Ռուսաստանը «եղբայրաբար» հույս է տվել հայերին, բայց միշտ հուսախաբ արել
copy image url

Ռուսաստանը «եղբայրաբար» հույս է տվել հայերին, բայց միշտ հուսախաբ արել

Միտք Արտաքին Ներքին 10 ամիս առաջ - 11:55 28-05-2024
Ռուսաստանն ու Իրանը միասին կարող են թույլ չտալ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի ստեղծումը, որին այդպես ձգտում է թուրք–ադրբեջանական տանդեմը, լրատվական հարթակներից մեկում ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը։

«Անհրաժեշտության դեպքում Մոսկվան կարող է խափանել Բաքվի, Անկարայի կամ արևմտյան մայրաքաղաքների ծրագրերը», հայտարարել է Եվսեևը՝ հավելելով․ «Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, և դա ոչ միայն անձնակազմն ու տեխնիկան է, այլև համապատասխան ենթակառուցվածքները»։

Ամենայն հարգանքով ռուսական պետության և ռուս ժողովրդի նկատմամբ, պետք է ասել, որ հայ-ռուսական դարավոր հարաբերությունների համատեքստը եղել է միակողմանի զիջումներով և տարած զրկանքներով լի ժամանակահատված, երբ թե՛ ցարիզմի, թե՛ սոցիալիզմի և մերօրյա ժամանակահատվածի Ռուսաստանը (նշված բոլոր ձևաչափերով անխտիր – հեղ․) «եղբայրաբար» սնել է հայ ժողովրդին որոշակի հույսերով, բայց վերջնարդյունքում միշտ հուսախաբ արել։

2020 թվականի պատերազմից հետո, ինչպես գիտենք, համաձայն եռակողմ հայտարարության, ռուսական զորախումբ մտավ Արցախ։ ՌԴ զորքերն ունեին անձնակազմ էլ, տեխնիկա էլ, ենթակառուցվածքներ էլ։ Արցախի իշխանություններն իրենց կողմից սնանձնել էին զորախմբի կենսապահովմանն անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծումը։ Սակայն տեղակայման հենց սկզբից տարբեր պատճառաբանություններով սկսվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի խախտումը, ադրբեջանական ուժերը ռուսական զինվորականների առկայությունը հաշվի չառնելով (իսկ գուցե՝ հակառակը – հեղ․) գրավեցին Հին Թաղերը և Խծաբերդը։

Այնուհետև տեղի ունեցան մանրումեծ բազմաթիվ ողբերգական իրադարձություններ, և 2023 թվականի սեպտեմբերին նույն ռուսների աչքի առաջ հայաթափվեց Արցախը։

Հիմա խոսվում է, թե Ռուսաստանն Իրանի հետ մեկտեղ կարող է թույլ չտալ «սուվերեն միջանցք» Հայաստանի տարածքով։ Այս արտահայտությունը թույլ տվող փորձագետին եթե շարունակենք՝ ապա կստացվի, որ կարող է նաև թույլ տալ արտատարածքային միջանցքի անցկացում։ Ինչը կարող է, ուրեմն, Ռուսաստանին «համոզել» պաշտպանել կամ չպաշտպանել հայկական շահը։ Ուկրաինական պատերազմի ֆինանսավորման զգալի մասն իրականացվում է ադրբեջանական խողովակաշարով ռուսական էներգակիրների վաճառքի հաշվին։ Մեծ հաշվով, Արցախի՝ նախ մեծ մասի, ապա և՝ մնացած հատվածի ադրբեջանականացումն, արդյոք, այդ պատերազմում թուրք-ադրբեջանական հյուսվածքի լոյալության ապահովման համա՞ր չէր։ Այլ կերպ ասած, ռուսական իմպերիայի դարերի քաղաքականության ոգով արված այս քայլը ապացույց չէ՞ր, որ հայկական շահերը որևէ արժեք չունեն ռուսական կայսրության համար, ով էլ լինի վերջինիս ղեկին։

Ռուսական այս քաղաքականությունը չէ՞ պատճառներից մեկը, որ Հայաստանը ներկայիս աղետալի իշխանության ձեռքում է և բաժան-բաժան արվելով՝ հանձնվում է թշնամուն։

Եվ դեռ ասում են՝ կարող է․․․ Իհարկե, կարող է, բայց սովոր է սեփական շահի համար զոհել փոքր ազգի շահը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված