Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:14 26-07-2022

Հիմա՝ 21-րդ դարում, ով է IQ հաշվում․ Հովհաննես Քոչարյանը՝ Պարեկային ծառայության ընդունելության մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերի ընդունելության ֆիզպատրաստվածության անցողիկ շեմը եղել է 8 միավոր 20-ից, իսկ IQ թեստինը՝ 15 միավոր 55-ից։

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանի հետ։

Քոչարյանը, անդրադառնալով Իոաննիսյանի հրապարակած տվյալներին, ասաց. «Այդ նշված թվերը ինձ ոչինչ չեն ասում, որ ես կարողանամ արդյունավետությունից խոսել։ Որպեսզի ես արդյունավետություն կարողանամ գնահատել, պետք է այդ չափման միավորներին կամ չափորոշիչներին ծանոթ լինեմ։ Հիմա՝ 21-րդ դարում, ով է IQ հաշվում։ Այդ թվերը, որ հրապարակվել են, բովանդակային առումով ոչինչ չեն պարունակում, որ ես մեկնաբանություն տամ։ Ամեն դեպքում՝ ես զարմացած եմ, որ IQ են հաշվում հիմա։

Քանի որ դիմորդները բարձրագույն կրթություն չունեն, պետք է զտվեն․ միջնակարգ կրթությամբ դիմորդները զիջում են բուհական կրթություն ունեցողներին, բայց միևնույն ժամանակ կան միջնակարգ կրթություն ունեցողներ, ովքեր գերազանցում են բարձրագույն կրթություն ունեցողներին։ Այստեղ շատ դժվար է ասել, որ բոլորը տկարամիտ են, և նրանցից խելացի մարդիկ հնարավոր չի ընտրել։ Այդ կարգի ծայրահեղություն չի կարող լինել։ Երևի դիմորդների թիվը քիչ է եղել, շեմը իջեցրել են, որ շատ մարդիկ կարողանան ընդունվել, բնականաբար որակի կորստի հաշվին․ ուրիշ տարբերակ հնարավոր չէ»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանը նշեց նաև. «Պարեկային ծառայությունում գործում էր այն սկզբունքը, որ արվեր ամեն ինչ, որպեսզի ստորաբաժանումը չդասավորվեր ըստ ծառայողների բնակության վայրին մոտ, որպեսզի մարդիկ տարածքի հետ չկապվեին։ Եթե մարդ մի համայնքի բնակիչ է, այդ համայնքում ծառայություն է տանում, այսպես թե այնպես ինչ-որ տարիներ կամ ամիսների աշխատանքի շնորհիվ ինչ-որ կապեր, ծանոթություններ է ձեռք բերում, որը բերում է տնավարության, դա մենք տեսել ենք։ Պարեկային ծառայությունը պետք է զերծ պահվեր նման արատից, և որոշվեց, որ պետք է կենտրոնական լինի և համապետական։ Նրա գործունեության համար համայնքը նշանակություն չպետք է ունենա, սա պետք է պահել և զարգացնել, որպեսզի կապված չլինեն ծառայակիցները իրենց բնակության վայրի հետ, թող գնան ուրիշ մարզերում ծառայեն։ Կարևորը այն է, որ պարեկային ծառայությունը լինի պատշաճ»։

Իսկ մեր այն հարցին, թե պարեկային ծառայողները կարողանում են արդյոք լիարժեք և պատշաճ կատարել իրենց առջև դրված խնդիրը, Քոչարյանն ասաց. «Բնականաբար երևում է, որ ծառայությունը նոր է, անփորձությունը զգացվում է, այնպես չէ, որ չենք նկատում։ Բայց սրան այլ լուծում չկա․ նրանք պետք է ժամանակի ընթացքում և՛ աշխատեն, և՛ սովորոն։ Բայց ես պետք է նշեմ, որ իրենք գոնե մի քանի առիթով նորամուծություն բերեցին, օրինակ՝ խախտումների դեպքում եթե կոշտ արձագանքման անհրաժեշտություն է ծագում, նրանք չեն խուսափում, կարողանում են ուժի կիրառման հարցում ավելի ճկուն, նախահարձակ լինել։ Մի բան, որը ժամանակին մենք չէինք տեսնում ճանապարհային ոստիկանների պարագայում, որոնց ամբողջ կյանքում միայն արձանագրություն կազմել էին սովորեցնում։ Պետք չի ծայրահեղացնել՝ թե՛ դրականը, թե՛ բացասականը»։