Ուղիղ եթեր
Աննախադեպ բան. դեսպանները Մայիսի 28-ին չեն եկել Սարդարապատ
copy image url

Աննախադեպ բան. դեսպանները Մայիսի 28-ին չեն եկել Սարդարապատ

Ներքին Միտք 11 ամիս առաջ - 09:00 29-05-2024
Ամեն տարի Մայիսի 28-ին Սարդարապատում տեղի ունեցող արարողությանը մասնակցում են նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները։ Այս առումով՝ տեղի է ունեցել աննախադեպ բան։ Այս տարի Սարդարապատում օտարերկրյա դեսպաններ չկային։ Դա երևաց տարածված տեսանյութում, լուսանկարներում, ինչպես նաև հաղորդագրությունում նշում չկար օտարերկյա դիվանագետների ներկայության մասին։ Ի՞նչ է սա, դեմա՞րշ, թե՞ ՔՊ-ական անպատասխանատվության դրսևորում։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում զինվորական հանդիսավոր տողանն ու Նիկոլ Փաշինյանի ելույթը պետք է տեղի ունենային վաղ առավոտյան, ինչպես նախորդ տարիներին։ Այս կապակցությամբ հրավերները պատշաճ ժամկետում ուղարկվում են օտարերկրյա դեսպաններին։ Սակայն մայիսի 28-ի վաղ առավոտյան, միջոցառումից մոտ մեկ ժամ առաջ վարչապետի աշխատակազմը ծանուցում է դեսպաններին, որ միջոցառումը չեղարկվում է։ Իսկ մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ որոշում է անցկացնել հանդիսավոր տողանն ու ելույթ ունենալ Մայիսի 28-ի առիթով, առանց դեսպանների ներկայության։ Քանի դեռ պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա այս աննախադեպ երևույթի մասին, փորձենք ենթադրել, թե ինչ է տեղի ունեցել, ինչու դեսպանները չեն մասնակցել, և ինչ հետևանքներ կարող են լինել։

Ենթադրելի է, որ վարչապետի արարողակարգի աշխատակիցները փորձել են երկրորդ անգամ հրավիրել դեսպաններին։ Նորին գերազանցությունների հետ պայմանավորվածությունները ձեռք են բերվում վաղորոք։ Եվ նրանք որպես կանոն մերժում են այն հրավերները, որոնք շատ սեղմ ժամկետ են պահանջում։ Դրանից զատ՝ նաև վիրավորական է, երբ չեղարկում են վաղորոք արված հրավերը, հետո մի քանի ժամ անց կրկին հրավիրում։ Այդպիսով անպատասխանատու մարդու տպավորություն են թողնում, որը հարգանքի արժանի չէ։

Մեկ այլ ենթադրությամբ՝ վարչապետը պարզապես ներողություն է խնդրել դեսպաններից անպատասխանատու մարդու տպավորություն թողնելու համար, մեղքը բարդել Բագրատ Սրբազանի և ժողովրդի վրա, որոնք նույնպես ացելել էին Սարդարապատ հարգանքի տուրք մատուցելու անկախության համար պայքարի նահատակներին։ Այսպես նա դեսպանների ուշադրությունը հավելյալ սևեռել է ընդդիմության և նրա առաջնորդի վրա, ցույց տալով, որ վերջիններից լուրջ վախենում է։ Չի բացառվում, որ առավոտյան նախատեսված միջոցառումը չեղարկելիս, արարողակարգի աշխատողները պատճառաբանել են, թե հնարավոր են զանգվածային անկարգություններ, և հատուկ ծառայությունները չեն կարող երաշխավորել դեսպանների անվտանգությունը։

Որոշ ժամանակ սպասելուց հետո, երբ տարածվել է միջոցառումը չեղարկելու մասին տեղեկությունը, դեսպանները գնացել են իրենց գործերով, զինվորները վերադարձել զորամաս, անպատասխանատու մարդու տպավորություն թողնող Նիկոլ Փաշինյանը կտրուկ շրջադարձ է կատարել և հրամայել կրկին հավաքվել տողանի, քանի որ ինքը, ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը գալիս են ծաղկեպսակ դնելու։ Այս անգամ, սակայն, դիվանագետներին չեն կանչել։

Մայիսի 28-ն ունի անկախության խորհուրդ։ Օտարերկրյա դիվանագետների ներկա գտնվելը քաղաքական ժեստ է, որ այդ երկրները ճանաչում ու հարգում են Հայաստանի անկախությունը, ժողովրդի պայքարն անկախության համար։ Եթե հարցը դիտենք ազգային անվտանգության տեսանկյունից, ապա դեսպանների ներկայությունը շատ կարևոր է, քանի որ հենց ՔՊ-ական բարձր պաշտոնյաներն են բազմիցս հայտարարել, որ ՀՀ անվտանգությունը ներկայում մեծապես երաշխավորված է Արևմուտքի կողմից, ՀՀ-ից զավթված տարածքները հետ բերելու հարցում մեծ ակնկալիքներ ունեն դարձյալ Արևմուտքից, խաղաղության պայմանագրի երաշխավոր դարձյալ փնտրում են արևմուտքում, ԵՄ դիտորդական առաքելությունն է զսպում ադրբեջա-ռուսական հավանական ագրեսիան և այլն։ Այս առումով՝ դեսպանների նկատմամբ այսպիսի անհարգալից վերաբերմունքը և նրանց բացակայությունը հարված է ՀՀ անվտանգությանը։

Ավելին՝ եթե միջոցառումը նախատեսված էր առավոտյան, և այն չեղարկել են հուշահամալիրի մոտ ժողովրդի հավաքվելու պատճառով, ապա ազնիվ կլիներ այդ մասին հայտարարություն տարածեին և ուղիղ նշեին, որ միջոցառումը չի կայանալու այնտեղ ժողովրդի հավաքվելու պատճառով, վերջում էլ հրապարակավ ներողություն խնդրեին բոլորից, այդ թվում՝ դեսպաններից, որոնց հրավիրել էին։

Այսպես՝ թերևս, ավելի լավ կլիներ, որովհետև Սարդարապատում զինվորական տողանն առանց դեսպանների, նշանակում է՝ Հայաստանն առանց դաշնակիցների և գործընկերների։ Ակնհայտ է, որ այսպիսի պատկերը ռիսկային է։ Բայց Նիկոլ Փաշինյանն այդ ռիսկը, հավանաբար, հաշվի չի առնում։ Նա, հավանաբար, ինքնասիրության խայթ է զգացել, լցվել ժողովրդի հանդեպ ատելությամբ, որ միջոցառումը չեղարկվել է, իսկ Սարդարապատում հավաքված քաղաքացիները կարծել են, թե Փաշինյանը վախեցավ ժողովրդից, չեկավ։ Եվ նա, հավանաբար, ապաքաղաքական որոշում է ընդունել՝ ամեն գնով անցկացնել տողանը, ելույթ ունենալ Սարդարապատում, որպեսզի դաշնակիցներին ցույց տա, թե խիզախ է և հարգում է Մայիսի 28-ի խորհուրդը, ոչ թե հակառակը, ինչպես կարծում են նրա ընդդիմախոսները։

Այսպես՝ ինքնասիրությանը տուրք տալով, Նիկոլ Փաշինյանը անցկացրեց տոնական տողանն առանց դեսպանների, տպավորություն թողեց, որ իր հակաժողովրդական քայլերի հետևանքով ՀՀ-ն կարող է մնալ առանց դաշնակիցների։

Կանխատեսելի է, որ այսպիսի անհարմար տեսարանները կարող են կրկնվել։ Հետևաբար՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու, ապա պետք է գործուն, իրական քայլեր անի անկախության և ժողովրդավարության ամրացման ուղղությամբ։ Հակառակ պարագայում ոչ միայն ընդդիմադիրներն ու նրանց աջակիցներն, այլև Սարդարապատ չեկած դեսպանները կհամոզվեն, որ նա ոչ միայն ժողովրդականություն չի վայելում և վախենում է կանգնել ժողովրդի կողքին, այլև գործում է անկախության և ժողովրդավարության դեմ։

Թաթուլ Մկրտչյան