Երևան +17°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 շաբաթ առաջ - 18:00 11-04-2024

Իրատես լինենք․ շտապօգնության ամերիկյան զրահամեքենաները կարևոր են, բայց դրանք մեզ չեն փրկելու

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Քրիստինա Քվինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մեր երկրին շտապօգնության զրահապատ մեքենաներ կտրամադրի, իսկ ներկայումս աշխատում են դրա իրագործման եղանակների վրա։ Նա ասել էր, որ Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով հնարավոր է մտնել հակամարտության տարածք։

«Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը: Եվ, ինչպես նշեցի, ամենատարբեր թեմաներ ենք քննարկում, և փորձում ենք տեսնել, թե որտեղ կարող ենք օգտակար լինել Հայաստանին՝ նրա պաշտպանության առումով»,-ասել էր դիվանագետը:

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն ընդգծեց՝ Հայաստանն անկասկած նման մեքենաների կարիք ուներ, իսկ վերջին պատերազմը փաստեց, թե զրահապատ մեքենաները որքան կարևոր են մարտական գործողությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ ներկայիս պատերազմների դեպքում, երբ մեծ խորությամբ հարվածներ են հասցվում, այս որոշումը միանշանակ օգտակար է։

Մհեր Հակոբյանը նկատում է, որ Հայաստանի զինված ուժերի շտապօգնության մեքենաների պարկն արդեն հնացած էր, և վերջին պատերազմից հետո համալրման կարիք ուներ։

«Իմ կարծիքով այս որոշումը կարևոր էր նաև քաղաքական առումով, որովհետև սրանով ԱՄՆ-ն լայն իմաստով Հայաստանի Հանրապետությանը ցույց է տալիս իր աջակցությունը։ Իհարկե սրանք այն զենքերը չեն, որոնք մենք երազում էինք, և ամերիկյան անձրևանոցը չէ, որի տակ կուզենայինք բոլորս մտնել, այնուհանդերձ ՀՀ-ն ուներ նման մեքենաների կարիք։ Կրկնում եմ՝ սա պետք չէ գերագնահատել, քանի որ այն ոչինչ չի լուծում, ՀՀ-ի դեմ առկա մարտահրավերին չի դիմագրավելու, բայց, որպես երևույթ, լավ է»,- կարծում է նա։

Փորձագետի խոսքով՝ ոմանք կարող են այս որոշումը գերագնահատել, հեռուն գնացող դատողություններ անել, ինչը ճիշտ չէ։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ որոշումը չպետք է նաև թերագնահատել, ինչպես ֆրանսիական բաստիոն զրահամեքենաների դեպքում․

«Նույն բաստիոնների խնդիրն է․ ավելի լավ է, որ մեր զինվորները զրահամեքենաներով գնան, որ գոնե թեթև զինատեսակների կրակոցներից, կամ բեկորներից, մոտիկ պայթող արկերից պաշտպանված լինեն, քան դրանք առհասարակ չլինեն»,- ասաց նա։

Հակոբյանը միևնույն ժամանակ շեշտեց, որ որոշումը նաև քաղաքական բաղադրիչ ունի։ Նրա գնահատմամբ՝ սա գործող իշխանությունների այսպես կոչված արևմտյան քաղաքական կուրսի արդյունքներից մեկն է, իսկ թե այդ կուրսն ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությանը հաջողություն կբերի՞, թե՞ ոչ, դա ավելի լայն քննարկման հարց է, որը դուրս է շտապօգնության մեքենաների թեմայիվ։

Հարցին, թե ինչո՞ւ արևմուտքը Հայաստանին այնպիսի սպառազինություն չի տրամադրում, որը մեր երկրին թույլ կտա ամբողջովին դիմագրավել առկա մարտահրավերներին՝ Մհեր Հակոբյանը պատասխանեց, որ այստեղ խնդիրը կապված է քաղաքական որոշման հետ։ Նա շեշտում է, որ չնայած Հայաստանը ուղի է բռնել դեպի արևմուտք, այնուամենայնիվ տարբեր պատճառներով արևմտյան ճամբարի երկիր չի կարող համարվել։

«Մենք մոտավորապես Վրաստանի մակարդակում ենք գտնվում, մենք Լեհաստանը չենք, նույնիսկ Լատվիան, Լիտվան, կամ Էստոնիան չենք։ Մենք արևմուտքի ուղին բռնած երկիր ենք և դեռ չգիտենք, թե ինչ կլինի։ Բացի այդ, այս պարագայում, երբ ռուսական ազդեցության առկայությունը, կամ դրա ուժեղացումը չի կարելի բացառել, արևմուտքը, բնականաբար, չի ցանկանում ներդրումներ կատարել, որոնք իր համար վնասակար կլինեն, այդ թվում տեխնոլոգիական առումով։ Այսինքն՝ օրերից մի օր կարող է մեր բանակին տրամադրված զենքը հասնի արևմուտքի ոչ բարեկամ երկրներից մեկին»,- կարծում է նա։

Ռազմական փորձագետն այս հարցում կարևորում է նաև քաղաքական ու քաղաքական բաղադրիչը՝ նշելով, որ արևմուտքը նախընտրում է Ադրբեջանին զսպել բացառապես քաղաքական միջոցներով։ Ըստ նրա՝ արևմուտքը կարծում է, որ Հայաստանն այնքան չի հասունացել, որ պայմանական ասած Իսրայել դառնա, իսկ արևմուտքը՝ պատերազմական իրավիճակում գտնվող Ուկրաինային սպառազինություն մատակարարելու հարցում լուրջ խնդիրներ ունի․

«Համադրելով այս երկու հարցերը՝ կարելի է ասել, որ այս որոշումը Հայաստանի արևմտյան ուղու արտահայտություններից մեկն է։ Նույն թեթև զրահամեքենաները, շտապօգնության մեքենաները որպես երևույթ լավ են, բայց դրանք՝ իրենք իրենցով, խնդիրներ չեն լուծի»։

Մհեր Հակոբյանը հավելեց, որ ընդհանուր առմամբ դեռևս ամեն ինչ մնում է անորոշ, ու կյանքը ցույց կտա, թե գործող իշխանությունների ընտրած արևմտյան ուղին երկիրն ուր կհասցնի։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի