1918 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ստեղծվել էր օրհասական դրություն։ Թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռավորության վրա գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը, ինչից հետո թուրքական զորքերը սկսում են շարժվել Էջմիածնի և Երևանի ուղղությամբ։
Այս իրավիճակում հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանը, Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկելով իր իսկ անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Հատկանշական է, որ Վեհափափ հայրապետը կտրուկ մերժում է այս առաջարկը և հայտարարում.
«Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:Հանդիպումից հետո Վեհափառը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա ժողովրդի ներկայությամբ աղոթելով՝ երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր աթոռը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցը կոչով դիմում է հայ ժողովրդին.
«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մերհավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա:
Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:
Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից:
Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չ՛ի ունեցել և չ՛ի ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:Կաթողիկոսի այս քայլը մեծ ազդեցություն ունեցավ իրադարձությունների հետագա զարգացման վրա. երբ Վեհափառը չանսաց բազմակողմանի հորդորներին և հրաժարվեց լքել Էջմիածինն ու պատսպարվել Սևանում՝ նախընտրելով մինչև վերջ մնալ Մայր Աթոռում, դա վճռականություն հաղորդեց ոչ միայն քաղաքական ղեկավարությանը, այլև զինվորականներին, որոնց մոտ վերջնականապես բյուրեղացավ գիտակցումը, որ Սարդարապատը հայության և Հայաստանի լինելիության այն վերջին գիծն է, որից այն կողմ նահանջելու տեղ չկա՝ ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեբանորեն:
Երևանում Արամ Մանուկյանի գլխավորությամբ հապճեպորեն ձևավորված իշխանությանը հաջողվեց լուծել ռազմաճակատը կազմակերպելու խնդիրը և զսպել բնակչության շրջանում անկումային տրամադրությունները, ինչը թույլ տվեց բանակին և կամավորներին ջախջախել մայիսի 21-ին Սարդարապատ կայարանը գրաված ու դեպի Երևան-Էջմիածին շարժվող թուրքական զորամիավորումներին:
Սարդարապատի ճակատամարտում հաղթանակով Արարարտյան դաշտի բնակչությունը փրկվեց ցեղասպանությունից, իսկ Արևելյան Հայաստանը՝ թուրքական նվաճումից:
Սարդարապատը դրեց հայկական պետականությունը վերականգնելու հիմքերը, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցավ, որ հայ ժողովուրդը վերջապես իր մեջք ուղղի և հավատա իր ուժերին։ Ցեղասպանության հետևանքով հոգևարքի մեջ գտնվող հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ մեկ բռունցք դառնալ, համախբել ուժերն ու ջախջախել թշնամուն, իսկ օրեր անց արդեն դա թույլ տվեց վերկանգնել անկախությունը և հռչակել Հայաստանի առաջին հանրապետությունը։
Դավիթ Գույումջյան