Արագը դանդա՞ղ է. ինչու է Փաշինյանը ժողովրդին հիմարի տեղ դնում
copy image url

Արագը դանդա՞ղ է. ինչու է Փաշինյանը ժողովրդին հիմարի տեղ դնում

Ներքին 10 ամիս առաջ - 20:00 28-05-2024
Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանի Մայիսի 28-ի ուղերձը հեռու էր տոնի խորհրդից, ողջամտությունից, ճշմարտությունից։ Տպավորություն է, որ նա կա՛մ խճճվել է իր կողմից հորինված պատկերներում, կա՛մ կորցրել է իրականության զգացումը, կա՛մ ժողովրդին հիմարի տեղ է դնում։

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը կանգուն մնաց հենց մտածողության նոր ձևերի ուրվագծման շնորհիվ, որոնք մեզ հնարավորություն տվեցին նորովի ընկալել իրականությունը և իրականության վրա ազդելու մեր հնարավորությունները»։ Փաշինյանն այսպիսով ասում է, որ իրականությունը չէր ընկալում մինչև պատերազմը։ Այս խոստովանությունը կարող է քննել ապագա ԱԺ քննիչ հանձնաժողովը։

Ուղերձն ավարտվում է գրոտեսկային արտահայտությամբ, որը կարող է արժանանալ հոգեբույժների և սյուրռելիստների ուշադրությանը։ «Շատերի կարծիքով դանդաղ ենք ընթանում: Իրականում և ողջամտորեն արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների: Մենք ընթանում ենք առանց ընդհատումների և հորիզոնում տեսնում ենք բաղձալի նպատակը»։

Ողջամտության մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում «արագը դանդաղն է» բանաձևը։ Ամենագրգռված երևակայություն ունեցողն անգամ չի կարող այսպիսի բան պատկերացնել։ Առաջին տպավորությամբ՝ Փաշինյանը ժողովրդին հիմարի տեղ է դնում։ Պատկերացրեք, որ այս միտքը մտնի ֆիզիկայի դասագիրք։ Հիմնովին կաղավաղվեն արագության մասին երեխաների գիտելիքները։

Նախընթաց տարիներին Փաշինյանի համար բազմաթիվ դրվագներ են եղել, որտեղ նա հակառակ կերպ է վարվել։ Օրինակ՝ արագը դանդաղ լիներ, ապա դանդաղ կընթանար Պարոնյան փողոցով, և վրաերթի չէր ենթարկվ հղի կինը։ Եթե արագը դանդաղ լիներ, ապա արագ իշխանափոխության չէր ձգտի 2018-ին, մի քանի տասնամյակ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվեր, քաղաքական դաստիարակություն, գիտելիք, փորձառություն կստանար, հետո կհավակներ բարձրագույն պաշտոնի։ Հետևաբար՝ այս հարցում ևս նա անկեղծ չէ։

Կամ մեկը հարցնի՝ ու՞ր եք ընթանում առանց ընդհատումների։ Ինչու՞ ժողովրդին չեք ասում, թե ուր եք ընթանում։ Որտե՞ղ է գրված այդ բաղձալի նպատակը։ Ինչու՞ այն չի ամրագրվում հիմնարար փաստաթղթերում, որ ժողովուրդն ու աշխարհը իմանան։ Քանի որ ոչ ոք ստույգ չգիտի, թե ուր է ընթանում Նիկոլ Փաշինյանը, և որն է նրա բաղձալի նպատակը, փորձենք ենթադրություններով պարզել դրանք։

Բացասման սկզբունքով ենթադրենք, որ Փաշինյանի ընթացքը հակաանկախական և հակաժողովրդավարական է։ Նպատակն էլ պետության կործանումն է և ժոովրդավարության վերացումը։ Այս դեպքում, հավանաբար, դանդաղ են ընթանում, որ պետության մարմինը հողին կամաց-կամաց սովորի, մարդիկ այնքան բթանան Փաշինյանի անտրաբանական խոսքից, որ կորցնեն ողջամտությունն ու չդիմադրեն այն թշնամուն, որը կուզենա կործանել ՀՀ-ն։ Այսպիսի զարգացումը գրեթե բացառվում է։ Հույս կա, որ քաղաքական համայնքի մեծ մասը, մասնավորապես՝ բագրատ Սրբազանը, սկզբունքային դիմադրություն ցույց կտա անկախության և ժողովրդավարության դեմ փաշինյանական նախաձեռնություններին։

Իսկ եթե բացառենք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ապա ուղիղ ենթադրությունը կվերաբերի այն ակնարկներին ու տեսլականին, որոնք Փաշինյանը ներկայացնում է ԱՄՆ-ում և ԵՄ-ում փակ հանդիպումներում։ Այս պարագայում դանդաղ ընթացքն ու հորիզոնում բաղձալի նպատակը կարող են առնչվել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցությանը, հայ-ռուսական պայմանագրերի վերանայմանն՝ ի շահ անկախության և ժողովրդավարության։ Սակայն այս դեպքում էլ իրականության հետ բախում կա։ Գործնականում՝ ոչինչ չի խանգարում ԱԺ քաղաքական մեծամասնությանը օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը դուրս բերելու հարցը, ընդունել լյուստրացիայիմասին օրենք, դեսովետիզացիա անել և փոփոխել խորհրդային բռնազվթումը խորհրդանշող անվանումները։ Սակայն ՔՊ-ն ոչինչ չի անում այս ուղղությամբ։ Ավելին՝ հայ-ռուսական պայմանագրերը պահպանում են սրբության սրբոցի նման։ Հետևաբար՝ այս ենթադրությունը ևս անհիմն է։

Ավելին՝ եթե ընթանում են անկախության և ժողովրդավարության ուղով, և բաղձալի նպատակը անկախությունն է և ժողովրդավարությունը, ապա դրանք հորիզոնում չեն, 1991-ի Սեպտեմբերի 21-ի հանրաքվեով ընտրված իրականություն են։ Հետևաբար՝ նպատակն այլ է, որը աղերս չունի անկախության և ժողովրդավարության հետ։

Մնում է ենթադրել, որ Փաշինյանի ընտրած դանդաղ ընթացքն ու բաղձալի նպատակը վերաբերում են նրա իշխանության պահպանմանը։ Բաղձալի նպատակն էլ իշխանությունը վայելելն է մինչև կյանքի վերջին օրը, որը շատերի մոտ մշտապես նույն հեռավորության վրա է, ինչպես նավից հորիզոն ընկած հեռավորությունը։

Պարզ ասած՝ Մայիսի 28-ի փաշինյանական ուղերձը համեմված էր անհեթեթությամբ, քանի որ նա ընտրել է ժողովրդին հիմարացնելու ճանապարհը։ Իսկ նրա պատկերացրած Իրական Հայաստանն այն երկիրն է, որտեղ Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքականություն որոշելու մենաշնորհ և հարկատուների միջոցները անպատասխանատու տնօրինելու անսահման իշխանություն։

Թաթուլ Մկրտչյան