Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:31 30-05-2024

Հինգ սովորող կներկայացնի Հայաստանը Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում ներկա է եղել «Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադա 2024-ի» մրցանակաբաշխությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառման ընթացքում պարգևատրվել են 15 մրցանակակիրները և հայտարարվել են այն 5 աշակերտների անունները, որոնք ստացել են հնարավորություն՝ ներկայացնելու Հայաստանը տնտեսագիտական օլիմպիադայի միջազգային փուլում, որը կկայանա սեպտեմբերի սկզբին Հունաստանում:

Ըստ աղբյուրի՝ օլիմպիադան անցկացվել է ավագ դպրոցների և քոլեջների սովորողների շրջանում:

Շնորհավորելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը առանցքային է համարել ֆինանսական և տնտեսագիտական գրագիտությունը՝ թե՛ բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու, թե՛ յուրաքանչյուրի համար առօրյայում որպես անհրաժեշտություն կարևորելու տեսանկյունից:

«Մերօրյա կրթության կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ սովորողը, անկախ կրթական հաստատության բովանդակությունից, ձեռք բերի կյանքի համար անհրաժեշտ գիտելիք, կարողություններ ու հմտություններ, այդ թվում՝ տնտեսագիտությունից: Տնտեսագիտական գրագիտությունը չափազանց կարևոր է, քանի որ յուրաքանչյուրս մեր փոքրիկ տնտեսությունն ունենք, որը նաև պետության տնտեսության փոքրիկ օղակն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Փոխնախարարը ընդգծել է ոլորտում աղջիկների մասնակցությունը խրախուսելու կարևորությունը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին և աջակիցներին օլիմպիադայի կայացման գործում՝ նշելով. «Նմանատիպ միջոցառումները մատնանշում են այն ճիշտ ձևաչափը, որտեղ պետությունը, մասնավոր հատվածը, միջազգային գործընկերները համախմբվում են, և բոլոր ջանքերն ուղղվում են կրթության ոլորտի բարեփոխմանը»:

Նշվում է, որ Տնտեսագիտական օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական և միջազգային: Դպրոցական փուլին այս տարի մասնակցել է 890 աշակերտ ՀՀ ողջ տարածքից, որոնցից 91-ը, հաղթահարելով այդ փուլը, մասնակցել են հանրապետական փուլին: Նրանցից 15-ը ճանաչվել են հաղթող:

Հաղթող մասնակիցները շնորհակալություն են հայտնել հնարավորության համար և նշել, որ օլիմպիադան հարթակ էր, որտեղ փորձեցին իրենց ուժերը և նախանշեցին հետագա անելիքները:

Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ:

Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի անցկացման նպատակն է սովորողների շրջանում ֆինանսական և տնտեսագիտական գրագիտության մակարդակը բարձրացնելը, ֆինանսատնտեսագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելը:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը