Միտք Արտաքին 2 տարի առաջ - 15:20 17-05-2024

Կարտոֆիլային ֆյուրերի համար «Շուշա»-ն «Շուշի»-ից շահավետ է հնչում

Բելառուսի նախագահը, որին «կարտոֆիլային ֆյուրեր» մականունն են տվել, երեկվանից երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։ Հանդիպումներ, ժողովներ, նիստեր․․․ այս ամենն ինչպես ցանկացած, այնպես էլ նրա այցի ծրագրում տեղ է գտել։

Այսօր Լուկաշենկոն և Ալիևն այցելել են օկուպացված Արցախ։ Նրանց ինքնաթիռները վայրէջք են կատարել Ֆիզուլիի (Արցախի Հանրապետության ժամանակաշրջանում այն ոչ պաշտոնապես կոչվում էր Վարանդա – հեղ․) «միջազգային» օդանավակայանում։ Ալիևն իր գործընկերոջը ցուցադրել է «ազատագրված տարածքների» վերականգնման պլան-սխեմաները իսկ, Լուկաշենկոն, ըստ լրատվամիջոցների, «խնդրել է այդ տարածքներում տեղ գտնել բելառուսական ընկերությունների գործունեության համար՝ օգնելու եղբայրական Ադրբեջանի վերականգնողական աշխատանքներին»։

Տեղ կգտնվի, աներկբայորեն։ Ալիևի համար կարևոր է իր զավթողական քաղաքականության այսօրինակ լեգիտիմացումը, երբ ով պատահի՝ «կաջակցի» նրան, հավանություն տալով ու մասնակցելով տարածքների «յուրացմանը»։

Ֆիզուլիից Ադրբեջանի և Բելառուսի նախագահներն ուղևորվել են Շուշի։ Ինչպես պաշտոնական հաղորդագրությունն է ասում՝ «վերականգնված քաղաքում երկու պետությունների նախագահները դիտել են բնակելի թաղամասերից մեկը»։ Քաղաքը դիտելու ընթացքում Բելառուսի նախագահը Շուշիին է նվիրել իր երկրի արտադրության գյուղտեխնիկա՝ տրակտոր։ Թե ինչ դերակատարություն կունենա վարելահողեր չունեցող Շուշիում բելառուսական տրակտորը՝ չի հաղորդվում։

Դրանից բացի, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները, Լուկաշենկոն Շուշիին է նվիրել նաև «ադրբեջանա-բելառուսական համատեղ արտադրության ավտոբուս»։ Թե ինչու է հենց Լուկաշենկոն «համատեղ արտադրված» ավտոբուսն ինքը նվիրել՝ նույնպես չի հաղորդվում, ըստ ամենայնի՝ դա միայն բելառուսական արտադրանք է, պարզապես ադրբեջանական մամուլն այն «համատեղ արտադրության» է ներկայացնում։

Գուցե ընթերցողի համար ավտոբուսին կամ տրակտորին վերաբերող մեր տեղեկատվությունը ոչ այդքան կարևոր է։ Կհամաձայնեմ, իրականում կարևորն այն է, որ հայկական Շուշին արդեն 4 տարի օտարի տիրապետության տակ է ու մահմեդականացվել է կայծակի արագությամբ։ Այլևս հայկական հետքը բացակայում է այդ քաղաքից, և քրիստոնյա պետության ղեկավարն այցելելով այնտեղ՝ մտքով անգամ չի անցկացնում հարցնել իր «եղբայրակցին»՝ իսկ ինչու՞ է հանվել Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, կամ՝ որտե՞ղ է անհետացել մյուս եկեղեցին՝ Կանաչ Ժամը, կամ՝ մի՞թե Շուշիում մի հատ պարսկական մզկիթից բացի այլ մահմեդական պաշտամունքի վայրեր էլ կային, որ կոչում եք «վերականգնված», այսինքն նախկինում եղած։
Բնականաբար, Լուկաշենկոն և Շուշի բերված՝ նրա նման բազում այլ քրիստոնյաներ երբևէ չեն հարցնի այդպիսի բաների մասին, քանի որ նավթադոլարներով հարուստ Ալիևի հետ ավելի լավ է ընկեր մնալ, և որպես ընկերության առհավատչյա՝ հայկականությունը կորցրած Շուշին կոչել «Շուշա»։
Այդպես հարմար է և շահավետ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան