Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 19:30 10-05-2024

Էդքան նորակառույց ո՞ւմ համար եք սարքել, թուրքերի՞․ Նորագյուղ թաղամասի բնակիչ

Տևական ժամանակ է իշխանությունները քննարկում են Նորագյուղ թաղամասը հիմնովին քանդելու, փոխարենը նոր թաղամաս կառուցելու հարցը։

Պաշտոնյաների խոսքով՝ թաղամասը չի համապատասխանում մեր օրերի պահանջներին, սակայն նրանք Նորագյուղի բնակիչներին չեն խոստացել ո՛չ փոխհատուցում, ո՛չ էլ տևական կացարան։

Oragir.News-ը այցելեց Նորագյուղ, զրուցեց բնակիչների հետ և պարզեց, որ թաղամասում կան ավելի օրհասական խնդիրներ։

Օրինակ՝ թափառող շները, փողոցով տարածվող կոյուղու գարշահոտը, տրանսպորտի խնդիրը, դպրոցների, մանկապարտեզների և խաղահրապարակների իսպառ բացակայությունը։

Նորագյուղի բնակչուհի տիկին Իրինայի խոսքով՝ ավելի լավ է լուծեն այդ խնդիրները, քան թաղամասը քանդեն և ժողովրդին էլ թողնեն դրսում։

«Անգամ կանալիզացիայի ջրերը չեն գալիս մաքրեն, տհաճ երևույթ է, ջրերը լցվում է տները։

Եթե քանդեն, գոնե՝ ժողովրդին մի բանով ապահովեն, լավ կլինի։ Բայց հույս չունենք, որ կփոխհատուցեն, որովհետև կողքից նայելով, բոլոր թաղամասերում ժողովուրդը շատ դժգոհ է։ Մեկի տունը վերցրել են, կիսատ փող են տվել։ Մյուսին ասել են՝ գնացեք վարձով ապրեք, մենք գումարը կտանք ու չեն տվել։ Ոչ մի լավ բան չենք սպասում»,- ասաց տիկին Իրինան։

Մեկ այլ բնակիչ էլ նկատեց, որ իրենց տները քանդող իշխանությունները չեն խոսում որպես փոխահատուցում իրենց բնակարանով ապահովելու մասին, չնայած քաղաքում մեծածաբալ շինարարություն է կատարվում։ «Էդքան նորակառույց ու՞մ համար եք սարքել, թուրքերի՞»,- ասաց նա։

Նորագյուղի բնակիչները մտավախություն ունեն, որ կարժանանան Կոնդի բնակիչներիտխուր ճակատագրին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր տեղեկացրել, որ Երևանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցումը։

«Նորագյուղ թաղամասի Downtown ծրագիրը, որը քննարկվում է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների հետ, նպատակ ունի բեռնաթափել քաղաքի փոքր կենտրոնը և ձևավորել նոր դիմագիծ ու միջավայր Երևանի համար, որը դեռ պետք է բացահայտեն երևանցիներն ու քաղաքի հյուրերը»,– Ֆեյսբուքի իր էջում գրել էր Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։