Ուղիղ եթեր
Կարեն Շահրամանյանին դպրոցաշինության «ատկատները» գայթակղո՞ւմ են
copy image url

Կարեն Շահրամանյանին դպրոցաշինության «ատկատները» գայթակղո՞ւմ են

Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:53 21-04-2024
Կարեն Շահրամանյանն իր գրեթե ողջ չափահաս կյանքում զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ Արցախում՝ հիմնականում շինարարական ոլորտին առնչվող։

Անգամ այն պաշտոններում, որտեղ Շահրամանյանը շինարարության ընթացակարգերին միջամտելու իրավասություններ չի ունեցել՝ միևնույն է, մասնակցել է բնագավառի համար կարևոր (հատկապես ֆինանսական տեսակետից) միջոցառումներին՝ խորհրդակցություններին, ժողովներին, որտեղ կայացվել են մեծամասշտաբ շինարարական նախագծերի մեկնարկի մասին որոշումներ։

Չի կարելի պնդել, թե Շահրամանյանը շինարարության ոլորտի «ամենա-ամենա»-ն է, սակայն նա քաջատեղյակ է պետական այն ստվերային մեխանիզմներին, որոնց միջոցով կարելի է «դասավորել» հսկայածավալ ֆինանսական միջոցներով կառուցապատումներ։ Եվ, բնականաբար, զբաղվել ամենազոր «ատկատ»-ով։

Կարեն Շահրամանյանն, այդպիսով, կարողացել է նախ՝ Արցախում, ապա և՝ Արցախից դուրս, կուտակել վիթխարի միջոցներ։

Արցախյան պետական համակարգում Կարեն Շահրամանյանի վերջին պաշտոնը նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։ Այդ կարգավիճակում էլ նա «բռնատեղահանվել» է Հայաստան։

Հայաստանում 2023 թվականի սեպտեմբերի վերջ-հոկտեմբեր ժամանակահատվածը թեժ էր հատկապես արցախցի պաշտոնյաների համար։ Արցախահայերի մի հոծ բազմություն հոկտեմբերի 20-ին պաշարել էր Արցախի ներկայացուցչության շենքը․ մարդկանց տրամադրությունը բավական ագրեսիվ էր․․․ հարցերը, որոնք նրանք հնչեցնում էին, պատասխան չէին ստանում, ինչը լարվածություն և ծեծկռտուք առաջացրեց։

Կարեն Շահրամանյանը, միանգամայն անհասկանալի պատճառով, հայտնվել էր գազազած ամբոխում։ Ինչու ենք գործածում «անհասկանալի» բառը՝ որովհետև իր նախընթաց կյանքում նա նման իրավիճակներում չէր հայտնվել։ Եվ Կարեն Շահրամանյանը բավական անխոհեմ քայլ մտածեց՝ փորձեց ամբոխից ինչ-որ մեկին հանդիմանել։ Ըստ երևույթին, նրան թվում էր, թե այն նույն արցախցիներն են, որոնց վճարած հարկերը նա սովոր էր տեսնել շինարարությունների պետական ֆինանսավորման ծավալում։ Այնինչ, արցախցիները նույնը չէին, և ծեծեցին Կարեն Շահրամանյանին, հարվածներ հասցնելով նրան, պատռելով հագուստը, որը, պետք է ենթադրել, թանկարժեք էր և, ուրեմն՝ վնասն էլ մեծ էր։ Բայց Շահրամանյանը պիտի որ ուրախ լիներ, որովհետև, այնուամենայնիվ, էժան պրծավ։

Էժանը՝ էժան, բայց Կարեն Շահրամանյանը մտածմունքների մեջ ընկավ․ ի վերջո, իրեն հիմա պե՞տք է Արցախի նախագահի աշխատակազմ ղեկավարել։ Երբեմնի այդ տաքուկ պաշտոնը հիմա ոչ թե գլխացավանք է, այլ, կարելի է ասել, մահացու վտանգավոր․․․

Եվ նա սեփական դիմումի համաձայն (իսկապես՝ սեփական) ազատվեց պաշտոնից։ Առժամանակ անց տեղեկություններ տարածվեցին, որ Կարեն Շահրամանյանն աշխատանքի է անցել հայաստանյան մասնավոր հատվածում, որտեղ կրկին շինարարությամբ է զբաղվում։

Այսօր Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում էր՝ դպրոցներ էր այցելում, բասկետբոլ խաղում, ֆուտբոլի դաշտի թեքություն զննում․․․ Եվ նրան ուղեկցողներից մեկը Կարեն Շահրամանյանն էր, ով, հատկապես ֆուտբոլի դաշտում Փաշինյանի հետաքրքրասիրության նոպաների ընթացքում գտնվում էր ժողվարչապետի թիկունքին և ակներևաբար նյարդայնանում էր՝ հավանաբար տեսած լինելով դպրոցական շենքերում Փաշինյանի ցասման տեսարանները, որոնք առաջանում են շինարարական աղաղակող թերություններ հայտնաբերելիս։ Նրա բախտը բերեց․ Փաշինյանը զբաղված է հիմա ավելի շուտ ոչ թե շինարարական պրոբլեմներ հայտնաբերելով, այլ հայկական գյուղեր թշնամուն հանձնելով, բայց Կարենը պիտի հաշվի առնի Փաշինյանի՝ մեղավորներ որոնելու և գտնելու մոլուցքը, և լավ կլինի, որ հատկապես դպրոցաշինությունից հրաժարվի, ինչքան էլ այնտեղի «ատկատներն» իրենց չափերով գայթակղիչ ու հաստատ լինեն։