Ուղիղ եթեր
«Նախկինների թալանը» և «Փաշինյանի Հայաստանը»․ Թուրքիայում կրկին գովաբանում են Փաշինյանին
copy image url

«Նախկինների թալանը» և «Փաշինյանի Հայաստանը»․ Թուրքիայում կրկին գովաբանում են Փաշինյանին

Արտաքին Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:30 31-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած համաժողովրդական շարժումը, որի հիմքում դրվել է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական իշխանության հեռացման պահանջը, անհանգստացնում է ոչ միայն վերջիններիս, այլև Թուրքիային և Ադրբեջանին։ Այս երկրներում ուշի ուշով հետևում են մեր երկրում վերջին շաբաթներին ծավալվող զարգացումներին, դրանց վերաբերյալ պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակներով գնահատականներ տալիս և այլն։

Դեռևս մայիսի 9-ին կայացած մեծ հանրահավաքից հետո գրել էինք, որ Թուրքիայում և Ադրբեջանում մտահոգված են, որ ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն իրենց համար որոշակի ռիսկեր են պարունակում։ Անկարայում և Բաքվում կարծում են, որ Հայաստանում «ռևանշիստների իշխանության գալը կարող է խաթարել ծրագրված երկխոսությունը և խաղաղության գործընթացը», ուստի վերջիններս չեն բացառում, որ իրավիճակի լարման դեպքում հնարավոր է, ստիպված լինեն Հայաստան զորքեր մտցնեն՝ «կարգուկանոն հաստատելու նպատակով»։

Այսօր թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի սյունակագիր Սերթաչ Էշն իր սյունակում «Փաշինյանի Հայաստանը» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում վերջինս անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, մտահոգություններ հայտնել այս օրերին ծավալվող շարժման կապակցությամբ, ինչպես նաև գովաբանել Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքական գիծը։ Նկատենք, որ այս հոդվածում նույնպես թուրք հոդվածագիրը ներառել է այն քարոզչական թեզերը, որոնք այս օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։

«Հրաժարվենք երևակայական Հայաստանից, ճանաչենք մեր ներկայիս սահմանները և խաղաղությամբ պաշտպանենք դրանք»,- իր հրապարակումը Նիկոլ Փաշինայնի այս հայտարարությամբ է սկսել Սերթաչ Էշը՝ նշելով, որ հնարավոր չէ այս խոսքերի նկատմամբ անտարբեր մնալ, երբ դրանք հնչում են Հայաստանի վարչապետի կողմից։

Հեղինակը նշել է, որ Հայաստանի սահմանադրությունը ներկայիս Թուրքիայի արևելյան շրջանները հռչակել է որպես «օկուպացված Արևմտյան Հայաստան»։ Վերջինս հենց այս հանգամանքով է պայմանավորում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առ այսօր դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, իսկ սահմանները շարունակում են փակ մնալ։

Սյունակագիրը Նիկոլ Փաշինյանի բառամթերքով քննադատել է Հայաստանի նախկին իշխանություններին՝ պնդելով՝ Հայաստանը տասնամյակներ շարունակ ղեկավարվել է «ղարաբաղյան կլան»-ի կողմից։ Նրա համոզմամբ՝ Քոչարյանների և Սարգսյանների (նկատի ունի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին-խմբ․) ընտանիքները, որոնք երկար ժամանակ կառավարում էին Հայաստանը, 30 տարի շարունակ բավականին սուղ ռեսուրսներ ունեցող հայ ժողովրդին «շեղել են Ղարաբաղով, իսկ այժմ երկիրը սեփական ռեսուրներով պատերազմ վարելու հնարավորություն չունի»։

Սերթաչ Էշը կրկնել է նաև Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե, իբր Արցախի հիմնախնդիրը մի շարք քաղաքական գործիչների կողմից օգտագործվել է՝ հարստանալու նպատակով։ Նա այս համատեքստում հիշեցրել է, որ ներկայումս օրակարգում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի բռնագրավման հարցը։

Սյունակագիրը բարձր է գնահատել, որ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությամբ փոխել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որն այժմ հստակեցնում է Ադրբեջանի հետ իր սահմանները։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանի բնակչությունը դժգոհություններ ունի, որ Տավուշի 4 գյուղերը հանձնվել են Ադրբեջանին, իսկ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այս որոշման դեմ բողոքի ակցիաներ է կազմակերպել։ «Չկարողնալով բողոքի ակցիաների միջոցով թափ հավաքել՝ նա հայտարարել է, որ առաջադրվելու է նաեւ վարչապետի պաշտոնում»,- պնդել է Էշը՝ փաստացի կրկնելով ՔՊ-ականների այն թեզը, թե, իբր շարժումն օրեցօր մարում է։

Բացի այդ, վերջինս կարևորել է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Հայաստանի վարչապետը՝ մասնավորապես Փաշինյանը, անվտանգության և տնտեսությունը զարգացնելու վրա ժամանակ ծախսելու հնարավորություն է փնտրում միջազգայինորեն ճանաչված սահմանների միջոցով։ Նա շեշտել է, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է կղերական ու ֆեոդալական կրթական համակարգին՝ շեշտելով, որ այս հարցում վերջինիս մոտեցումները բավականին նման են Թուրքիայի օրակարգին։

Հոդվածն ամփոփելով՝ թուրք հեղինակը համոզմունք է հայտնել, որ Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային ներկայումս խաղաղություն է անհրաժեշտ՝ միևնույն ժամանակ հավելել՝ նաև բանականություն և գիտություն։

Այսպիսով՝ այս հոդվածի օրինակով հերթական անգամ համոզվում ենք, որ թուրքական և ադրբեջանական ողջ մամուլը լծված է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պաշտպանելու և Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը թիրախավորելու գործին։ Թուրք հեղինակն իր ողջ հոդվածում կրկնում է Փաշինյանի և իր թիմակիցների թեզերը՝ քննադատելով Հայաստանի նախկին իշխանություններին, խոսելով այսպես կոչված թալանի մասին և բարձր գնահատելով Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունը։

Այս ամենը համադրելով՝ հերթական անգամ գալիս ենք այն ցավալի եզրահանգմանը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի անվերապահ աջակցությունը, ինչն էլ ավելի է մեծացնում նրա հեռացման անհրաժեշտությունը։

Հավելենք՝ վերոհիշյալ հոդվածը, որը թուրքական մամուլում ամենևին էլ եզակի չէ, հրապարակվել է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականում, որը պատկանում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությանը, և այս քաղաքական ուժը մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ էր տարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսկցության նկատմամբ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»