copy image url
Ներքին Խոսք 2 շաբաթ առաջ - 20:15 12-04-2024

ՀՀ-ում բարեփոխումներ այդպես էլ չեղան․ առաջիկայում ավելի կոշտ գնահատականներ կլինեն

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը անցումային երկրների մասին նախօրեին հրապարակած զեկույցում նշել էր, որ Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի։ Freedom House-ը Հայաստանի վարկանիշի իջեցումը հիմնաավորել է կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի հանգամանքներով։

Կազմակերպությունը նաև զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման միջև՝ վերջինս որակավորելով «էթնիկ զտումներ»: Բացի այդ, նաև նշվել է, որ Ադրբեջանի զինուժը շարունակում էր սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ բախումներից հետո՝ բռնազավթելով երկրի տարածքի մի մասը:

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ընդգծեց՝ արդեն ժամանակն է, որ միջազգային կազմակերպությունները հստակ գնահատական տան Հայաստանում տիրող իրավիճակին։ Նրա համոզմամբ՝ միզազգային կազմակերպություններն իշխանություններին հավանաբար ժամանակ էին տալիս, որպեսզի ինչ-որ բարափոխումներ իրականացվեն, սակայն դրանք տեղի չունեցան։

«Նրանք տեսան, որ ավելի շատ չարաշահումներ են կատարվում, քան բարեփոխումներ, դրա համար էլ գնահատականները նախորդներից ավելի խիստ են։ Կարծում եմ՝ հետագայում ավելի խիստ գնահատականներ էլ կհնչեն, քանի որ ոչ մի ոլորտում կոնկրետ բարափոխումներ չեն իրականացվում»,- ասաց նա։

Ալեքսանյանը կարևորեց, որ զեկույցում տեղ է գտել infocom-ի ու Սիվիլնեթի կողմից իրականացված հետաքննությունը՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փոխանցված անանուն գումարների հետ։ Նա կարծում է՝ շատ կարևոր է, որ դա արձանագրվել է, ինչի համար վարչապետը միայն սահմանափակվել է ներողություն խնդրելով։

«Վարչապետը ոչ թե բացահայտել է գործերը, թափանցիկ դարձրել դրանք, հայտարարել, որ կատարողները պատժվելու են, այլ միայն ներողություն է խնդրել։ Ինչ վերաբերում է ՔՊ-ին, միայն ներողություն են խնդրում․ Ալեն Սիմոնյանը թքում է մարդու երեսին, համարում է, որ նա մարդ է, և ամեն ինչ կարող է լինել և այլն»,- ասաց նա։

Իրավապաշտպանը նաև խոսեց բանակում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ այնտեղ ոչ միայն բարեփոխումներ չեն կատարվում, այլև զինծառայողների մահվան դեպքերը գնալով ավելանում են։

Բացի այդ, նա նշեց, որ Freedom House-ն անդրադարձել էր Ալավերդիում նախորդ դեկտեմբերին կայացած քաղաքապետի խայտառակ ընտրությանը, որն անցել էր խայտառակ պայմաններում։ Նա հիշեցրեց, որ այնտեղ ներկա են գտնվել ուժային կառույցները, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոնց միջամտությամբ էլ գործող համայնքապետը հեռացվել է պաշտոնից և նոր ընտրություններ են անցկացվել։

«Ես գնահատում եմ Freedom House-ի աշխատանքը։ Կարծում եմ առաջիկայում նման գնահատականներ մենք էլի կլսենք նաև այլ կառույցներից»,- ասաց նա։

Մեր հարցին, թե զեկույցն ինչ ազդեցություն կարող է ունենալ գործող իշխանությունների գործողությունների վրա, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց, որ մարդու իրավունքների նման խախտումները և զեկույցները միշտ էլ հետևանքներ ունենում են։ Նա նշեց, որ հետևանքները շատ դեպքերում կարող են ոչ այնքան տեսանելի լինել, որոնք մենք կկարողանանք ֆիքսել, սակայն դրանք միանշանակ լինում են։

Ժաննա Ալեքսանյանը վստահ է, որ այս զեկույցը հետք է թողնելու միջազգային հանդիպումների ու բանակցությունների վրա։ «Իրենք են, որ իրենց ժողովրդավար են համարում, ամեն երկրորդ բառը ժողովրդավարության մաս է, սակայն նման զեկույցներից հետո աշխարհում իրենց չեն ընդունելու որպես ժողովրդավարների, ու կարծում եմ՝ արդեն չեն ընդունում»,- նշեց նա։

Անդրադառնալով զեկույցում տեղ գտած այն զգուշացումներին, որ Ադրբեջանը առաջիկայում կարող է հարձակվել Հայաստանի վրա, մեր զրուցակիցը դրանք իրական համարեց։ Նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ և անտրամաբանական քաղաքականության պայմաններում հստակ գնահատականներ տալ հնարավոր չէ․

«Բայց վարքագիծը, որ նա դրսևորում է ու մեր ժողովրդին անընդհատ սպառնում է պատերազմական գործողություններով, տպավորություն է ստեղծվում, որ այդ պատերազմը պիտի լինի, քանի որ վարչապետը ինքն է դա հրահրում։ Կամ որ գնում է Տավուշ, Ոսկեպարում մարդկանց ասում է, որ մեկ շաբաթում պատերազմ կլինի, եթե իրենք չհամաձայնեն գյուղերը հանձնելու առաջարկին, ու հետո մարդկանց թողնում է տագնապի մեջ, իսկ պատերազմն էլ չի լինում և ասում են, որ ժամկետները հետաձգվել են»։

Ժաննա Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ ամենալավը իշխանությունները գիտեն, որ պատերազմ է լինելու։ Նա հավելեց, որ այնպիսի տպավորություն ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև պատերազմը համաձայնեցվում է։

Դավիթ Գույումջյան