Զինամթերքի պակաս կա. Կիևն ընդունել է ռազմաճակատում Մոսկվայի գերակայությունը
copy image url

Զինամթերքի պակաս կա. Կիևն ընդունել է ռազմաճակատում Մոսկվայի գերակայությունը

Արտաքին 11 ամիս առաջ - 20:00 02-05-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին ամիսներին արևմտյան երկրները, հատկապես Միացյալ Նահանգները, զգալիորեն կրճատել են Ուկրիանային տրամադրվող ֆինանսական և ռազմական աջակցությանը, ինչը Կիևի համար ռազմաճակատում լուրջ խնդիրներ է ստեղծել։ Սա պայմանավորված է ինչպես աշխարհի այլ վայրերում՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում ընթացող մյուս հակամարտությունների համար պահաջվող ֆինանսական ռեսուրսներով, այնպես էլ նույն արևմտյան երկրների բնակչության շրջանում առկա դժգոհություններով. արևմտյան երկրներում բնակչության մեծասնությունը չի աջակցում Ուկրաինային խոշոր աջակցության տրամադրմանը։

Այս ամենի հետևանքով ի տարբերություն պատերազմի սկզբնական շրջանի, երբ արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինային հաջողվեց կանգնեցնել ռուսական առաջխաղացումը, ինչպես նաև վերականգնել կորցրած տարածքների մի մասը, վերջինս շրջանում ուկրաինական կողմը կրկին տարածքային կորուստներ է ունենում։

Չնայած ռուսական զորքը դեռևս այնպիսի հաջողություններ չի արձանագրում, որոնք ռազմական գործողություններում բեկում կմտցնեն, այնուամենայնիվ վերջին շրջանում մասնավորապես Ավդեևկայի ուղղության վերջինիս հաջողվել է զգալի առաջխաղացում արձանագրել։ Ռազմական փորձագետների համոզմամբ՝ այս ուղղությամբ առաջխաղացումը Մոսկվային թույլ կտա առաջիկայում ընդլայնել ճեղքումը, վերահսկողության հաստատել Դոնբասի՝ ուկրաիանական վերահսկողության տակ մնացած հատվածի նկատմամբ, ինչպես նաև հիմքեր ստեղծել հետագա առաջխաղացման համար։

Այսօր ռազմաճակատում Ռուսաստանի գերակայությունն ընդունել է նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ հայտարարելով, որ ռուսական կողմն ավելի արդյունավետ է իր ռազմական ջանքերում։ Foreign Policy-ին տված հարցազրույցում վերջինս ասել է, որ պատերազմական պայմաններում կարևոր է ոչ միայն տրամադրվող օգնության քանակն ու որակը, այլև տրամադրման ժամկետը։

«Ուկրաինացի զինվորները զինամթերքի բացակայության պատճառով «հրետանային քաղց» են զգում: Նրանք ռմբակոծվում են, դիրքերը ոչնչացվում են: Եվ, ցավոք, պետք է խոստովանեմ, որ Ուկրաինայի դաշնակիցները հետ են մնում ժամանակացույցից՝ չնայած առավելագույն ջանքեր գործադրելուն։ Նրանցից ոմանք մեծ ջանք գործադրեցին։ Բայց երբ ես նայում եմ, թե ինչի է հասել Ռուսաստանը՝ վերականգնելով իր պաշտպանական արդյունաբերական բազան, և ինչի են հասել Արևմուտքի մնացած երկրները մինչ այժմ, մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռազմական ջանքերում»,- ասել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Այսպիսով՝ ուկրաինական ռազմաճակատից ստացվող տեղեկությունները, ինչպես նաև Կուլեբայի վերջին հայտարարությունը վկայում են այն մասին, որ Կիևը շարունակում է խնդիրների բախվել՝ իր արևմտյան դաշնակիցներից ռազմական աջակցություն ստանալու հարցում, ինչը էլ ավելի է բարդացնում ռազմաճակատում տիրող իրավիճակը։ Առաջիկա ամիսներին այդ խնդիրներն էլ ավելի նկատելի կլինեն, քանի որ շուտով ԱՄՆ-ում մեկնարկելու է նախագահական ընտրությունների քարոզարշավը, որի ֆոնին Ուկրաինային աջակցության տրամադրումը կրկին երկրորդ պլան կմղվի։

Բացի այդ, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ում շանսերն անհամեմատ ավելի բարձր են գնահատվում, վերջինս ինչպես մի քանի անգամ խոստացել է, էլ ավելի կկրաճատի Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ Բնականաբար ԱՄՆ-ին զուգահեռ ռազմական աջակցությունը կկրճատեն նաև եվրոպական երկրները, ինչը Զելենսկու կաբինետին կստիպի ՌԴ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, ինչից վերջինս առ այսօր կտրականապես հրաժարվում է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով առաջիկա ընտրություններին նույնպես մտադիր է մասնակցել, բազմիցս հայտարարել է, որ եթե ինքը վերադառնա Սպիտակ տուն ուկրաինական պատերազմը 24 ժամում կդադարեցնի։

Դավիթ Գույումջյան