու են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, մարմին տալով հաշտության օրակարգին։
Պարզ ասած՝ առաջիկա ամիսներին ականատես ենք լինելու իշխանության կուսակցության սպասված տրոհմանը։ Դրան կհաջորդի արդեն ճգնաժամը ՔՊ խմբակցությունում, ՔՊ որոշ պատգամավորներ կանցնեն ժողովրդի կողմը։ Եվ աշնանային նստաշրջանում արդեն հնարավոր կլինի լուծել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը։
Թաթուլ Մկրտչյան