Երևան +12°
copy image url
Միտք Արտաքին 1 շաբաթ առաջ - 13:55 17-04-2024

Ինչ են պայմանավորվել Բրյուսելում ապրիլի 5-ին․ ադրբեջանական մամուլը հրապարակել է մանրամասներ

Օրերս ադրբեջանական իշխանամերձ լրատվական ռեսուրսներից մեկն անոնսավորել էր սույն թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով անցկացված հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունները՝ խոստանալով հրապարակել ամբողջական տեղեկատվություն։
Եվ, ահա, ինչպես պարզվում է, դիվանագիտական խողովակներով այդ ռեսուրսի տրամադրության ներքո է հայտնվել փաստաթղթի նախագիծը։

Ադրբեջանական ռեսուրսը, նախքան անցնելը բուն հարցի նկարագրությանը, նախապես հայտարարում է, որ բրյուսելյան բանակցություններն իրականում ուղղված են Ադրբեջանի դեմ։



Փաստաթղթի բովանդակությունը բաժանվել է մի քանի մասի։ Առաջին հատվածը կոչվում է «ԱՄՆ-Հայաստան»։ Ըստ այդմ, ԱՄՆ-ն Հայաստանին աջակցում է ռազմավարական պաշտպանության և նոր ռազմավարական հայեցակարգի մշակման մեջ։ «Արևմտյան գործընկերները Հայաստանին ոչ միայն կօգնեն մշակելու ռազմական և անվտանգային ոլորտների նոր ղեկավար փաստաթղթեր, այլև ակտիվորեն կցուցաբերեն ռազմական, տեխնիկական և ֆինանսական օգնություն։ Դա հնարավոր կդարձնի, մասնավորապես Միացյալ Նահանգներին՝ ներազդել Հարավային Կովկասի գործընթացներին, այնպես որ հնչեցված 65 մլն դոլարն ընդամենը այսբերգի երևացող մասն է», գրում է ադրբեջանական մամուլը։
Հաջորդիվ, նկարագրվում են ԱՄՆ-ՀՀ պաշտպանական և սահմանային անվտանգության բաղադրիչի մանրամասները, հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստան-Իրան սահմանագոտուն։ «Երևանի այդ խաղը կռահել են Թեհրանում․ իզուր չէ, որ Իրանի հոգևոր առաջնորդ Համենեիի խորհրդական Վելայաթին հայտարարեց, որ միջպետական հարաբերությունների կարգավորմանը միջնորդելու քողի տակ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են միջամտել տարածաշրջանային գործերին»։

Բրյուսելյան պայմանավորվածություններում առանձնահատուկ տեղ է տրվում ԱՄՆ ներկայացուցիչների՝ հայաստանյան զինուժի ՀՕՊ համակարգերի փոխգործակցության կառուցվածքային փոփոխություններին, այն է՝ ՀԱՊԿ ՀՕՊ-ի ամերիկյանով փոխարինմանը։

Միացյալ Նահանգներն, ըստ ադրբեջանական լրատվառեսուրսի, Հայաստանին ռազմական ֆինանսավորում է տալու «Արտասահմանյան ռազմական ֆինանսավորում» (Foreign Military Financing, FMF) ծրագրով։ Այն ամերիկյան արտաքին քաղաքականության կարևորագույն գործիքներից է, որով դրամաշնորհներ և վարկեր են տրվում ԱՄՆ դաշնակիցներին և գործընկեր երկրներին։ Հայաստանին այդ խողովակով ֆինանսավորելը թույլ կտա ոչ միայն բարելավել ռազմական ենթակառուցվածքը, այլև բարձրացնել հայկական բանակի օպերատիվ հնարավորությունները։ ԱՄՆ-ն ծրագրում է ինտենսիֆիկացնել Հայաստանի հետ համատեղ անցկացվող զորավարժությունները՝ ապահովելով օպերատիվ փոխգործակցության անհրաժեշտ մակարդակ։
Նշվում է նաև Հայաստանում GPS նավիգացիոն համակարգի հնարավորությունների շեշտակի ընդլայնումը․ դա թույլ կտա մեծացնել, ի մասնավորի, հրետանային կայանքների խոցման կարողությունները։
Անդրադառնալով ԵՄ-ՀՀ համագործակցության մասով պայմանավորվածություններին, Ադրբեջանի լրատվակայքը շեշտում է պաշտպանական կարողությունների ընդլայնման համար նախատեսվող ֆինանսավորումը, որը կիրականացվի «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» (EPF) խողովակներով։ «ԵՄ-ն և Հայաստանը կանցկացնեն մշտական խորհրդատվական հանդիպումներ պաշտպանական և անվտանգային ոլորտներում առկա խնդիրների քննարկման և լուծման նպատակով։ Եվրոպական Միությունը ձգտում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական ԱԴԾ-ի շուտափույթ դուրսհանման միջոցով հասնել նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմանագոտիներից ՌԴ այդ կառույցի հայաստանյան ներկայության ավարտին։ «Զվարթնոց»-ից ռուսական հատուկ ծառայության դուրսբերման մասին Փաշինյանի կառավարության որոշումը հանդիսանում է Հայաստանում Ռուսաստանի դիրքերի կտրուկ թուլացման ուղղությամբ արված առաջին լուրջ հարվածը․ հիմա հերթը կհասնի Հայաստանի մյուս հատվածներից ԱԴծ-ի դուրսհանմանը», նշում է ադրբեջանական կայքը՝ շեշտելով, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-ում ռուսական 102-րդ բազայի գտնվելու ժամկետի կրճատմանը։ Նշենք, որ բազայի գործողության ժամկետ է 2044 թվականը։

ԵՄ-ն և Հայաստանը պայմանավորվել են զգալիորեն կրճատել, ապա նաև առհասարակ վերացնել ռուսական սպառազինությունից և ռազմական ուսուցումից Հայաստանի զինված ուժերի կախվածությունը։ «Այդ գործընթացն արդեն սկսվել է․ հիշենք ՀՀ ԱԽ քարտուղարի՝ տարեսկզբին հանրային հեռուստատեսությամբ արված հայտարարությունը, որ 2020-24 թվականներին Հայաստանի սպառազինության ընդհանուր ծավալում ՌԴ տեսակարար կշիռը 96%-ից իջել է 10%-ի», նշում է ադրբեջանական կայքը՝ տեղեկացնելով, որ այդպիսով, հայաստանյան իշխանությունները վերջին 4 տարում էապես կրճատել են Ռուսաստանից հատկապես ռազմական կախվածությունը։

Ակնկալվում է, որ Հայաստանն իր նորաստեղծ Արտաքին հետախուզական ծառայության տեխնիկական և մասնագիտական հագեցվածության ուղղությամբ նշանակալի աջակցություն կստանա Եվրոպական միությունից։ «Այդպիսով, հայկական հետախուզությունը կդառնա Արևմուտքի վերահսկողությամբ գործող կառույց, որը տվյալների կփոխանցի իր տերերին։ Հատկապես այդ նպատակով նախատեսվում է ընդլայնել կիբերանվտանգության ներկա գործիքակազմը», հայտնում է ադրբեջանական լրատվականը։

Խոսելով ՀՀ-ԵՄ-ԱՄՆ համապարփակ համագործակցության նախատեսվող ուղիներից, նշվում է Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժման աշխատանքներին ցուցաբերվելիք աջակցության մասին։ «Մեծամորի ԱէԿ-ի լիկվիդացիայից հետո Հայաստանում սպասում են եվրոպական և ամերիկյան ֆինանսավորման՝ նոր ատոմակայան կառուցելու համար», գրում է լրատվամիջոցը։

Ամփոփելով՝ ադրբեջանական ռեսուրսը հայտնում է, որ ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ Հայաստանի փոխշփումներն ունեն տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման, ինչպես նաև Ադրբեջանի հետ դիմակայությանը որակապես նոր մակարդակ հաղորդելու նպատակ։ «Պետք է նշել, որ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստան մատակարարել մահաբեր սպառազինություն՝ ընդ որում հարձակողական բնույթի։ Այսօր Հայաստանը մտել է շատ վտանգավոր փուլ, որն իր համար կարող է ավարտվել մեծագույն ողբերգությամբ։ Ադրբեջանը քաջ տեղյակ է անդրկուլիսյան խարդավանքների իրական նպատակների մասին, և զգուշացնում է, որ զինել Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի՝ մի վախճան կունենա, Հայաստանի վախճանը», ամփոփել է ալիևյան քարոզչամեքենան։

Տիգրան Աթանեսյան