copy image url
Միտք Ներքին 2 շաբաթ առաջ - 09:00 30-04-2024

Հեղափոխական արժեքներն ինչ էին՝ ինչ դարձան. կոպեկներ են հաշվում

Հեղափոխության տարեդարձի առթիվ, որը ազգային օրացույցում ամրագրվել է որպես Քաղաքացու օր, տեղին է անդրադառնալ հեղափոխական արժեքներին, որոնց մի մասն արդեն մոռացվել է, այլասերվել ու դեգրադացվել։

Իրոք, իշխանության առաջին 1-2 տարում չինովնիկներն այնքան վստահ էին ժողովրդի վստահության վրա, որ չէին էլ մտածում իշխանության յուրացման մասին։ Ժողովրդի իշխանության գաղափարը ոգևորում էր ոչ միայն պաշտոնյաներին, այլև քաղաքացիներին։ Առաջին ճաքերը եղան համաճարակի շրջանում։ Մինչ օրս քննվում են Առողջապահության նախարարության նախկին պաշտոնյաների չարաշահումների փաստերը։

2018-ի հեղափոխական ոգևորությունը շատերի վրա ցնցող տպավորություն է թողել։ Շատերն են հիշում, թե ինչ խոստումներ էր տալիս հեղափոխության առաջնորդը, ինչ լավատեսություն էր ներշնչում, ինչ փոփոխությունների գաղափարներ ներկայացնում։ Հետագայում պարզվեց, որ դրանց մեծ մասը սովորական խաբկանք էր։ Քաղաքացին շարունակում է մնալ տուգանքի մատերիալ։ Մարդասիրությունը մղվել է տասներորդական պլան։ Հավասարությունը ոչ ոք հաշվի չի առնում։ Իսկ ազատությունն ընդհանրապես արժեք չէ։ Ընդդիմախոսները հալածանքների են ենթարկվում։ Օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար, ձևավորվում է ՔՊ-ական և ՔՊ-ամերձ արտոնյալների նոր կաստա։ Նոր օլիգարխական շրջանակ է ձևավորվում, միավորելով հին օլիգարխների մեծ մասին և նորընծաներին։

Արժեքային հետընթացի մասին են խոսում նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, որոնց, ի դեպ, անդրադարձել է Freedom Huose-ը։ Քաղաքական-պետական գործիչներ կան, որոնք տարիներով նախնական կալանքի տակ են։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի օրերին չեխական զինամթերք գնելու մեջ մեղադրվող Դավիթ Տոնոյանը մի քանի տարի անորոշ գտնվում է բանտում։ Մամիկոն Ասլանյանը նույնպես անորոշ նստած է։ 6 տարի համաներում չի անցկացվել Հայաստանում։ Ազատազրկվածների հարազատների աչքը ջուր է կրել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տելեգրամյան և տիկտոկյան հարթակներում կրկին ակտիվացել են գումարով վարորդական վկայականների տրամադրման առաջարկները։ Ընդ որում, եթե ամիսներ առաջ դրանց գները տատանվում էին 300-500 հազար դրամի շրջանակներում, ապա այսօր B կարգի համար պահանջում են 140 հազար դրամ, իսկ BC կարգի համար՝ 280 հազար։ Այսպիսով՝ ՀՀ-ում կոռուպցիայի մասին են ակնարկում ոչ միայն միջազգային զեկույցները, այլև սոցցանցերում շատ էժան գնով վարորդական իրավունքի վկայականներ վաճառողները։

2022-ից սկսած՝ ՀՀ բանկերը դոլար չէին տրամադրում քաղաքացիներին։ Սռաջացել էր հարց, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է անում դոլարը, որը չի տալիս քաղաքացիներին։ Ասում էին, թե Նիկոլ Փաշինյանի հրահանգով էր հավաքվում դոլարն ու փոխանցվում ռուս գործընկերոջը, որը միջազգային պատժամիջոցների տակ էր հայտնվել Ուկրաինա ներխուժման հետևանքով։ Հետագայում պարզվեց, որ հեղափոխական իշխանություններին պարզապես փող է հարկավոր սև օրվա համար։

Պատկերավոր ասած՝ կոպեկներ են հավաքում, հավանաբար՝ պլանավորելով՝ ժողովրդի վստահութունից զրկվելուց հետո լքել հայրենիքն ու ապահով ապրել օտար երկրներում, որտեղ նրանց շատ փող հարկավոր կլինի։ Ենթադրաբար՝ այս պատճառով են խստացնում որոշ ծառայությունների հարկերը, ինտենսիվացնում տուգանքները, թանկացնում է հանրային տրանսպորտը։ Այս ամենը կարելի էր որակել տնտեսական կոշտ քաղաքականություն, սակայն համացանցում վարորդական իրավունքի վկայականների վաճառքի գների չհիմնավորված անկումը նշանակում է, որ պաշտոնյաները շտապում են։

Չնայած հեղափոխական պաշտոնյաների մեծ մասը երիտասարդները են, սակայն, նրանք նույնպես գիտակցում են, որ իրենց իշխանությունը ժամանակավոր է։ Պարզ ասած՝ հեղափոխականները ոչ միայն խստացնում են հարկերն ու թանկացնում տրանսպորտն, այլև աստիճանաբար հրաժարվում հեղափոխական արժեքներից։ Ուշագրավ է, որ Քաղաքացու օրվա առիթով վարչապետի ուղերձում ոչինչ չկար արժեքների մասին։ Կարծես՝ դրանք ժամկետանց ապրանք են դարձել ու չեն հետաքրքրում ոչ ոքի։ Հեղափոխականներին, հավանաբար՝ հետաքրքում է միայն փողը, գերադասելի է արտարժույթը, որը կփորձեն քերել, որքան հնարավոր է՝ շատ, վայելել արտերկրում՝ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների օրինակով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված