Մշակույթ 2 տարի առաջ - 16:45 24-04-2024

Երբ աշխարհում երկու հայ խոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց․ Վիլյամ Սարոյան

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ


Ուշ գիշերով ռուսների Ռոստով քաղաքում անցնում էի մի գարեջրատան մոտով, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն ամպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա ու հարցրի.

-Ինչպե՞ս ես, Աստված տունդ ավրե, ինչպե՞ս ես:
Չգիտեմ ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա: Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրն ու խորադիր աչքերը: Բարձր ու ծուռ քիթ, խորադիր աչք, խիտ գանգուր շատերն ունեն, բայց հայ չեն: Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա էի ընկել Հայաստանը գտնելու: Ցավում եմ որ ձեզ տխրեցնելու եմ, պարոնայք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա:

Փոքր Ասիայում մի փոքր հողակտոր կա, այնտեղ հովիտներ կան, լեռներ, լճեր ու քաղաքներ, որ լավ լեռներ ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնայք: Ցավում եմ, բայց Հայաստան չկա, պարոնայք, կան միայն մարդիկ, որ աշխարհում ապրում են որպես իրենց երկրում: Ամերիկա էլ չկա, պարոնայք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնայք:
Ոտք դրեցի, ուրեմն, գարեջրատուն՝ բարևելու ինձ նման մեկին՝ օտար աշխարհի մեջ մի օտարականի:

-Վա՛յ,- ասավ զարմանքի այն շեշտով, որ մեր լեզուն ծափուծիծաղ է դարձնում:- Դո՞ւ:
Եվ այդ «դու»-ն ճիշտ ես էի՝ իմ հագուստը, կոշիկները, իմ գլխարկը ու, թերևս, ամբողջ Ամերիկան իմ դեմքին:
-Ինչպե՞ս հոս ինկար:
-Գաղտուկ,- ասացի խանդաղատանքով,- կքալեի: Ո՞րն է քու քաղաքդ, ո՞ւր ծնած ես: (Հայերենն ասում է՝ ու՞ր աշխարհ եկար):
-Մուշ,- ասաց:- Ո՞ւր կերթաս, հոս ի՞նչ կընես, դուն ամերիկացի ես` հագուստդ ամերիկացու է:
Մուշ:
Ես սիրում եմ այդ քաղաքը: Ես կարող եմ սիրել որևէ վայր, որը երբեք չեմ տեսել, վայր որ այլևս գոյություն չունի, որի բնակիչները սպանված են:
Մուշ… քաղաք է, ուր հայրս իր երիտասարդությանը եղել է:

Տեր Աստված, ի~նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի որքան լավ է հայի համար հանդիպելը մի ուրիշ հայի՝ աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մե՜զ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մե՜զ ինչ անգամ բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:

-Վա~յ,- ասաց կամաց ու մեղմ ուրախությամբ.- Ու լեզուն կխոսիս, չես մոռցած:
Ու երկու բաժակ տեղական անհամ գարեջուր բերեց:

Եվ հայոց մեր շարժուձևը, որն այնքան բան է ասում, ծնկներին խփելը ու պայթուն ծիծաղը: Եվ կյանքի ու մեծ-մեծ գաղափարների ծաղրը: Եվ հայերեն բառը, նայվածքը, ժպիտը, և այս ամենի միջից զարմանալի հառնումը ցեղի՝ ուշացած, բայց դարձյալ զորավոր, թեև տարիներ են թավալվել, թեև քաղաքները կործանվել, հայրերը, եղբայրներն ու զավակները սպանվել են, վայրերը մոռացվել, երազները փշրվել, և հոգիները ոխից սևացել են:
Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարողանար այս ցեղը, կոդակ ու հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են:

Փորձեք կործանել այս ցեղը, ասացեք՝ դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը՝ պատերազմի ծխով բռնված: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Իրենց տներից քշեք անապատ. մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսեք՝ նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց լեզվով:

Ջանացեք, տեսեք՝ կարողանա՞ք պիտի, շունշանորդիներ, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, երբ աշխարհում երկու հայ խոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց:

Թարգմանությունը` Շողեր Մաթևոսյանի
1983 թ.,

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է