Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 22:30 17-04-2024

Հայաթափված Արցախ, օկուպացված տարածքներ ՀՀ-ից․ Թավշյա հեղափոխության «նվաճումները»

Դավիթ Գույումջյան

Լրագրող

6 տարի առաջ նույն այս օրը՝ 2018 թվականի ապրիլի 17-ին, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 10-ամյա նախագահությունից հետո ԱԺ-ի կողմից ընտրվեց վարչապետ, որը 2015-ի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ամենալայն լիազորություննով օժտված պաշտոնն էր։ Սերժ Սարգսյանը ընտրությանը կողմ քվեարկեցին ԱԺ 105 պատգամավորներից 77-ը․ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ամբողջ կազմով, ԲՀԿ-ն՝ մասնակի, իսկ «Ելք» խմբակցությունն ամբողջ կազմով դեմ քվեարկեց։

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը կանխելու նպատակով դեռևս մարտի վերջից փողոցային պայքար էր սկսել ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ընդ որում սկզբական փուլում փողոցային պայքարի և ԱԺ-ի աշխատանքը բոյկոտելու գաղափարին աջակցում էր միայն Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ «Ելք» դաշինքի անդամ մյուս երկու կուսակցությունները՝ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» մասնակցում էին խորհրդարանի աշխատանքներին և վարչապետի ընտրության ժամանակ դեմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի թեկնածությանը։

Սերժ Սարգսյանի ընտրությանը և ԱԺ-ում նրա ելույթին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Ազգային ժողովի մոտ հավաքված քաղաքացիների դիմաց՝ նշելով, որ երկրում հաստատվել է հեղափոխական իրավիճակ։ «Ես հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը»,- հայտարարեց Փաշինյանը, ում խոսքով, մասնակից քաղաքացիների հիմնական անելիքը, պետական համակարգի ողջ աշխատանքը պարալիզացնելն է, գերատեսչական շենքերը շրջափակելը, հնարավորության դեպքում՝ այնտեղ նստացույց անելը։

Հաջորդող օրերին Նիկոլ Փաշինյանի առաջնորդած փողոցային պայքարը նոր թափ ստացավ և ի վերջո ապրիլի 23-ին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց 6 օր անց, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ իր հրաժարականի ուղերձում գրեց հայտնի «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» խոսքերը։ Սարգսյանի հրաժարակից հետո փողոցային պայքարը նոր թափ ստացավ, դրան հազարավոր քաղաքացիներ ու բազմաթիվ քաղաքական ուժեր միացան, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մեծացնել դեռևս խորհրդարանական մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցության վրա, որի արդյունքում վերջինս ստիպված եղավ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար Փաշինյանի օգտին նվազագույն քվեներ ապահովել։

Մայիսի 8-ին՝ երկրորդ փորձից հետո, Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց․ Սարգսյանի հրաժարականից հետո նրա թեկնածությանն աջակցում էին ԲՀԿ-ն, դեռևս օրեր առաջ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ինչպես նաև «Ելք» դաշինքի մյուս անդամները, որոնցից, օրինակ, Էդմոն Մարուքյանը փողոցային պայքարի սկզբնական օրերին քննադատում էր Նիկոլ Փաշինյանին և ընդգծում երրորդ ճանապարհ գտնելու անհրաժեշտությունը։

Այսպիսով՝ օրեր անց կլրանա 6-րդ տարին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած ՔՊ-ն ղեկավարում են Հայաստանը։ Փաշինյանի ղեկավարած 6 տարիներից էին խաղաղ էին միայն առաջին երկուսը, որոնք աչքի ընկան նաև սահմանային միջադեպերի բացակայությամբ․ մի բան, որով Փաշինյանն ու իր թիմը մի ժամանակ հաճախ էին սիրում հպարտանալ։ Այս շրջանում Նիկոլ Փաշինյանը վայելում էր հանրության ճնշող մեծամասնության անվերապահ վստահությունը, որի վրա էլ հիմնվելով էլ վերջինս մի շարք մի շարք վիճահարույց ու փորձագետների գնահատմամբ հակասահմանադրական նախաձեռնություններով հանդես եկավ․ անձամբ Նիկոլ Փաշինյանի հորդորով 2019-ի մայիսին շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, 2020-ի հունիսին իշխող «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ պաշտոնանկ արվեցին Սահմանադրական դատարանի մի շարք անդամներ և այլն։

Միևնույն ժամանակ այս ընթացքում Հայաստանի նորաթուխ իշխանությունները հնչեցրեցին մի քանի ամպագոռգոռ հայտարարություններ, որոնց վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հղում կատարելով հիմնավորեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած իր ագրեսիան։ Դրանցից էին հատկապես Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» ու նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունները, որոնք, մի շարք վերլուծաբանների համոզմամբ, Ալիևը չէր կարող անպատասխան թողնել։

Արցախի դեմ 44-օրյա պատերազմի վերջին կաթիլը 2020-ի հուլիսին Տավուշում տեղի ունեցած մարտերին հաջորդած իրադարձություններ էին, երբ հայական կողմին հաջողվեց փայլուն դիմադրություն ցույց տալ, դիրքային առաջխաղացում արձանագրել, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից այն որակվեց որպես նոր Սարդարապատ, մի քանի տասնյակ զինծառայողների Մարտական խաչ շքանշաններ շնորհվեց, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին շնորհվեց ՀՀ Ազգային հերոսի կոչում։ Այս օրերին իշխական և իշխանամերձ շրջանակները պնդում էին, թե հակական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, իսկ հաջող դիմադրություն է ցուցաբերվել անձամբ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի համակարգման շնորհիվ։ Նույն շրջանակները դրանից ամիսներ անց՝ Արցախում կրած ծանր պարտությունից հետո, սկսեցին հայտարարել, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանն անձամբ մարտեր չի ղեկավարել, ուստի պատասխանատվություն չի կրում զինված ուժերի կրած անհաջողությունների համար։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած 44-օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրմամբ, որի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն էին անցել ոչ միայն Արցախի հարակից 7 շրջանները, այլև նախկին ԼՂԻՄ տարածքի մաս կազմող Հադրութի շրջանն ու Շուշիի շրջանի մի մասը՝ ներառյալ բերդաքաղաք Շուշին։ Արցախից հայկական մնացած հատվածում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժերը, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր ձեռքերը լվաց Արցախից՝ ուղղակի, կա անուղղակի կերպով հայտարարելով, որ տեղի բնակչության անվտանգության երաշխավորն այլևս ռուս խաղաղապահներն են։ Բնականաբար չենք պնդում, որ Հայաստանի իշխանություններն են պատերազմ հրահրել, Ադրբեջանն այս պատերազմին պատրաստվում էր դեռևս 1994 թվականից, սակայն վերջիններս իրեն անհեռատես քաղաքականության ու չհաշվարկված քայլերի հետևանքով ազատ արձակեցին Ադրբեջանի ձեռքերը և վերջինիս մի քանի փաստարկներ տվեցին, որոնցով վերջինս փորձեց հիմնավորել Արցախի դեմ իր ագրեսիան ու միջազգային հանրության քննադատությանն ու ճնշումներին չարժանանալ։

Չնայած 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինանի գլխավորած ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշվում էր, որ ընտրվելու դեպքում ՔՊ-ն պետք է առաջ մղի անջատում հանուն փրկության թեզը և ջանքեր գործադրի՝ նախկին ԼՂԻՄ տարածքի՝ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի համար։ Սակայն ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հրաժարվեց այս խոստումից, այլև 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն ընդգրկում էր նաև Արցախը։ Սրանից չանցած երկու ամիս՝ 2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից շրջափակվեց Լաչինի միջանցքը, իսկ ամիսներ անց՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, որի հետևանքով տեղի ավելի քան 100 հազար բնակչությունն էթնիկ զտման ենթարկվեց և ստիպված եղավ տեղափոխվել Հայաստան։

Հատկանշական է, որ Ադրբեջանն Արցախի դեմ իր հարձակումը հիմավորում էր այն հանգամանքով, որ այսպես կոչված հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում իր սեփական տարածքում, որը ճանաչվել է նաև Հայաստանի կողմից։ Իսկապես, թեև ադրբեջանական հարձակումը որևէ կերպ չի կարող արդարացվել, կամ լեգիտիմացվել, սակայն այդ օրերին միջազգային հանրության դերակատարներն իրենց կրավորական կեցվածքը հիմնավորում էին հենց այս հանգամանքով՝ մի կողմից ձգտելով չսրել Ադրբեջանի հետ հարաբերությունները, իսկ մյուս կողմից նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, որը տևական ժամանակ էր, ինչ փակուղի էր մտել։

Ինչպես ենթադրվում էր, Ադրբեջանի ախորժակը չսահմանափակվեց միայն Արցախով, և վերջինս նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ամիսներ անց՝ 2021-ի մայիսին ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Այս ինչպես նաև հաջորդ մի քանի ներխուժումների ժամանակ ադրբեջանական զինուժը ՀՀ ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կմ տարածք օկուպացրեց և առ այսօր հրաժարվում է իր զորքերը դուրս բերել այդ տարածքներից։

Հենց այս պատճառով է, որ Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատման և սահմանագծման գործընթացում խորհրդային որևէ թվականի քարտեզով առաջնորդվել, քանի որ այդ դեպքում ստիպված է լինելու իր զորքերը հետ քաշել Հայաստանի օկոպացված տարածքներից։ Չնայած այս ամենին՝ վերջին շրջանում Ադրբեջանը Հայաստանից պահանջում է միակողմանիորեն հանձնել Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը, իսկ Փաշինյանի իշխանությունը պատրաստակամորեն ձգտում է այս պահանջը նույնպես կատարել՝ բնակչությանը սպառնալով, որ հակառակ պարագայում պատերազմն ու ավելի մեծ կորուստները անխուսափելի կլինեն։

Անվտանգային իրավիճակի վատթարացումից բացի՝ Փաշինյանի կառավարման տարիներն ուղեկցվեցին մի շարք բռնաճնշումներով և հակաժողովրդավարական այլ նախաձեռնություններով, չնայած այն բանին, որ Փաշինյանի ու իր մերձավորների պնդմամբ Հայաստանը վերածվել է ժողովրդավարության բաստիոնի։ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվեցին ԱԺ պատգամավորներ՝ առանց ԱԺ-ի համաձայնության, և նրանք ազատ արձակվեցին միայն ՍԴ-ի որոշումներով։

Բացի այդ՝ հենց ժողովրդավարական արժեքների ջատագով Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք աննախադեպ ճնշումներ սկսվեցին Հայաստանի մի շարք ընդդիմադիր համայնքապետների նկատմամբ, ովքեր տեղերում ջախջախիչ պարտության էին մատնել ՔՊ-ի թեկնածուներին։ Գործող իշխանությունն, արտաքուստ ժողովրդավարության ֆոնին, իրականում չի հանդուրժում, երբ որևէ բնակավայրում հաղթում է ընդդիմությունը․ 2021-ից առ այսօր կալանավորված է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, 2023-ի դեկտեմբերին ապօրինի կերպով պաշտոնանկ արվեց Ալավերդու ընդդիմադիր քաղաքապետ Արկադի Թամազյանը։ ՔՊ-ն չհանդուրժեց անգամ սեփական թիմակից Հայկ Մարությանին, ով 2020-ի պատերազմից հետո լքել էր կուսակցության շարքերը․ մեկ տարի անց՝ 2021-ի դեկտեմբերին Մարությանը պաշտոնանկ արվեց իր իսկ թիմի կողմից։

Այսպիսով՝ ՔՊ-ի կառարման վեց տարիների ընթացքում կորցրեցին ոչ միայն ամբողջ Արցախը, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 200 քառակուսի կմ-ն, իսկ նոր կորուստների վտանգը առկա է ամեն օր։ Բացի այդ, 44-օրյա պատերազմի, ինչպես նաև դրան հաջորդած մի քանի ռազմական բախումների հետևանքով ունեցանք մի քանի հազար զոհ, որոնց անգամ հստակ թիվն ու անուն-ազգանուններն առ այսօր հայտնի չեն, ինչը բազմաթիվ կասկածների և իրարամերժ քննարկումների ծավալման պատճառ է դառնում։

Փաշինյանի իշխանությունը հետևություններ չի անում սեփական կառավարման բացթողումների հետևանքով տեղի ունեցած աղետներից, ինչի հետևանքով Հայաստանը բախվում է նորանոր աղետների, որոնց վերջը դեռ չի եռևում։

Ստեղծված իրավիճակից ելքը Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության անհապաղ հրաժարականն է ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, քանի որ ՔՊ-ն ապացուցել է, որ ի զորու չէ ղեկավարել երկիրը։ Նոր ընտրությունների արդյունքում Հայաստանում պետք է ձևավորվի պրոֆեսիոնալների կառավարությունը, որը կլծվի առկա մարտահրավերների հաղթհարմանը, չնայած այն բանին, որ դրա համար տևական ժամանակ կպահջվի։

Հարց է, թե այս ամենից որքանով են գոն Հայաստանի Հանրապետության երբեմնի հպարտ քաղաքացիները, որոնց դժգոհության ալիքի վրա Փաշինյանին հաջողվեց 2018-ին մերժել նախկին իշխանություններին, գալ իշխանության, իսկ 2021-ին վերընտրվել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:25 Հայ զինվորականները զղջում են չարածի համար. նմանություն՝ Բաքվում պահվող գերիների ճնշումների հետ
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
20:35 Ավարտվել է կիրանցեցիների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ այն անարդյունք էր
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
18:40 Պարեկն՝ ընդդեմ վարորդի. անիրագործելի պահանջներ են ներկայացնում ու տուգանում 
22:36 Հազիվ քաղաք ենք էկել, կոֆե խմենք․ կիրանցեցիները դժգոհ են երևանցիների անտարբերությունից

Ձեզ գուցե հետաքրքրի