Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 շաբաթ առաջ - 16:00 18-04-2024

Ռուս «խաղաղապահներն» իրենց գործն արեցին․ Բաքուն այլևս նրանց կարիքը չունի

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախի Հանրապետության հայաթափումից և լիակատար անկումից հետո այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները շարունակեցին իրենց «գործունեությունը», չնայած այն բանին, որ նրանց հիմնական գործառույթը պետք է լիներ տեղի հայ բնակչության անվտանգության ապահովումը։ Այս համատեքստում Հայաստանում որոշ շրջանակների միջև իրարամերժ քննարկումներ ծավալվեցին, և նրանցից որոշներն անգամ պնդում էին, որ ռուսական ռազմական կոնտինգենտն Արցախից դուրս չի բերվելու, եթե անգամ այնտեղ հայեր չմնան։

Նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ Արցախի հայաթափումից շուրջ 6 ամիս անց մեկնարեկել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Պաշտոնական Մոսկվան հաստատեց այս տեղեկությունը, որոշ ռուս գործիչներ էլ պնդեցին, որ «հակամարտությունն արդեն ավարտվել է, ու ոչ մեկ չի վիճարկում, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին», ուստի խաղաղապահների կարիքն այլևս չի զգացվում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը նշեց, որ այսպես կոչված ռուս խաղաղապահները իրենց համար նախատեսված առաքելությունը ժամանակից շուտ են կատարել՝ Արցախի մնացորդը դատարկել են հայերից։ Նրա խոսքով՝ ամենասկզում ռուսական կողմը մտադիր էր մի փոքր ավելի երկար մնալ Արցախում, չնայած Ադրբեջանը բազմիցս հուշում էր, որ մեկ ժամկետից ավել մտադիր չէ երկարաձգել ռուսական բանակի ներկայությունը։

Քաղաքագետը շեշտում է՝ երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, միանգամայն և ակնբախորեն հասկանալի էր, որ ռուսական զորքերի զորքերի դուրսբերման, իսկ մինչ այդ նաև Արցախի մնացորդի հայաթափման գործընթացները պետք է արագանային։ «Իրենք փաստորեն մեկ տարի շուտ և մի փոքր ավել հասցրեցին կատարել իրենց չակերտավոր խաղաղապահ առաքելությունը։ Հատկանշական է նաև, որ նրանք հեռանում են Ադրբեջանի տարածքով»,- ասաց նա։

Ալեքսանդր Քանանյանի համոզմամբ՝ այստեղ Հայաստանի համար միայն մի դրական հանգամանք կա, դա այն է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները չմտան Հայաստան ու չհաստատվեցին Սյունիքում։ Նա կարծում է, որ այս իրողությունն արդեն կարելի է դրական համարել։

Մեր հարցին, թե Ադրբեջանի այս որոշումը կարո՞ղ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության պատճառ դառնալ՝ քաղաքագետը բացասական պատասխանեց։ «Բոլորովին ո՜չ։ Ակնհայտ էր, որ ռուսական կայազորն այնտեղ երկար չի մնալու, և Արցախի հայաթափությունից հետո ինքնաբերաբար հասկանալի էր, որ ռուսական զորքը պետք է շատ մոտ ապագայում հեռանա Արցախից։ Նրանք ինչ-որ պատրվակներով շուրջ կես տարով երկարաձգեցին իրենց ներկայությունը, անգամ դա հիմավորելու նպատակով նշվում էր, որ ռուս չակերտավոր խաղաղապահները մասնակցում են Արցախի որոշ ականապատ տարածքների ականազերծմանը և այլն»,- ասաց նա։

Ալեքսանդր Քանանյանը վերահաստատեց, որ այս որոշումը Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում լարվածության չի հանգեցնի, քանի որ դա տեղի է ունեցել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Նրա խոսքով՝ այստեղ միակ տարբերությունն այն է, որ ռուս խաղաղապահների գործունեության ժամկետներն էլ ավելի սեղմվեցին, և նրանք 2025-ի նոյեմբերի փոխարեն հիմա են դուրս բերվում։

Քաղաքագետից նաև հետաքրքրվեցինք, թե ներկայումս Արցախի բնակչության վերադարձի հնարավորություններ տեսնո՞ւմ է, այդ թվում միջազգային երաշխիքների ներդրման միջոցով, ինչին ի պատասխան նա ասաց, որ միջազգային երաշխիքներն ինքնաբերաբար անընդունակ են անգամ նվազագույն չափով անվտանգություն ու արժանապատիվ կյանք ապահովել արցախցիների համար։ Նա նշեց, որ Ադրբեջանը նույնպես երբեք չի թույլատրի Արցախի բնակչության վերադարձը, իսկ արցախցիներն էլ չեն ցանկանա ապրել ադրբեջանական վերահսկողության տակ։

Ալեքսանդր Քանանյանը հավելեց, որ ներկայումս արցախցիների վերդարձի միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ հայկական զինված ուժերի կողմից Արցախի և այլ հայաստանապատկան տարածքների ազատագրումը։ Նա միևնույն ժամանակ նկատում է, որ տեսանելի ապագայում դրա իրագործումն իրատեսական չէ։

«Բայց մենք հասկանում ենք, որ ներկայիս իշխանությունների օրոք դա հնարավոր չէ, նրանց և Հայաստանի նախկին ղեկավարների ջանքերով մեր երկիրն այն աստիճան է տկարացել, քայքայվել ու հետադիմել, որ Արցախի ազատագրման հեռանկարը կարող է տասնամյակներ անց ծագել, կամ առհասարակ մեր կենսագրության օրոք չծագել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված