Ներքին 4 ամիս առաջ - 09:00 14-06-2026

«Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի քաղաքապետարանի բյուջետային միջոցների ծախսման թափանցիկությունը հերթական անգամ լուրջ հարցադրումների տեղիք է տալիս։ Խոսքը մայրաքաղաքում կազմակերպված Լարա Ֆաբիանի համերգի կազմակերպչին համայնքային բյուջեից փոխանցված միլիոնների և պաշտոնական փաստաթղթերում առկա աղաղակող անհամապատասխանությունների մասին է։

Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետի պաշտոնական կարգադրությունը և համադրելով այն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների հետ՝ ի հայտ են գալիս միմյանց հակասող փաստեր։

Քաղաքապետի կարգադրության տեքստում նշված է, որ 10 միլիոն դրամը հատկացվում է «աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանի համերգային ծրագրի իրականացման համար»։


Պաշտոնական, առավել ևս ֆինանսական գրագրությանը բնորոշ չէ գովազդային կամ գեղարվեստական ածականների օգտագործումը։ Փաստաթղթերում սովորաբար բացակայում են էմոցիոնալ բառերը։ «Աշխարհահռչակ» եզրի կիրառությունը հուշում է համայնքային միջոցների հատկացումը հանրության աչքերում արդարացնելու պրիմիտիվ փորձի մասին։

Կարգադրության առաջին կետում որպես գումար ստացող հստակ նշված է «ԻՎԵՆՏՊՐՈ» ՍՊԸ-ն։ Սակայն պետական ռեգիստրի պաշտոնական տվյալների համաձայն՝ այդպիսի անվամբ ընկերություն գոյություն չունի. գրանցված է «ՎԵՆՏՊՐՈ» ՍՊԸ-ն։



Նկատենք, որ բյուջետային հատկացումների մասին իրավական ակտերում ընկերության անվան անճշտությունը կամ տառասխալը լուրջ վարչական խախտում է համարվում։ Թե ինչպե՞ս է կնքվել դրամաշնորհի պայմանագիրը, և ո՞ր ընկերության բանկային հաշվեհամարին է փոխանցվել 10 միլիոն դրամը, եթե կարգադրության մեջ նշված իրավաբանական անձը գոյություն չունի, անհայտ է։

Պետական ռեգիստրի տվյալները փաստում են, որ «ՎԵՆՏՊՐՈ» ՍՊԸ-ն հիմնադրվել է ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025 թվականի հունիսի 18-ին։ Ուշագրավ է նաև ընկերության իրավաբանական հասցեն՝ ք. Երևան, Կենտրոն, Դեմիրճյան փ., շ. 33, բն. 40։

Առնվազն տարօրինակ է և կասկածելի, որ մայրաքաղաքի իշխանությունները միջազգային մասշտաբի մշակութային միջոցառման իրականացումը վստահել են սովորական բնակելի շենքի բնակարանում գրանցված, սեփական գրասենյակ չունեցող մի ընկերության։ Նման գործելաոճը հատուկ է այն կառույցներին, որոնք ստեղծվում են բացառապես պետական գնումներին մասնակցելու կամ բյուջետային միջոցներ «կլանելու» նպատակով։

Լարա Ֆաբիանի համերգի շուրջ ստեղծված այս պատմությունը, ցավոք, բացառություն չէ: Սա առաջին դեպքը չէ, երբ Տիգրան Ավինյանի որոշումներով համայնքային բյուջեից խոշոր գումարներ են դուրս գրվում տարբեր կասկածելի, նորաստեղծ կազմակերպությունների: Եվ մինչ երևանցիները բախվում են տրանսպորտային համակարգի, կոմունալ ենթակառուցվածքների և բազմաբնակարան շենքերի խնդիրներին, քաղաքային իշխանությունները նախընտրում են միլիոններ շնորհել բնակարաններում գրանցված ՍՊԸ-ներին՝ «աշխարհահռչակ» ձևակերպումների քողի տակ:


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին