copy image url
Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 12:00 10-05-2024

Մարդիկ տարբեր են, սակայն բոլորի համար Հայրենիքը նույնն է, որը պիտի փրկել

Բագրատ Սրբազանի հայտարարած պայքարը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ է՝ քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանն անընդհատ թուլանում է, տալիս իր դարավոր տարածքները, կազմաքանդում զինված ուժերը, զրկում պետությունը պաշտպանելու որևէ հնարավորությունից։

Արցախցիներս նույնպես հայրենազրկվել ենք այդ նույն քաղաքականության արդյունքում․ երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը Պրահայում «ճանաչեց» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 600 քառ․ կմ մակերեսով, դրանից քիչ անց Արցախը պաշարվեց, ամիսներ շարունակ հյուծվեց, և 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական պատերազմի հետևանքով հայաթափվեց։

Ինչո՞վ հիմնավոր պատճառ չէ միանալու Սրբազանի պայքարին։ Թվում է, թե առիթ չունենք չմիանալու Բագրատ Սրբազանին և համախմբվելու այս հակահայ վարչախմբի հեռացման գաղափարի շուրջ։
Եվ հազարավոր արցախցիներ այս պահին Շարժման հետ են հենց այս պատճառով։

Սակայն ունենք նաև այնպիսի հայրենակիցներ, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և դա հիմնավորում են տարբեր եղանակներով։ Օրինակ, սոցիալական ցանցում այսպիսի մեկնաբանություններ և գրառումներ են հրապարակվում․ «Հարգելի ժողովուրդ, վերջապես հասկացեք՝ Արցախը չեն հանձնել, Արցախը թշնամին ԳՐԱՎԵԼ է։ Արցախի համար կռիվ է տրվել։ Իսկ թշնամին հզորացել է նրանից որ էսքան տարի մենք չենք սիրել մեր երկիրը։ Լավ չենք աշխատել, թալանչիներին պատասխանատվության չենք ենթարկել։Պատասխանատու քաղաքացի չենք եղել։ Թողել-փախել ենք մեր երկրից։ Հիմա էլ նույնը շարունակում ենք։ ԲՈԼՈՐՍ ՀԱՎԱՍԱՐ մեղավոր ենք։ Ուշքի եկեք։ Իրականության դեմքին բաց աչքերով նայեք։ Թե չէ էս տեմպերով փրկություն չի լինելու։ Ինչ կառավարություն էլ գա, քանի էս ժողովուրդը չի փոխվել, լավ բան չի լինելու», գրում է Մոնիկա Խորոտյան օգտատերը։

Ալյոնա Սայիլյան օգտատերը գրում է․ «Երեկվանից ականատես եմ արցախցիներից ոմանց՝ հողատուին պաշտպանելուն։ Նրանք ասում են՝ դավաճա՞ն ես, մի պայքարիր, էն մարդն ի՞նչ վատ բան է արել, քեզ սոված չի թողել․․․ Ասում են հատկապես նրանք, ով էստեղ պետական աշխատանքի է ընդունվել, վախենում են աշխատանքը կորցնել, զոմբի են դարձել․․․»։

Կան արցախցի մտավորականներ ևս, որոնք դեմ են հակաիշխանական պայքարին, քանի որ դա, ըստ նրանց, ռուսական ազդեցության գործակալների կեղծ խոսույթն է։ «Բռնի տեղահանված արցախցիներին կոչ են անում, հորդորում, որ նրանք անպայման միանան Բագրատ արքեպիսկոպոսի ղեկավարած շարժմանը ա՛յն բանի համար, թե իբր «Ռուսաստանը կբացի Արցախի դռները»։ Դա անհնար է, Ռուսաստանը 3 տարի Արցախում էր և կարող էր, օրինակ, հնարավոր չդարձնել Լաչինի միջքանցքի արգելափակումը։ Ինչու՞ չի այդպես արել։ Եվ հանուն ինչի՞ Ռուսաստանը պետք է բացի այդ թվում սեփական ձեռամբ փակված Արցախ-Հայաստանի դռները», գրում է նրանցից մեկը։

Բոլոր դեպքերում, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ընթացող պայքարն անտարբեր չի թողել հասարակությանը, ինչը ողջունելի է այդ թվում թմբիրից արթնանալու և սեփական երկրի ճակատագրի որոշմանը մասնակից դառնալու տեսանկյունից։

Տիգրան Աթանեսյան