Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Խոսք 2 շաբաթ առաջ - 19:00 15-04-2024

«Օտարերկրյա գործակալների» օրինագիծը՝ այլախոհների բերանը փակելու միջոց․ Վրաստանի իշխանությունը գնում է վա-բանկ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վրաստանի խորհրդարանն այսօր սկսել է քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը, որը նախորդ տարի մարտին հանրային ճնշման տակ ստիպված էր եղել հետ կանչել։ Փաստաթղթին նախևառաջ անդրադառնալու է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն, ինչից հետո փաստաթուղթն առաջին ընթերցմամբ կքննարկվի լիագումար նիստում։ Լսումներին մասնակցում է նաև Վրաստանի ընդդիմությունը։

Ներկայումս Վրաստանի խորհրդարան ներկայացված փաստաթուղթը գրեթե չի տարբերվում 2023 թվականի օրինագծից, բացառությամբ «օտարերկրյա ազդեցության գործակալ» եզրույթի, որը փոխարինվել է «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություն» հասկացությամբ: Այս համատեքստում Վրաստանում ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, որ գործող իշխանություններն այս նախագիծն օրակարգ են բերել Ռուսաստանի պահանջով, դրանով վերջիններս նպատակ ունեն հաճոյանալ Մոսկվային և նպաստել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։

Oragir.News-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը ընդգծեց, որ Վրաստանում տեղի ունեցող այս զարգացումները երկրի ներսում ծավալվող ներքաղաքական պայքարի էլեմենտներից են, քանի որ հստակ ընդդիմադիր կեցվածք ունեցող որոշ հասարակական կազմակերպություններ առնչություններ ունեն ընդդիմադիր կուսակցությունների հետ և զբաղված են բավականին ակտիվ հակաիշխանական քարոզչությամբ։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ այս ամենը իշխանությունների մոտ որոշ չափով մտահոգություններ է առաջացրել, և վերջիններս փորձում են այս նախաձեռնությամբ այս ամենը դարձնել ներքաղաքական պայքարի էլեմենտներից մեկը՝ չսպասելով աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Մելիքյանը շեշտում է, որ օրենքի ընդունումից հետո բոլոր կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման մեծ մասն արտերկրից են ստանում, պարտավոր կլինեն գրանցվել, հաշվետվություն ներկայացնել ու իրենց վերաբերյալ կօգտագործվի «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություն» ձևակերպումը։ Նա նշեց, որ այս ամենը դուր չի գալիս Վրաստանի ընդդիմությանը, արևմտյան գործընկերներին, որի հետևանքով այսօր երկրի ներսում որոշ գործընթացներ են ծավալվում, իշխանությունների վրա ճնշումներ են գործադրվում և այլն։

Վրացագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Վրաստանի իշխանությունները համառորեն փորձելու են այս նախագիծը հասցնել երկրորդ ընթերցման ու ամբողջովին ընդունել այն։ Թե ինչպիսին կլինի հասարակության արձագանքը, ինչպես նաև իշխանությունների վրա գործադրվող ճնշումների ու անցկացվող բողոքի գործողությունների ազդեցությունը՝ Մելիքյանը կարծում է, որ դա բավականին դժվար է պատկերացնել։ «Ամեն ինչ կախված է ընդդիմության ու քաղհասարակության կողմից անցկացվող ցույցերի քանակից, որակից, ինչպես նաև հետագայում իշխանությունների վրա գործադրվելիք ճնշումներից»,- ասաց նա։

Հարցին, թե հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ այս որոշումը որքանո՞վ կվնասի գործող իշխանությունների հեղինակությանը՝ Ջոնի Մելիքյանը պատասխանեց՝ այն քաղաքացիներն, ովքեր այս օրենքի ընդունման արդյունքում կքվեարկեին գործող իշխանությունների օգտին, առանց այս օրենքի էլ նույնը կանեին։ Նա միևնույն ժամանակ նկատում է, որ կան էլեկտորատի որոշ փոքր շերտեր, որոնց քվեները ստանալու հարցում, օրենքի ընդունումից հետո, Վրաստանի իշխանությունները որոշ խնդիրներ կունենան։

«Սակայն չէի ասի, որ այս ամենն այնպիսի լուրջ հետևանք կունենա, որ օրենսդրական նախագծի ընդունումից հետո մարդիկ չեն քվեարկի ներկայիս իշխանությունների օգտին։ Պարզապես այստեղ իշխանության մնալու հարցն է՝ այն իմաստով, որ շատ բաներ, ինչպես նախորդ տարի, կախված են փողոցային պայքարից, բողոքի ցույցերից․ եթե ցույցերը լուրջ մասշտաբների հասնեն ու իշխանությունները ստիպված լինեն հերթական անգամ գործընթացը դադարեցնել, ապա այստեղ արդեն իմիջային լուրջ խնդիրներ կունենան, ինչն էլ կարող է իր հերթին, այդ թվում արևմուտքի դժգոհությունների ֆոնին, ազդի այս իրենց վարկանիշի վրա։ Իմ կարծիքով՝ Վրաստանի իշխանությունները գնում են վա-բանկ, նույնն էլ անում է ընդդիմությունն ու իր հետ ասոցացված քաղհասարակությունը։ Իսկ թե ինչպիսի արդյունք կլինի, մոտ ժամանակներս կտեսնենք»,- կարծում է Վրաստանի հարցերով փորձագետը։

Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է այս օրինագիծը կապված ՌԴ-ին հաճոյանալու և վերջինիս հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Վրաստանի իշխանությունների ցանկության հետ։ Ի պատասխան՝ Մելիքյանը չհամաձայնեց նման պնդումների հետ՝ նշելով, որ եթե անգամ այս օրինագիծն ընդունվի, ապա դրանից հետո նաև Ռուսաստանի ֆինանսավորմամբ գործող կազմակերպությունները, դրանց ղեկավարները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց ֆինանսական խոսքերը։

Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ նմանատիպ օրենքներ են գործում նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում, և Վրաստանի իշխանությունները միջազգային ասպարեզում առկա փորձն են օգտագործում, ինչը միտված է դա երկրի ներքաղաքական կյանքում օգտագործելուն․ «Երբ իշխանություններին ուղղված քննադատություն կա, վերջիններս ցանկանում են այս օրինագիծն իրենց քննադատողների դեմ օգտագործել՝ ցույց տալով, որ արտերկրից ֆինանսավորում ստացող կազմակերպություններն Վրաստանի ներքաղաքական պայքարի մաս լինելու ու այդ օրակարգերը երկրի ներքաղաքական կյանք բերելու իրավունք չունեն»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Վրաստանի ներսում երկրի արևմտյան գործընկերների նկատմամբ առկա է որոշակի դժգոհություն։

Ջոնի Մելիքյանը շեշտում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում երբ անհրաժեշտ է լինում ինչ-որ մեկին քննադատել, ամենահեշտ տարբերակը նրան գործակալ, կամ ռուսամետ անվանելն է։ Նրա համոզմամբ՝ եթե թեմայի մասին մասնագիտական շրջանակներն են խոսում, ապա նրանք պետք է հստակ բացատրեն, թե ինչ հիմքերի վրա են նման պնդումներ անում։

«Այսօր կա ներքաղաքական պայքարը, և կա իշխանությունների այս միջոցը՝ ներքաղաքական պայքարում հավելյալ մեխանիզմ ունենալու և դրանով այլախոհների բերանը փակելու համար։ Նշեմ, որ սա իշխանությունների կողմից մի քիչ ռիսկային մոտեցում, սակայն եթե առաջիկայում Վրաստանում ոչ մի արտառոց բան տեղի չունենա, ապա հոկտեմբերին կայանալիք ընտրություններում գործող իշխանությունները վերընտրվելու են»,- կարծում է նա։

Ջոնի Մելիքյանը հավելեց, որ Վրաստանի իշխանություններն այս նախաձեռնությամբ երկրի ներսում ապակայունացման ռիսկերը մեծացրացին։ Նա համոզմունք հայտնեց, որ դրանով քվեարկության հարցում քաղաքացիների մոտեցումներն այնքան էլ չի փոխվի, սակայն առնվազն դա մեծացնելու իշխանությունների համար առկա ռիսկերը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:25 Հայ զինվորականները զղջում են չարածի համար. նմանություն՝ Բաքվում պահվող գերիների ճնշումների հետ
20:35 Ավարտվել է կիրանցեցիների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ այն անարդյունք էր
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
13:23 Մահացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
18:40 Պարեկն՝ ընդդեմ վարորդի. անիրագործելի պահանջներ են ներկայացնում ու տուգանում 
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը

Ձեզ գուցե հետաքրքրի