Ներքին 2 տարի առաջ - 18:15 11-04-2024

Երեխան պետք է նայի մուլտֆիլմ այն լեզվով, ինչ միջավայրում ապրում է․ հոգեբան

Հայաստանում հայերեն մուլտֆիլմեր գրեթե չկան, հայերեն թարգմանությամբ մուլտֆիլմեր՝ քիչ։ Կան մուլտֆիլմեր, որոնք՝ թեև հայերեն են թարգմանված, սակայն տեքստերում հանդիպում են շատ սխալներ, որոնք աչքից վրիպել չեն կարող։ Դրանք կարող են վատթարացնել երեխաների զարգացումը։

Սա մեծ խնդիր է մեր իրականության մեջ, քանի որ երեխաները ստիպված նայում են օտար՝ ռուսերեն ու անգլերեն մուլտֆիլմեր, որոնք երեխաների մոտ առաջացնում է խոսքի հապաղման խնդիր։ Սրանից զատ, շատ են դեպքերը, երբ երեխաները մուլտֆիլմեր նայելուց հետո ձեռք են բերում հոգեբանական խնդիրներ և կամակորություններ։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց մանկական հոգեբան Անի Ապիտոնյանի հետ, ով ներկայացրեց երեխաների շրջանում մուլտֆիլմերի հետևանքով ամենահաճախ հանդիպող խնդիրների մասին։

«Երեխաները նախադպրոցական տարիքում ընդօրինակում են մուլտհերոսներին, նույն գործողությունները, օրինակ՝ հարվածելը և այլն։

Փոփոխությունները լինում են և հուզական, և վարքային։ Միևնույն մուլտը կարող է մի երեխա ընկալել, որ սա չի կարելի անել, իսկ մյուսը՝ հոգեվիճակից ելնելով, ընդօրինակի տվյալ վարքագիծը»։

Հարցրեցինք երեխաների շրջանում ամենաշատը դիտված «Մաշան և արջը» ռուսական մուլտֆիլմի մասին, որի շուրջ մանկական հոգեբանը հայտնեց այս կարծիքը․

«Ծնողների կողմից չեմ լսել դրական արձագանք մուլտֆիլմի մասին։ Մուլտֆիլմից հետո երեխաների մոտ վարքագծային փոփոխությունները ակնհայտ են եղել, երեխան իրեն սկսում է կամակոր պահել։ Եթե ծնողը տեսնում է այդպիսի փոփոխություններ, ապա շատ ավելի լավ կլինի, որ մուլտի տեսակը փոխի։ Առհասարակ, լավ կլինի՝ մինչև 3 տարեկան երեխաները երկարատև մուլտեր չնայեն։ Երեխաների հիմնական դաստիարակչական ձևը ընդօրինակումն է, հատկապես այդ տարիքում»։

Մուլտերի հետևանքով երեխաների մոտ ամենահաճախ առաջացող հոգեբանական խնդիրներից հոգեբանն առանձնացրեց ագրեսիան և վախերը։

«Կարող է ագրեսիան բարձրանալ, կարող են առաջանալ վախեր։ Կան այդպիսի մուլտեր, որոնցից վախերն ավելի շատ են առաջանում։ Դրանք հիմնականում կախարդների, զոմբիների և երևակայական չար հերոսների մասնակցությամբ մուլտերն են»։

Հարցրեցինք նաև օտար լեզուներով մուլտեր նայելու հետևանքով առաջացած խոսքի հապաղման մասին։

«Խոսքային խնդիրներ լինում են։ Հենց դրա համար էլ մուլտֆիլմեր նայելու դեպքում պետք է նայել այն լեզվով, ինչ միջավայրում ապրում է երեխան։ Մի քանի լեզուները երեխաների մոտ կարող են շատ լուրջ խնդիրներ առաջացնել։ Ուստի՝ շատ ավելի լավ կլինի, որ լինեն հայերեն մուլտեր, և երեխաները դրանք նայեն»։

Մանկական հոգեբանը նշեց նաև, որ երեխաները ամենաշատը դիտում են ռուսերեն մուլտֆիլմեր։ Անի Ապիտոնյանը հավելեց, որ հիմա երեխաները ավելի շատ մուլտերի փոխարեն նախընտրությունը տալիս են տեսանյութերին։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև «Մանկական զարգացման հիմնադրամ»-ի հետ։ Հարցրեցինք, թե ինչ վիճակագրություն ունեն մուլտերի հետևանքով խոսքի հապաղման խնդիր ունեցող երեխաների վերաբերյալ։

Մեզ պատասխանեցին, որ հետզոտություն չեն իրականացրել՝ չեն կարող հստակ վիճակագրություն տրամադրել։

Ըստ իրենց պրակտիկայի՝ խոսքի հապաղման խնդիր ունեցող երեխաների զգալի մասը օտարալեզու մուլտեր դիտելու և էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելու հետևանքով է խնդիրը ձեռք բերում։

Հետաքրքականն այն է, որ հեռուստաընկերությունները այսօր շատ նախագծեր ու հաղորդումներ են թողարկում, որոնց վրա մեծ գումարներ են ծախսում, սակայն քիչ են ստեղծվում հայերեն մուլտֆիլմեր։

Սա նկատելի բացթողում է, որը երեխաների մեծամասնության մոտ առաջացնում է խոսքի հապաղման խնդիր, այս մասին փաստում են բազմաթիվ լոգոպեդներ և հոգեբաններ։ Եվ այս բացթողման մասին պետք է մտածեն ոչ միայն հեռուստաընկերությունները, այլև նրանց վերահսկող կառույցները և կառավարությունը։ Վերջիններս պիտի պահանջեն ստեղծագործողներից և հեռուստաընկերություններից ստեղծել մանկական հայերեն շատ հաղորդումներ և հայկական մուլտֆիլմեր։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media