Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և նրան ուղեկցող մի շարք պաշտոնյաներ՝ վերադառնալով Արաքսի ափից, որտեղ Ադրբեջանի ղեկավարության հետ ներկա էին գտնվել հիդրոհանգույցների և ջրամբարի բացման արարողությանը, ուղղաթիռի վթարի հետևանքով ողբերգաբար զոհվել են։
Տարօրինակ չպիտի թվա վթարի փաստով ադրբեջանական մամուլին համակած անզուսպ հրճվանքը և տարատեսակ մեկնաբանությունները։
Այսպես, նախքան զոհվելու փաստի հաստատումը, ադրբեջանական մամուլում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում են հրավառություններ։ Դա մեկնաբանվում էր, որպես «Ռայիսիի մահվան տոնակատարություն»։
Մայիսի 19-ի երեկոյան՝ Ռայիսիի և մյուսների վիճակի մասին հստակ տեղեկությունների բացակայության պայմաններում, օրինակ, ադրբեջանական տելեգրամ-ալիքները հրապարակեցին Ռայիսիի և 2020 թվականի հունվարին ամերիկյան անօդաչուի հարվածի հետևանքով զոհված Իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների «Ալ-Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի համատեղ լուսանկարը՝ գրելով․ «Նրանք հիմա միասին են»։
Դրանից բացի, ադրբեջանական լրատվամիջոցները հեգնանքով գրում էին․ «Ֆիցոյին գնդակահարեցին Ադրբեջան այցելելուց հետո։ Ռայիսին անհետացել է Ադրբեջան այցելելուց հետո։ Շուտով մեզ ոչ ոք չի այցելի»։
Ադրբեջանական տելեգրամ-ալիքները հեգնանքով էին վերաբերվում Իրանի նախագահին սպասարկող տրանսպորտի սարքինությանը և ժամանակակից տեխնոլոգիաներով չհագեցվածությանը։ Այն բանից հետո, երբ տեղեկություն հայտնվեց Թուրքիայի կողմից փրկարարների և գիշերային դիտարկմամբ հագեցված հատուկ տեխնիկայի՝ Իրան ուղարկելու մասին, Ադրբեջանի լրատվամիջոցները մեկնաբանեցին հետևյալ կերպ․ «Երբ ամեն ինչ ավարտվի, Ադրբեջանը կարող է Իրանին նվիրել հատուկ ուղղաթիռ՝ գիշերային դիտարկման համակարգով։ Բայց ցանկալի է՝ ոչ իսրայելական արտադրության, իրանցիները կարող են վիրավորվել դրանից»։
«Երկրի առաջին դեմքին ծառայող ավիատրանսպորտը սովորաբար սարքավորվում է արդիական արբանյակային կապով։ Այն խափանվում է միայն, եթե տրանսպորտում պայթյուն է տեղի ունեցել։ Եվ քանի որ Ռայիսիի անվտանգության աշխատակիցների հետ նույնպես կապի խնդիր կա, ուրեմն պայթյունի վարկածն ունի գոյության իրավունք»՝ սա նույնպես ադրբեջանական մամուլի առաջադրած վարկածներից մեկն էր։ Ի դեպ, այն րոպեներ անց դարձավ նաև ՀՀ իշխանամերձ լրատվամիջոցների շրջանառության առարկան։
Ռայիսիի ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառների հետ կապված վարկած է ներկայացրել The New York Times-ը։ «Այս միջադեպը տեղի է ունեցել միջազգային հարաբերությունների համար զգայուն պահին՝ ընդամենը մի քանի օր այն բանից հետո, երբ Իրանի և Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաները միջնորդների միջոցով բանակցություններ են վարել՝ փորձելով նվազեցնել Մերձավոր Արևելքում հակամարտությունների ընդլայնման վտանգը»։
Այս բանակցությունները, ըստ NYT-ի, դարձել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև առաջին շփումը այն բանից հետո, երբ Իրանը ապրիլին անօդաչուներ օգտագործեց իսրայելական ռազմական օբյեկտների վրա հարձակվելու համար՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության հրթիռակոծման։
Հայաստանյան իշխանական մամուլն իր հերթին, մայիսի 19-ին տարածել է այսպիսի վարկած․ «Հավաստի տեղեկություններով, Ռայիսին պլանավորել էր այցելել Հայաստան՝ մասնակցելու Հյուսիս-Հարավ մայրուղու Սյունիքի մարզի հատվածի հանդիսավոր բացմանը։ Սակայն վերջին պահին Ռայիսիի հայաստանյան այցելությունը հետաձգվեց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռայիսին ուղևորվում է Ադրբեջան»։
Ինչ վերաբերում է պաշտոնական շրջանակներին, ապա Ադրբեջանի նախագահ Ալիևը, որ հիդրոհանգույցների բացման երեկվա հանդիսավոր արարողության ընթացքում անդրադառնալով ադրբեջանա-իրանական հարաբերություններին՝ հայտարարել էր, թե «Իրանի նախագահի հետ մեր շփումները շատերին են անհանգստացնում, բայց դա կարևոր չէ մեզ համար», առաջիններից մեկն է զորակցող ուղերձ տարածել՝ միաժամանակ հույս հայտնելով Ռայիսիի և նրան ուղեկցողների կյանքին վտանգ չի սպառնա։ Ալիևի հայտարարությանը հաջորդել է այդ երկրի ԱԳՆ նույնաբովանդակ հայտարարությունը։
Իրանի նախագահին աջակցող հայտարարություններ են տարածել հարևան և այլ պետությունների ղեկավարները։ Հայաստանից այդպիսի ուղերձ տարածել է արտաքին գործերի նախարարությունը՝ միաժամանակ հայտնելով որոնողական աշխատանքներին մասնակցելու ՀՀ պատրաստակամության մասին։
Արդեն Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու փաստը հաստատվելուց հետո ցավակցական հեռագրեր են ուղարկել բազմաթիվ երկրների ղեկավարներ, այդ թվում ՀՀ վարչապետը։
Նշենք, որ Ռայիսին մասնակցել է Իրանի նախագահական ընտրություններին 2 անգամ․ 2017 թվականին նա պարտվել է Հասան Ռոհանիին, իսկ արդեն 2021 թվականին արձանագրել բավական վստահ հաղթանակ։ Նա համարվում էր նաև ապագա հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը:
Ըստ իրանական օրենսդրության, նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է առաջին փոխնախագահը։ Տվյալ դեպքում Ռայիսիին կհաջորդի Մուհամմադ Մուհբարը, իսկ առաջիկա 50 օրերի ընթացքում երկրում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Առայժմ հստակ չէ, թե ով կլինի Իրանի հաջորդ նախագահը: Հավանական թեկնածու կարող է լինել խորհրդարանի գործող նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը մասնակցել է Իրանում անցկացված վերջին 3 նախագահական ընտրություններին (2013,2017,2021): 2017-ին ու 2021-ին հօգուտ Ռայիսիի նա հրաժարվել էր ընտրապայքարից:
Տիգրան Աթանեսյան