copy image url
Ներքին 4 շաբաթ առաջ - 11:55 21-04-2024

Ռուսաստանն իր խնդիրը կատարել է հայկական շահերի հաշվին

2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցման օրը, առաջին հայացքից շատերի համար անսպասելի, Ռուսաստանը զորախումբ մտցրեց Արցախ, որը, համաձայն Պուտինի հայտարարության, թեև միջազգային իրավունքի տեսակետից համարվում էր Ադրբեջանի մաս, բայց որպես հակամարտության գոտի, որի բնակիչների մեծամասնությունն էթնիկ հայեր էին, պետք է ունենար ինչ-որ այլ՝ առանձին կարգավիճակ։

Այդ հետո սկսեցին խոսակցել, որ ռուսն ու թուրքն իրար հետ պայմանավորվածություններ ունեն, որոնց շրջանակներում Արցախի ¾ մասը պատերազմի արդյունքներով անցել էր Ադրբեջանի հսկողությանը։ Համենայն դեպս, ռուսական զորքն առժամանակ անց զգացրեց, որ չի պատրաստվում ադրբեջանական ագրեսիային դիմակայել, հատկապես՝ մեր ակնկալածով։ Ռուսական պետությունն իր հաշվարկներն ուներ։

2023 թվականին Արցախը հայաթափվեց, և այդ գործընթացը տեղի ունեցավ ռուսական զորախմբի լուռ հայացքի ներքո։ Մեկօրյա պատերազմի ընթացքում զորախմբի տրանսպորտն Իվանյանի իր կենտրոնակայանի տարածք հասցրեց որոշ գյուղերի որոշ ընտանիքների։ Այդ պրոցեսը նույնպես անխոս էր, ընտրանքով։ Ոչ մի սկզբունք չերևաց, թե ռուսներն ում են «փրկում», և ով չի կարող հենվել նրանց օգնության վրա։ Իրենք էին որոշում, և քանի որ պատերազմի նախընթաց ամիսներին շրջափակված Արցախը համոզվել էր, որ ՌԴ զինվորական ներկայությունը հաստատ հայության համար չէ (ընթացքում խորհուրդ տվեցին, որ ուշադիր կարդանք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ այնտեղ գրված էր, որ ռուսական զորախումբ է մտնում հակամարտության գոտի, ուրեմն՝ զորախմբի համազգեստին փակցված «МС»՝ миротворческие силы նշանակող նշանը, փաստորեն, սխալ էինք հասկացել), և զորախմբի ներկայության իմաստը դարձավ լիովին հանելուկ։

Այսպիսով, Արցախը հայաթափվեց, իսկ ռուսները մնացին։ Առժամանակ անց ադրբեջանական մամուլը սկսեց «արտահոսք» թողնել, որ զորախմբի մնալն իմաստազրկված է, բայց կարող են ներգրավել նրանց ականազերծման աշխատանքներին, բացի այդ՝ ռուսական զինվորականները կարող են պահպանել հայկական կրոնամշակութային օբյեկտները։

2023 թվականի հունվարի 9-ից զորախմբի կայքէջի թարմացումը դադարեցվեց։ Որևէ տեղեկություն, թե նրանք ինչով են զբաղված Արցախի տարածքում՝ նույնպես չկար, մինչև ապրիլի կեսերը, երբ ադրբեջանական մամուլը հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է «Ադրբեջանի տարածքը»։

Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, թե զորախմբի անձնակազմից մի քանի տասնյակ ծառայող առժամանակ մնալու է տեղում՝ կա՛մ, որպես հատուկ փաստահավաք խումբ, կա՛մ, որպես ադրբեջանական զինվորական ղեկավարության հետ հանձնում-ընդունում կատարելու համար լիազորված անձնակազմ։ Բոլոր դեպքերում, ադրբեջանական մեդիան զորախմբի հեռացումը նույնպես դիտարկում է, որպես Իլհամ Ալիևի փայլուն դիվանագիտական հերթական հաղթանակ։

․․․Այսօր Նիկոլ Փշինյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ ռուսական հենակետերը Տավուշի մարզում հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով, իսկ հիմա այդ իրադրության էական փոփոխություն է տեղի ունենում։ «Վստահ եմ՝ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան միմյանց հետո փոխգործակցել», ասաց նա՝ դրանով ակնարկելով այդ ուղղությամբ հետագա քայլերի մասին։

Նշենք նաև, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված հանդիպման օրակարգային հարցերից էր Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման արագացումը։

Փաստորեն, 2020 թվականի նոյեմբերից Անդրկովկասի առնվազն 2 կետում՝ Արցախում և Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը 2024-ին արդեն իսկ նվազել է կիսով չափ, և դիտարկելով զարգացումների ուղղությունը՝ կարող ենք գալ եզրահանգման, որ Ռուսաստանը եթե առայժմ ոչ ամբողջովին, ապա էապես զրկվել է անդրկովկասյան իր ռազմական ներկայությունից։ Ի՞նչ է ակնկալվում, ուրեմն․ ՀՀ կառավարության արևմտյան գործընկերությունը լավ հնարավորություններ ունի ավարտելու ռուսական ռազմական ազդեցությունը, որը տևական ժամանակահատվածում ձևավորված գործոն է, բայց հավանաբար սպառել է իրեն, գոնե այս ձևաչափով։

Դատելով իրադրության զարգացումներից, ռուսական կողմն այս վերջին 4 տարում մտնելով տարածաշրջան՝ առաջնորդվել է այն հաշվարկով, որ իր միջոցով կարող է բավարարվել թուրք-ադրբեջանական պահանջների հնարավոր ամբողջությունը։ Ըստ ամենայնի՝ սա ռուս-թուրքական գլոբալ պայմանավորվածության ռուսական մասի կատարումն է այն բանի դիմաց, որ թուրքերն ապահովել են ռուսական էներգակիրների և Ուկրաինայում վարվող պատերազմի ֆինանսավորման համար այլ միջոցների իրացումը։

Այսպիսով, Ռուսաստանն այս փուլում կատարել է իր խնդիրը։ Մեր հաշվին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան