Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ից Սևանա լճում և ափամերձ տարածքներում սկսել գործել ջրային պարեկային ծառայությունը, որի նպատակը բոլոր առումներով անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալն է։
Ծառայությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով։ Նորաստեղծ ստորաբաժանումը գործում է պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, որը իրականացվում է ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով՝ համապատասխան որակավորմամբ պարեկների կողմից։
Մինչև աշխատանքի անցնելը պարեկները մասնակցում են դասընթացների, ուսումնասիրում են Ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, ծանոթանում լողամիջոցներին ու փրկարարական սարքավորումներին։ Իրենց լավագույս դրսևորած պարեկները սկսում են աշխատել նոր ստորաբաժանումում։
Վերջերս, մարտի 18-ին, ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկվեցին Ջրային պարեկային ծառայության 2-րդ հոսքի վերապատրաստման դասընթացները, որոնց ներգրավված են լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաղթահարած 36 պարեկներ։
Ջրային պարեկ դառնալու ցանկություն ունեցողները անցնում են թիրախային ուսուցում՝ նախնական 1-1,5 ամիս տևողությամբ։ Սակայն, մի՞թե օրենքի պահպանությամբ զբաղվող մասնագետի կարելի է պատրաստել այսպիսի սեղմ ժամկետներում։ Ի՞նչ է հասցնելու սովորել քաղաքացին այսքան ժամանակում մասնագիտությանը տիրապետելու համար և մի՞թե Ջրային պարեկի աշխատանքը այսքան դյուրին է անփորձ մարդկանց սովորեցնելու համար։
Իսկ ինչո՞վ են զբաղվելու նոր ստորաբաժանման աշխատակից Ջրային պարեկները․ Մեծ հաշվով, ստացվում է, որ Ջրային պարեկները միավորումն են ԱԻՆ աշխատակիցների և ցամաքային պարեկների աշխատանքի։ Այսինքն, այն աշախատանքը որը նախկինում կատարվում էր այս կառույցների կողմից, այժմ իրականացնելու են Ջրային պարեկները։ Վերջիններս ամռանը պետք է ապահովեն հանգստացողների և զբոսաշրջիկների ապահովությունը, որոշ դեպքերում կատարելով նաև փրկարարական աշխատանք, պետք է պահպանեն հասարակական կարգը, հայտնաբերեն իրավախախտներին, իսկ ձմռանը՝ ձկնատեսակների ձվադրման շրջանում, պետք է կանխեն և բացահայտեն Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեպքերը։
Նախկինում ձկնգողերին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու պատասխանատվությունը դրված էր «ցամաքային» պարեկների վրա, իսկ մարդկանց անվտանգության և փրկարարական աշխատանքները՝ ԱԻՆ աշխատակիցների վրա։
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը լրագրողներից մեկի հետ զրույցում նշել էր, որ Ջրային պարեկությունը լինելու է «դասական» պարեկի լրացուցիչ ֆունկցիան։
«Ջրային պարեկային ծառայության ստեղծման գաղափարի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Պարեկային ծառայության գործունեությունը չի կարող սահմանափակվել միայն ցամաքային հատվածում իրավակարգի ապահովմամբ։ Հանրապետությունում մենք ունենք նաև ջրային ծածկույթներ, որոնց վրա և որոնց շրջապատող հատվածներում պարեկի ներկայությունն օբյեկտիվ անհրաժեշտություն է։ Խոսքը հատկապես Սևանա լճին է վերաբերում։ Հենց վերջինիս դեպքում մեծ է ապօրինի ձկնորսության ռիսկը, բացի այդ, կարևոր են նաև Սևանա լիճը նախընտրող մեր հայրենակիցների և զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հարցը և այլ հիմնախնդիրների հասցեագրումը։
Բայցև կարևոր է, որ ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է «դասական» պարեկի լրացուցիչ ֆունկցիան։ Այսինքն՝ մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի Պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթները»։
Հանուն արդարության պետք է նշել, որ այս ընթացքում կանխվել են բազմաթիվ ձկնգողության դեպքեր, իսկ հայտնաբերվածները ենթարկվել պատասխանատվության։
Ինչ վերաբերում է քաղաքացիների անվտանգությունն ապահովելուն, Ջրային պարեկների այս գործառույթը դեռևս չի կարելի համարել օրինակելի, քանի որ այս ընթացքում ևս եղել են դեպքեր, երբ քաղաքացիները Սևանա լճում՝ որտեղ հերթապահում են Ջրային պարեկներ, խեղդամահ են եղել։ Օրինակ՝ հունվարի 23-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ Ծովակ բնակավայրի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ էր եղել։
Նախարարության կողմից բազմիցս նշվել է, որ գործելու է Ջրային պարեկերի 4 հիմնական հենակետ, որ ջրային պարեկները կարողանան ծածկել ամբողջ մակերևույթը, նաև՝ առափնյա հատվածը։Դրանք են՝ Շողակաթ հանրային, Արծվանիստ, Գեղամա լողափ և Թերակղզի հանրային։ Դրացից, մասնավորպես Արծվանիստ հենակետը բավականին մոտ է Ծովակ գյուղի տարածքին, որտեղ էլ տեղի էր ունեցել դժբախտ դեպքը։
Մանուշակ Մելքոնյան