Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 21:00 24-04-2024

Նիկոլ Փաշինյանը կողմ է համախմբմանը, բայց միայն իր շուրջ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետության շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերների պայմաններում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ անհրաժեշտ է մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և համախմբվել՝ հանուն մեր երկիրի անկախության և ինքնիշխանության պահպանման։ Նման մի կոչով էլ Փաշինյանը հանդես եկավ նախորդ սեպտեմբերին, երբ նշաձողն անվերջ իջեցնելու քաղաքականության հետևանքով Ադրբեջանը հարձակում գործեց և լիովին բռնազավթեց Արցախը, մեր ավելի քան 100 հազար հայրենակիցներին էթնիկ զտման ենթարկեց, իսկ Հայաստանում էլ հազարավոր քաղաքացիներ Փաշինյանի հրաժարականի պահանջով դուրս եկան փողոցներ։

Երբ իրավիճակը հանդարտվեց ու իշխանությունը կորցնելու վտանգն աստիճանաբար վերացավ, Նիկոլ Փաշինյանը կարծես թե մոռացավ, որ ժողովրդին խոստանում էր առաջնորդել Հայաստանի անկախության պահպանության շարժումը և բոլորին կոչ անում աջակցել իրեն։ Արդեն Արցախի ամբողջական հանձնումից ամիսներ անց Ադրբեջանը պահանջում է անհապաղ իրեն հանձնել նաև Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը, ինչին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պաշտոնապես համաձայնել է, սակայն բնակչության մի մասն այդ ծրագիրը վիժեցնելու և Փաշինյանին հեռացնելու նպատակով այս օրերին ոտքի է կանգնել, իսկ գործող իշխանությունները կրկին սկսել են համազգային համախմբման անհրաժեշտության մասին խոսել։

Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է. պայմանականորեն հենց ապրիլի 24-ն է համարվում ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, քանի որ 1915 թվականի այս օրը երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, մեկնարկեցին հայ մտավորականության զանգվածային ձերբակալություններն ու սպանությունները։ Ապրիլի 24-ը տարիներ շարունակ Հայաստանում եղել է մի օր, երբ բոլորը, այդ թվում քաղաքական գործիչները, մի կողմ են դրել իրենց տարաձայնությունները և գոնե այդ օրը միավորվել ու հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին։

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին, հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, Հայաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների ջրերը մի առվով չեն հոսում։ Նիկոլ Փաշինյանն առ այսօր չի կարողանում մոռանալ, որ 44-օրյա պատերազմից հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ի թիվս այլոց, պահանջեց պատերազմում պարտված և երկիրն աղետալի վիճակի մեջ հասցրած կառավարության հրաժարականը, իսկ նախորդ տարի էլ հայտարարեց, որ Փաշինյանին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետներ չունի՝ փաստացի վերահաստատելով իր կոչը։

Վեհափառի այս հորդորից հետո Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած կաբինետի անդամների մեծ մասը սկսեցին ոչ միայն չմասնակցել տարբեր առիթներով նրա մատուցած պատարագներին, այլև վերջինիս հետ առհասարակ հանրային միջոցառումների չմասնակցել։ Փաշինյանի համար բացառություն չէր նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, և 2021 թվականից սկսած Հայաստանի աշխարհիկ և հոգևոր վերնախավը սկսեց առանձին ու տարբեր ժամերի ժամանել Ծիծեռնակաբերդ. մի բան, որը ոչ միայն նախքան 2018 թվականի իշխանափոխությունը, այլև Փաշինյանի կառավարման նախապատերազմական շրջանում անհնար էր անգամ պատկերացնելը։

Այսօր՝ 2024 թվականի ապրիլի 24-ին, Տավուշի շուրջ ծավալվող զարգացումների ֆոնին Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ-ն կրկին տարբեր ժամերի ժամանեցին ցեղասպանության հուշահամալիր, ինչի հետևանքով հանրությունը հերթական անգամ ականատես եղավ վերջիններիս միջև առկա տարաձայնություններին։ Ներկայիս իրավիճակում, երբ Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներն ու սպառնալիքներն օրեցօր խորանում են, վարչապետի և Ամենայն Հայոց կաթողիկոսի համատեղ այցը Ծիծեռնակաբերդ հանրության համար կարող էր համախմբման յուրօրինակ ուղերձ լինել, որին, ցավոք սրտի, ականատես չեղանք։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց, որ սեփական քաղաքական ամբիցիաներն իր համար ամեն ինչից վեր են, և նա պատրաստ չէ դրանք մի կողմ թողնել անգամ հանուն Հայաստանի Հանրապետության։ Նման կերպ Փաշինյանը հակասում է նաև վերջերս հնչեցրած իր այն հայտարարությանը, որ հանուն ՀՀ-ի նա պատրաստ է զոհաբերել նաև իր հետագա քաղաքական կարիերան. իրականում նա չի կարողանում, կամ չի ցանկանում հրաժարվել անգամ սեփական քինախնդրությունից ու ամբիցիաներից, ինչն այս պահին իսկապես բխում է Հայաստանի շահերից։

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը համազգային համախմբմանը դեմ չէ միայն այն դեպքում, երբ այդ համախմբումը պետք է կայանա իր և իր իշխանությունը պահպանելու շուրջ։ Մնացած բոլոր դեպքերում Հայաստանի կառավարության ղեկավարը ոչ միայն դեմ է այդ համախմբանը, այլև ամեն կերպ տապալում է դրա կայացումը, որպեսզի այն իր իշխանության համար վտանգներ չստեղծի։

Դավիթ Գույումջյան