Երևան +14°
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 23-04-2024

Նիկոլ Փաշինյանը «լիկվիդ» մնաց, բրիտանացիները չստացան ակնկալվող պատասխանները 

Նիկոլ Փաշինյանը շատ կուզենար, որ բրիտանական ԶԼՄ-ների հարցերի թեման լիներ սահմանազատումն ու խաղաղությունը, բայց այդպես չեղավ։ Ելնելով հարցերի հերթականությունից և պատասխանողի լարվածությունից, ենթադրելի է, որ կարևոր հարցերից առաջինը ՀՀ անվտանգությանը վերաբերվողն էր, երկրորդը՝ Արցախինը։

Անվտանգությանն առնչվող փաշինյանական դիրքորոշումը պարզ չէր։ ՀԱՊԿ-ին և ռուսական ռազմակայանին վերաբերող զուտ անգլիական հարցին անդրադառնալիս Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը թողեց ժողովրդի վրա։ «Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և ընդհանրապես չանդրադարձավ ռուսական ռազմակայանին։ Նույն հարցը վերաձևակերպվեց ու կրկին ուղղվեց, սակայն Փաշինյանը կրկին չկարողացավ պատասխանել, թե անվտանգային ինչ քաղաքականություն են վարում ներկայում և ինչ են մտադիր փոփոխել անվտանգային հայեցակարգում։

Բրիտանացի միջին վիճակագրական ընթերցողը կարող է եզրակացնել, որ ՀՀ իշխանությունը անվտանգային ռազմավարություն չունի, խոցելի վիճակում է։ Նրան օգնելը ռիսկային կարող է որակվել, քանի որ ՀՀ վարչապետը չգիտի, թե ինչու է ՀՀ-ն մնում ՀԱՊԿ-ում։ Առավել կասկածելի է, որ ռուսական ռազմակայանի մասին չի համարձակվում խոսել։ Բրիտանացի քաղաքական գործիչը կարող է գնահատել ռիսկը, կասկածել, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ անկախության ջատագով չէ, ռուսական գործակալ է։ Ու եթե բրիտանացուն վաղը հարցնեն՝ արժի՞ օգնել ՀՀ-ին, ապա ենթադրելի է, որ նա կասի՝ «Եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ», Ձեր վարչապետը պարզ հարցերին չի պատասխանում, անվտանգության հայեցակարգը չի վերանայում, կրկնում է ռուսական նարատիվը, թյուրիմացաբար ուրվագծում պատկեր, թե եթե հայ-ադրբեջանական սահմանազատում անեն, ապա ՀԱՊԿ-ը կերաշխավորի ՀՀ անվտանգությունը և պատերազմի վտանգը կչեզոքանա։

Արցախի վերաբերյալ հարցին ևս կոնկրետ պատասխան չհնչեց։ Բրիտանացի ժողովուրդը դժվար հասկանա, թե ՀՀ իշխանությունն ինչպե՞ս կարող է այսպիսի դիրքորոշում ունենալ Արցախի վերաբերյալ։ Փաշինյանն արցախցիների Արցախ վերադարձի վերաբերյալ պարզ, մարդկային ցանկություն չհայտնեց, ակնարկելով, որ տարեց արցախցիներն են ձգտում վերադառնալ Արցախ։ Սա նշանակում է, որ եթե վաղը միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, նրան ստիպի հետ ընդունել արցախցիներին բրիտանական դրոշներով միջազգային խաղաղապահների ուղեկցությամբ, ապա դատելով Փաշինյանի պատասխանից, ենթադրելի է, որ ՀՀ իշխանությունը կմերժի արևմտյան այդօրինակ նախաձեռնությունը։

Հարջորդ մեղմ, բիբիսիական հարցը վերաբերում էր Արցախում քրիստոնեական հուշարձանների պղծմանը։ Թեման հիշեցնում է խաչակրաց արշավանքները։ Հարցը պարունակում է ակնարկ։ Սակայն Փաշինյանն այս հարցից ևս շեղվեց, չկարողանալով սկզբունքայնություն ցուցաբերել։ Հոգևոր հուշարձանների պղծման նկատմամբ սառը, փիլիսոփայական արձագանքը ևս կարող է հիասթափեցնել բրիտանացիներին։ Ու եթե վաղը քրիստոնեական աշխարհը միավորվի ու փորձի պաշտպանել Արցախի քրիստոնեական հուշարձանները, ապա խիստ կասկածելի է, որ ՔՊ-ական իշխանությունը համարժեք կարձագանքի դրան։

Այսպիսով ագլերեն ընթերցողների համար պարզ դարձավ, որ ՀՀ-ն պատրաստ չէ պատերազմի, չի գիտակցում մոտալուտ պատերազմի իրական վտանգը, անվտանգային հայեցակարգ չունի, Արցախ վերադառնալու ցանկություն չունի։ Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանը քննությունը չհանձնեց, «լիկվիդ» մնաց։

Ուշագրավ է նաև այն, որ այս հարցազրույցը կազմակերպվեց Ալիևի Մոսկվա այցի, Պուտին-Ալիև հանդիպմանը զուգահեռ, որտեղ, ըստ կանխատեսումների, քննարկվել է ՀՀ-ի դեմ նախապատրաստվող ռուս-ադրբեջանական ագրեսիայի պլանը։ Բրիտանական խմբակային հարցազրույցը լավ առիթ էր ցույց տալու աշխարհին, որ ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, ձգտում է անկախության, ազատվելու ռուսական իներցիոն ազդեցությունից։ Ցավոք՝ Փաշինյանի խոսքով այլ պատկեր ուրվագծվեց։ Բրիտանացիները չստացան ակնկալվող պատասխանները։ Համոզվեցին, որ ՀՀ-ում քաղաքականություն չի փոխվել։ Ինչպես ասվում է հայտնի երգում՝ «Նույն քաղաքն է, նույն կանգառը ...»։

Թաթուլ Մկրտչյան