Ուղիղ եթեր
ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
copy image url

ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ

Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:30 16-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Բագրատ Սրբազանի առաջնորդած համազգային շարժման կապիտալիզացման փուլում առանցքային նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, որը հաջողելու դեպքում ժամանակավոր կառավարություն կձևավորվի, և այդ կառավարությունը երկիրը կտանի դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս օրերին Սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական դաշտի առանցքային դերակատարների հետ, որպեսզի Փաշինյանի իմպիչմենտի օրակարգի շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովի։

Խորհրդարանական 3 ուժերից 2-ը՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արդեն հայտնել են` կողմ են քվեարկելու իմպիչմենտին, սակայն հայտնի է, որ ընդդիմադիր խմբակցությունների մանդատները բավարար չեն, և գործընթացը հաջողելու համար անհրաժեշտ է շուրջ 18 ՔՊ-ականի «դարձի բերել»։ Այս համատեքստում հարց է առաջանում` ինչպես կվարվեն ՔՊ-ականները, ովքեր այս օրերին աչքի են ընկնում Նիկոլ Փաշինյանին աջակցող իրենց հայտարարություններով ու գրառումներով։

Հանրության մի հատվածը վստահ է, որ ընդդիմությանը չի հաջողվի իշխանական պատգամավորներին ճիշտ ճանապարհի բերել և անհրաժեշտ է անմիջապես արտահերթ ընտրական գործընթաց նախաձեռնել՝ հաշվի առնելով Արցախյան 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումները, երբ իշխող խմբակցության 88 պատգամավորներից խմբակցությունը լքեցին միայն 5-ը, իսկ 2021-ի ընտրությունների ժամանակ ՔՊ-ի ցուցակը ֆիլտրվել է և դրանում տեղ են բացառապես ամենահավատարիմներ։ Առավել լավատեսները հույս ունեն, որ համազգային շարժման ներքո որոշ ՔՊ-ականներ կմիանան ժողովրդին և իմպիչմենտի օրակարգը կհաջողվի, ինչը նույն ՔՊ-ականներին թույլ կտա Փաշինյանի արարքների պատասխանատվությունը չկիսել։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները դաժան քննադատության էին ենթարկում բոլոր այն պատգամավորներին, ովքեր Արցախի 75 տոկոսի հանձնումից հետո համարձակություն էին գտնում լքել իշխանական նավը և դառնալ անկախ պատգամավորներ։ ՔՊ-ականները իրենց նախկին թիմակիցներին հիշեցնում էին, որ առանց Նիկոլ Փաշինյանի աջակցության վերջիններս ԱԺ-ում երբեք չէին կարող հայտնվել՝ իշխող խմբակցությունը լքելու որոշումը որակելով ոչ այլ ինչ, քան դավաճանություն, առնետավազք և այլն։

Հատկանշական է, որ այժմ, երբ Նիկոլ Փաշինյանի վեցամյա կառավարման հետևանքով կորցրել ենք Արցախը, Հայաստանը հայտնվել է օրահասական իրավիճակում, ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում և այլն, ՔՊ-ականները իշխանական թիմը լքելու որոշումը դավաճանություն են համարում և ամեն կերպ փորձում են ճնշել բոլոր այն հավանական թեկնածուներին, ովքեր կարող են անգամ մտածել այդ մասին, մինչդեռ 2018 թվականին, երբ Փաշինյանն էր վարչապետ ընտրվում և երկրիը կանգնած չէր նման մարտահրավերների առաջ, նա անձամբ էր ՀՀԿ-ականներին խրախուսում էր դավաճանություն կատարել և իր օգտին քվեարկել։

Ավելին՝ 2018-ի մայիսի 1-ին՝ վարչապետ ընտրվելու առաջին փորձի ժամանակ, երբ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը և տապալեց նրա ընտրությունը, ՀՀԿ-ական պատգամավոր, տարիներ շարունակ պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած Ֆելիքս Ցոլակյանը դեմ գնաց խմբակցության որոշմանը և կողմ քվեարկեց Փաշինյանին, որը ոչ այլ ինչ էր, քան առնետավազքի դասական օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Գեներալ Ֆելքիս Ցոլակյանն իր սեփական անունը ոսկե տառերով է գրել ժողովրդի սրտերում և հոգիներում»: Փաշինյանը նաև արժանվույնս խրախուսեց Ֆելիքս Ցոլակյանի դավաճանությունը՝ նրան իր կաբինետում վստահելով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը, որից վերջինս ազատվեց միայն Արցախյան 44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո։

Այսպիսով՝ երբ խորհրդարանում մեկնարկի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, գնդակը հայտնվելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների դաշտում։ Ստեղծված օրհասական իրավիճակում իմպիչմենտի գործընթացին կողմ քվերակելը ՔՊ-ականների վերջին հնարավորությունն է՝ Նիկոլ Փաշինյանից տարանջատվելու և վերջինիս արարքների քաղաքական ու քրեաիրավական պատասխանատվությունը չկիսելու համար։

Կօգտվե՞ն ՔՊ-ականներն այս հնարավորությունից, որով իրենց ավանդը կներդնեն հայկական պետականությունը փրկելու գործընթացին, թե՞ ոչ՝ պետք է որոշեն անձամբ իրենք, սակայն իշխանականները պետք է գիտակցեն, որ նման հնարավորություն իրենց այլևս չի ընձեռնվելու։

Այլ կերպ ասած՝ ՔՊ-ականները այժմ կարող են իրենց անունները ոսկե տառերով գրել ոչ միայն ժողովրդի սրտերում, այլև Հայաստանի նորագույն պատմության ու հետագա սերունդերի հիշողությունում, իսկ թե նրանցից ովքեր պետականամետ մտածելակերպ կունենան ու կօգտվեն այս հնարավորությունից՝ կտեսնենք առաջիկայում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ