Մամուլ 2 տարի առաջ - 07:37 14-05-2024

Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ներկայիս պատգամավորների որոշ մասը, մինչ մանդատ ստանալը, զբաղվում էր գործարարությամբ, մանդատից հետո, օրենքի պահանջի համաձայն՝ բիզնես կամ գործարար գործունեությունը հավատարմագրում այլ անձի եւ զբաղեցնում անձեռնմխելի պաշտոնը։ Սա օրենք է բոլորի համար. սակայն օրենքը «օրենք չէ», եթե այն բացառություններ չունի ՔՊ-ական պատգամավորների համար։ Խոսենք փաստերով։

Այսպիսով՝ ՀՀ օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը սահմանում է՝ պատգամավորական մանդատը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`

1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,
2) ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,
3) դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,
4) հրաժարվել առեւտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,
5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ՝ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների,
6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ՝ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, պատգամավորական մանդատին զուգահեռ, զբաղվում է նաեւ նյութերի թվայնացմամբ, խմբագրմամբ. հենց այս աշխատանքի համար էլ պատգամավորը 2023 թվականին «Գրանիշ» գրական ակումբի կողմից պարգեւատրվել է այդ տարվա ընթացքում արխիվային նյութերի թվայնացման, խմբագրման ու նորովի մեկնաբանման համար։

Այս ամենը գուցե նորմալ դիտվեր այն դեպքում, երբ այս աշխատանքը համարվեր ստեղծագործական աշխատանք, սակայն փաստաթուղթը, որը ներկայացված է, ամենեւին ստեղծագործական տարրեր չի պարունակում։ Ավելին՝ կազմակերպությունը, այս դեպքում՝ գրական ակումբը, որտեղ գործունեություն է ծավալում Ղազարյանը, որը գործում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, անհամատեղելի պաշտոն է համարվում պատգամավորական մանդատ ունեցող անձի համար։

Ըստ մեր տեղեկությունների՝ Թագուհի Ղազարյանը, Բուն TV-ում հաղորդում վարելու համար, նախորդ տարի դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով թույլտվություն ստանալու համար, հավաստիացրել է, որ այն պարբերական բնույթ չի կրելու։ Հանձնաժողովը թույլատրել է, քանի որ այն դիտարկվել է որպես ստեղծագործական աշխատանք, սակայն այս դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աչք է փակում եւ ոչ մի արձագանք չի տալիս, համենայնդեպս, այդ մասին որեւէ արձանագրում չկա։

Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ նախաձեռնի եւ իսկապես անհամատեղելիություն հայտնաբերվի, ապա Ազգային Ժողով կուղարկվի Թագուհի Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը։

Ստացվում է, որ պատգամավորական մանդատին զուգահեռ, անհամատեղելի աշխատանքներ կատարող իշխանական պատգամավորներն անպատիժ են մնում։ Հենց սա է Նիկոլ Փաշինյանի սիրելի «պոզով եւ պոչով» կոռուպցիան։

Նշենք նաեւ, որ վերոնշյալ հարցերի առնչությամբ փորձեցինք կապ հաստատել պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից