Երևան +17°
copy image url
Արտաքին 1 շաբաթ առաջ - 20:00 16-04-2024

Արևմտյան ֆիլմի սցենարի էր նման. ովքեր շահեցին ու տուժեցին Իսրայելի դեմ Իրանի հարձակումից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին շրջանում միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Իրանի և Իսրայելի միջև ընթացող հակամարտթյան վրա։ Հայտնի է, որ ապրիլի 1-ին Իսրայելն օդային հարձակում էր իրականացրել Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա, իսկ Իրանը ապրլի 13-ի ուշ երեկոյան հրթիռներ ու ԱԹՍ-ներ էր արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ, որոնց մեծ մասը իսրայելական ՀՕՊ-ին հաջողվել էր խոցել և թույլ չտալ, որ դրանք լուրջ վնասներ պատճառեն երկրի տարածքին։

Իրանական հարվածից հետո քննարկվում էր նաև, թե դրան ինչպես է արձագանքելու Իսրայելը և այս համատեքստում տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վտանգ էր ստեղծվել, որն աղետալի հետևանքներ կունենար ողջ տարածաշրջանի համար։ Ավելի ուշ հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, որից հետո հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել է Իրանի դեմ նոր հարված իրականացնելու մտադրությունից․ այս որոշման մեջ մեծ դեր խաղացին թե՛ Իսրայել-ԱՄՆ դաշնակցային հարաբերությունները, թե՛ ամերիկյան աջակցութունը, որի շնորհիվ էլ Իսրայելն իրանական հարվածի հետևանքով նվազագույն կորուստներ ունեցավ։

Թուրքական պետական TRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի հետազոտող Բուրաք Էլմալըն «Անդալու» լրատվական գործակալության համար հրապարակած հոդվածում անդրադարձել է Իրանի կողմից Իսրայելին հասցված պատասխան հարվածին՝ գնահատելով, թե դրա արդյունքում ով շահեց և ով տուժեց։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Իրանի արձակած հրթիռների քանակը տպավորիչ է եղել, սակայն Իսրայելի և վերջինիս դաշնակիցների ՀՕՊ համակարգերի կողմից դրանք ամբոջովին խոցվել են, ինչի արդյունքում լուրջ կորուստներ չեն արձանագրվել։

Հեղինակի համոզմամբ՝ այս զարգացումներում ամենամեծ հաղթողն Իսրայելն էր, հատկապես այդ երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։ Նա հիշեցնում է, որ Իսրայելի վարչապետը վերջին շաբաթներին արևմտյան քաղաքական շրջանակներում իր կողմնակիցներից շատերին զայրացրել էր, ուստի նա օգտագործեց Իրանի պատասխան գործողությունների ընձեռած հնարավորությունը, որպեսզի արևմուտքը վերսկսի ռազմական և քաղաքական աջակցությունը Իսրայելին:

Թուրք փորձագետը կարծում է, որ Իրանը նույնպես այս իրավիճակից հաղթանակած դուրս եկավ՝ վերականգնելով իր հեղինակությունն ինչպես սեփական հասարակության, այնպես էլ Մերձավոր Արևելքի իր համախոհների շրջանում։ Ըստ նրա՝ եթե Իրանը հակահարված չտար Իսրայելի հյուպատոսության հարձակմանը, ապա դրանով իր հեղինակությունը լրջորեն կասկածի տակ կդներ, իսկ տարածաշրջանային լարվածությունից խուսափելու դասական արդարացումը պարզապես չէր աշխատի:

Նշվում է, որ Իրանի հեղինակությունը փրկող այս միջոցը կարծես թե առայժմ լուծել է խնդիրը։ Ավելին՝ Իրանն իր հայտարարության մեջ վկայակոչել է ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածը՝ պնդելով, որ վրեժխնդրությունը Դամասկոսում իր հյուպատոսության հարձակման պատասխանն էր։ Հեղինակը կարծում է, որ նման կերպ Իրանը պահպանեց Գազայում պատերազմից խուսափելու հանձնառությունը, ինչպես խոստացել էր ԱՄՆ-ին՝ հոկտեմբերի 7-ին հաջորդող շաբաթներին։

Բուրաք Էլմալըն համոզված է, որ Գազայում Իսրայելի կողմից ցեղասպանության ենթարկված քաղաքացիական անձինք պարտվող կողմում էին, քանի որ այս միջադեպը աշխարհի ուշադրությունը սևեռեց Իրանի վրա, իսկ Իսրայելն իր վայրագությունները շարունակելու հնարավորություն ստացավ։ Նա կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման հավանականությունը հարցեր և ենթադրություններ է առաջացնում այն ​​մասին, թե Իրանն ինչպես կարձագանքի նման հարձակումներին, կամ ինչպես կպահպանի իր տարածաշրջանային ազդեցությունը՝ Սիրիայում և Իրաքում իր վստահված անձանց միջոցով:

Ըստ նրա՝ նման քննարկումները Գազայից ուշադրությունը շեղում են, ինչի հետևանքով նվազում է նաև արևմտյան լրատվամիջոցների կողմից քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ռազմական այլ հանցագործությունների լուսաբանումը։ Նա միևնույն ժամանակ շեշտում է, որ արևմուտքի պրոիսլայելական վերաբերմունքը կարող է այնքան վստահություն ներշնչել Իսրայելին, որ վերջինս նոր հանցագործություններ կատարելիս այլևս սահմաններ չի ճանաչի։ Ավելին, Արևմուտքի իսրայելամետ վերաբերմունքի վստահությամբ Իսրայելը կարող է սահմաններ չճանաչել՝ նոր պատերազմական հանցագործություններ կատարելիս։

Ինչ վերաբերում է Իրանի հեղինակությանը, ապա, ըստ հեղինակի, թեև Իրանի վրեժխնդրությունը ամբողջական պատասխան չէր Իսրայելի հյուպատոսության հարձակմանը, այս հարձակմամբ նա համբավ վայելեց տարածաշրջանի, հատկապես, այսպես կոչված, Դիմադրության առանցքի համախոհների շրջանում: Նրա համոզմամբ՝ Թեհրանն ամրապնդել է իր իմիջը որպես դերակատարի, որը կարող է ուղղակիորեն հարվածել Իսրայելին, ինչն առ այսօր արել էր միայն Սադամ Հուսեյնը՝ Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակ:

Զուգահեռաբար հոդվածագիրը նշում է՝ Իրանի հզորացած կարգավիճակն Իսրայելին թույլ է տալիս շարունակական քաղաքական և ռազմական աջակցություն ստանալ Արևմուտքից, իսկ Միացյալ Նահանգներին՝ պահպանել իր ներկայությունը տարածաշրջանում։ Նրա պնդմամբ՝ այս եռակողմ կապը շատ բան է բացահայտում տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մասին, իսկ իրականում ԱՄՆ-ից, Իրանից և Իսրայելից կազմված անբաժան եռյակը վնասում պաղեստինյան հիմնահարցին։

Բուրաք Էլմալըն Իրանի պատասխանը համեմատում է արևմտյան ֆիլմի սցենարի հետ, որը բնութագրվում է բարդ մանևրներով։ «Մի դերասան մյուսի համար վտանգի զգացում է ստեղծում՝ առանց իրական վնաս պատճառելու: Այնուհետև, որպես սպառնալիք ընկալված դերասանը կոչ է անում երրորդ կողմին ստանձնել շերիֆի դերը, ապահովել պաշտպանություն և վերականգնել հավասարակշռությունը։ Միևնույն ժամանակ, նույնիսկ այն դեպքում, երբ այն նպատակները, որոնք նա փոխանցում էր իր վստահված անձանց միջոցով, ինչպիսիք են Մերձավոր Արևելքից Միացյալ Նահանգների դուրսբերումը և Իսրայելի կողմից Պաղեստինի նկատմամբ ճնշումների դադարեցումը, չկատարվեցին, Թեհրանը բարձրացրեց իր հեղինակությունը տարածաշրջանում իր թիրախային լսարանի շրջանում»,- գրում է նա։

Ամփոփելով՝ վերջինս նշում է, որ Մերձավոր Արևելքում ոչինչ այնպես չէ, ինչպես թվում է: «Մենք կարող ենք բախվել մի իրավիճակի, երբ այս դերակատարների շահերը, որոնք աշխարհիկ մարդկանց թվում են հավատարիմ թշնամիներ, համընկնում են, նույնիսկ եթե նրանց հայտարարված նպատակները թվում է, թե հակասում են միմյանց»,- եզրափակել է նա։

Այսպիսով՝ Մերձավոր Արևելքում իրադարձությունները արագ ու անկանխատեսելի կերպով են զարգանում, իսկ ուժերի ներկայիս հավասարակշռությունը կարող է ցանկացած պահի փոխվել։ Նման իրավիճակում չափազանց մեծ է տարածաշրջանային պատերազմի վտանգը, որի հետևանքներն աղետելի կլինեն, այդ թվում Հայաստանի և Հարավային Կովկասի համար։

Միջազգային դերակատարները նույնպես նման պատերազմից ներկայումս փորձում են ամեն կերպ խուսափել՝ ձգտելով ամեն կերպ մեղմել իրավիճակը։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ արևմուտքը մի կողմից սահմանափակեց Իրանի պատասխան գործողությունները դատապարտելով, իսկ մյուս կողմից Իսրայելին չդրդեց, որպեսզի վերջինս էլ ավելի սրի իրավիճակը։

Դավիթ Գույումջյան