copy image url
Արտաքին Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 15:00 16-04-2024

Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու․ Հայաստանի ու Իսրայելի դաշնակիցների տարբերությունը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից և դրան հաջորդած ցավալի իրադարձություններից հետո Հայաստանը հայտնվեց մի իրավիճակում, երբ մի կողմից պարբերաբար թշնամու կողմից հարձակումների էր ենթարկվում, իսկ մյուս կողմից իր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանի Դաշնությունը, տարբեր պատվարկներով չէր կատարում իր ստանձնած պարտավորությունները։ Եթե 44-օրյա պատերազմի օրերին պաշտոնական Մոսկվան և վերջինիս խոսափողները պնդում էին, որ ռազմական գործողությունները ՀՀ-ի ինքնիշխան տարածքում չէին ընթանում ու այդտեղ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը պարտավորություններ չունեն, ապա նման պնդումները հօդս ցնդեցին, երբ 2021-2022 թվականներին ադրբեջանական զինուժը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, օկուպացրեց շուրջ 200 քառակուսի կմ տարածք, իսկ ՌԴ-ն փաստացի անգործություն ցուցաբերեց։

Ավելին՝ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը անգործություն դրսևորեց նաև Արցախի պարագայում, որտեղ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ խաղաղապահ առաքելություն էր ստանձել, սակայն փայլուն կերպով այն տապալեց։ Նկատենք, որ ՌԴ-ն նախորդ սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ իր անգործությունը պայմանավորում էր այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս՝ դրանով լեգիտիմացրել Բաքվի գործողությունները, որն իր մեջ ճշմարտության հատիկ այնուամենայնիվ պարունակում էր, սակայն ռուսական կողմը նախքան դա նույնպես անգործություն էր դրսևորում, երբ ադրբեջանական զինուժը պարբերբար խախտում էր հրադադարի ռեժիմը, օկուպացնում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։

2022-ի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայից հետո, երբ թշնամու զինուժի կողմից թիրախավորվում էր ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատվածը, այդ թվում առողջարանային Ջերմուկ քաղաքը, Մոսկվայի և ՀԱՊԿ-ի խուսափողական, ոչ առարկայական գնահատականներից հետո Երևանը սկսեց վերարժեվորել իր դաշնակցային հարաբերությունները, կապերը խորացնել արևմուտքի հետ, չնայած, հանուն արդարության արձանագրենք՝ արևմուտքն առնվազն այս պահի դրությամբ պատրաստ չէ Հայաստանին այնպիսի աջակցություն ցուցաբերել, որը թույլ կտա դիմագրավել առկա անվտանգային մարտահրավերները։ Ասվածի վկայությունը ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան գագաթաժողովն էր, որտեղ Հայաստանը խորհրդանշական ֆինանսական աջակցության խոստում ստացավ, մինչդեռ շատ շրջանակներ համոզված էին, որ հանդիպումը ԵՄ-ին անդամակցելու գործընթացում ՀՀ-ի առաջին քայլն է լինելու, և մեր երկիրը լուրջ առաջարկ է ստանալու։

Ապրիլի 1-ից սկսած մեծ Մերձավոր Արևելքում, որի մի մասն էլ նաև Հայաստանն է, իրավիճակը կտրուկ լարվեց՝ այն բանից հետո, երբ Իսրայելի օդուժն ավիահարված իրականացրեց Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա, իսկ այդ հարձակման հետևանքով զոհվեցին իրանցի բարձրաստիճան մի շարք զինվորականներ։ Միջազգային հարաբերությունների տեսանկյունից սա հարձակում էր Իրանի տարածքի նկատմամբ, քանի որ օտար երկրներում որևէ պետության դիվանագիտական ներկայացուցչության շենքը համարվում է վերջինիս տարածքը։

Բնականաբար պաշտոնական Թեհրանը չէր կարող այս հարձակումն անպատասխան թողնել, քանի որ այն լրջորեն կհարվածեր իր հեղինակությանը։ Թեև Իսրայելն իր գործողություններով փորձում էր Իրանին ավելի լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշել, սակայն իրանական կողմը հմուտ գործեց՝ մի կողմից իր հյուպատոսության վրա հարձակումն անպատիժ չթողնելով, իսկ մյուս կողմից թույլ չտալով, որ դա վերածվի ավելի լայնամասշտաբ բախման՝ տարածաշրջանային այլ դերակատարների մասնակցությամբ։

Արդեն ապրիլի 13-ի ուշ երեկոյան իրանական կողմը ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը Իրան-Իսրայել հակամարտության ողջ ընթացքում առաջին դեպքն էր, որ Իրանն իր տարածքից հարվածեց հրեական պետությանը։ Նախքան սա Իրանն Իսրայելին հարվածում էր իր պրոքսիների միջոցով, սակայն այժմ, երբ Իսրայելը թիրախավորել էր Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսությունը, վերջինիս այլ ելք չէր մնացել, քան Իսրայելին ուղիղ հարված հասցնելը։

Հատկանշական է, որ Իսրայելի իշխանությունները հաղորդում են, որ երկրի ՀՕՊ-ը՝ դաշնակիցների հետ համատեղ, որսացել է Իրանի արձակած շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների «ճնշող մեծամասնությունը»: Թեպետ Իրանի կողմից արձակված հրթիռների որոշ Իսրայելում որոշ ավերածություններ պատճառել են, այնուամենայնիվ այս հարձակումը ևս մեկ անգամ փաստեց, որ իսրայելական հակաօդային պաշտպանությունը գտնվում է բավականին լավ վիճակում և ունակ է պաշտպանել երկրի տարածքը, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության հարձակումներից, որի ռազմարդյունաբերությունը վերջին տարիներին զգալի հաջողություններ է արձանագրել, սակայն դեռևս զիջում է արևմտյան ռազմարդյունաբերությանը։

Այն, որ իսրայելական ՀՕՊ-ին հիմնականում հաջողվեց հետ մղել մղել իրանական հարձակումը և դրա հետևանքով շատ քիչ թիրախներ խոցվեցին, դրանում մեծ դեր խաղացին երկրի դաշնակիցները, հատկապես ԱՄՆ-ն, որի ցուցաբերած աջակցությունն այս փուլում բավականին գործուն էր։ Մասնավորպես ամերիկյան օդուժն Իրաքի և Հորդանանի տարածքից հաջողությամբ հետ մղեց Իրանի արձակած հրթիռները՝ թույլ չտալով, որ դրանք հասնեն Իսրայելի տարածքին և լուրջ ավերածություններ պատճառել վերջինիս։

Արդեն ավելի ուշ, երբ քննարկվում էր Իսրայելի կողմից Իրանին նոր հարված հասցնելու հնարավորությունը, կայացավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը, որից հայտնի դարձավ՝ Իսրայելն Իրանի ուղղությամբ նոր հարված չի հասցնի։ Սա, ինչպես նաև Իրանի հարձակմանը հաջորդած միջազգային անհամեմատ մեղմ արձագանքը, որը սահմանափակվեց միայն Թեհրանին ուղղած քննադատություններով, փաստում են, որ կողմից Իրանի պատասխան հարվածն առավել քան լեգիտիմ էր, իսկ մյուս կողմից Իսրայելը վայելում է իր դաշնակիցների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի աջակցությունը, ինչը Իրանին կաշկանդեց ավելի կոշտ պատասխան տալուց, որն, անշուշտ կհանգեցներ տարածաշրջանային ավելի մեծ բախման․ մի բան, որին այս պահին ձգտում է միայն Իսրայելի վարչապետ Նաթանյահուն՝ Գազայի հարցում միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով։

Այսպիսով՝ տարածաշրջանային ներկայիս լարվածության ֆոնին ականատես եղանք ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ցուցաբերված իրական աջակցությանը, որի շնորհիվ այդ երկրին հաջողվեց դիմագրավել իրանական հարձակումներին։ Սա ևս մեկ անգամ վկայեց, թե ինչպես է գործում իրական դաշնակիցը, երբ իր դաշնակիցը բախվում է լուրջ սպառնալիքների, որի հետևանքով կարող է ունենալ տարածքային, կամ ինքնիշխանության կորուստ, այլ ոչ թե հայտարարում է, որ բախումներն իր դաշնակցի ինքնիշխան տարածքում չէին, սահմանը սահմանազատված չէր և այլն։ Նման պատճառաբանությունները բազամաթիվ են և ցանկության դեպքում միշտ կարելի է գտնել։

Կարծում ենք, որ Հայաստանում պետք է լրջագույնս ուսումնասիրվի հատկապես Իսրայելի փորձը՝ մասնավորապես այն համատեքստում, թե վերջինիս ինչպես հաջողվեց դաշնակցային հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ և երաշխավորել սեփական անվտանգությունը։ Բնականաբար չենք անտեսում նաև Իսրայելի աշխարհագրական դիրքն ու ունեցած կարևորությունն իր դաշնակիցների համար, որը ոչ մի կերպ համեմատելի չէ ՀՀ-ի դիրքի ու կարևորության հետ, սակայն գերճկուն ու հաշվարկված արտաքին քաղաքականության դեպքում Երևանը նույնպես կարող է արևմուտքում դաշնակիցներ գտնել և զգալիորեն բարելավել իր անվտանգային ճարտարապետությունը, որը 2020-ից հետո խարխլվել է և առ այսօր չի վերականգնվել։

Ցավոք այս ուղղությամբ ՀՀ-ի քայլերը սահմանափակվում են միայն հայտարարություններով, որոնց միայն լարում են ՌԴ-ին իր դեմ, վերջինիս իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու հիմնավորումներ տալիս, իսկ մյուս կողմից իրական այլընտրանքներ չեն ապահովում, որը թույլ կտար դիմագրավել առկա անվտանգային մարտհրավերներին ու սպառնալիքներին։

Դավիթ Գույումջյան