copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 19:00 15-04-2024

Կեղծ օտարերկրյա համարից զանգի միջոցով հեռախոսից գումար են կորզում․ քաղաքացին ահազանգում է

Oտարերկրյա համարներից զանգեր ստանալու և դրանց պատասխանելու պատճառով քաղաքացիները հաճախ բախվում են խնդիրների։ Մեդիափորձագետները պարբերաբար շեշտում են, որ անծանոթ՝ տարօրինակ թվանշաններով համարներից պետք է զգուշանալ։ Առավել ևս՝ պետք չէ դրանց պատասխանել և հետ զանգել։

Այսօր մի քաղաքացի Oragir.News-ին ահազանգեց, ասելով, որ 050934120117 անհասկանալի համարից զանգ է ստացել, որից հետո իր հեռախոսահամարից կորզվել է 5000 դրամ։

Նա հայտնեց, որ ժամը 12:48 սահմանում վերոնշյալ համարից զանգ է ստացել և, մտածելով, թե իր հաշմանդամության կարգի փասթաթղթերի հետ է կախպված, պատասխանել է։

Այնուհետև, տվյալ համարից եկած զանգն անջատվել է։ Դրանից հետո ինքն անհանգստացած հետ է զանգել այդ համարին, սակայն այլևս պատասխան չի ստացել։

Oragir.News-ն այս թեմայով կապ հաստատեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ՝ հարցրեց, արդյո՞ք տեղյակ է այս հեռախոսահամարից և դրա գումար կորզելու մեխանիզմից։

Սամվել Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ եթե որևէ համարից զանգել են, և տվյալ անձը զանգին չի պատասխանել՝ չի կարող պատահել, որ հեռախոսից գումար կորզվի։ Իսկ եթե հետ ենք զանգում տվյալ հեռախոսահամարին, այդ դեպքում, միանշանակ՝ գումարը կարող է կորզվել։

«Քաղաքացու հետ կապված, հնարավոր է, որ արտասահմանյան համարից է զանգը ստացել։ Այդ զանգերը յուրահատուկ են նրանով, որ եթե վերցնում ենք՝ անմիջապես անջատում են, և եթե այդ համարին հետ զանգենք՝ ապա, իհարկե՝ գումար կարող ենք կորցնել»։

Այդպիսի համարները այնքան շատ են, որ դժվար է թվել և զգուշացնել մարդկանց, թե դրանք որ համարներն են և որոնցից է պետք զգուշանալ։

Սամվել Մարտիրոսյանը շեշտում է նաև, որ եթե զանգում են ու մենք վերցնում ենք՝ զանգը անջատվում է, չարժե հետ զանգել այդ համարին։

Ուշագրավ է նաև օտարերկրյա խարդախությունից տուժած քաղաքացու պատմությունը։ Նա Շամլուղ գյուղից է։ Նշում է՝ այս պահին թղթաբանությամբ է զբաղվում, ցանկանում է հաշմանդամության կարգ ստանալ, և սովոր է, որ իրեն անծանոթ համարներից զանգեր են գալիս, ինքն էլ պատասխանում է։ Հենց դրա պատճառով էլ պատասխանել է օտարերկրյա կեղծ զանգին, հետո նկատել, որ կարծես թե՝ օտարերկրյա համար է, անհասկանալի թվանշաններով։

Մեր զրուցակիցը զրույցի վերջում հավելեց, որ 24 տարի է, ինչ ինքը հաշմանդամ է, բայց հաշմանդամության կարգ ստանալ չի կարողանում։ 3 տարի շարունակ գնացել և զննումներ է անցել, սակայն իրեն բերում են պատճառաբանություններ և հետաձգում կարգ ստանալու պրոցեսը։ Քաղաքացու խոսքով՝ իր թղթերով հիմնավորված է, որ ինքը հաշմանդամ է, ու չի հասկանում, թե ինչու են ձգձում իրեն կարգ տրամադրելու գործընթացը։

Նշում է, որ Ալավերդուց նկարահանող խումբ է եկել իրենց տուն, նկարել են իրեն և տեսել՝ թե ինչ վիճակում է։ Հեռուստատեսությամբ ցույց են տվել։ Իր բժիշկն էլ թղթերը պատրաստել է, ու ինքը այժմ պատրաստվում է նորից դիմել՝ կարգ ստանալու նպատակով, սակայն անհանգիստ է՝ վախենում է, որ նորից մի պատճառաբանություն կբերեն և իրեն հաշմանդամության կարգ չեն տրամադրի։