Ազգային ժողովում կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանն ունեցած ելույթում Հայաստանի վարչապետը հանդես է եկել աղմկահարույց բազմաթիվ հայտարարություններով, որտեղ անդրադարձել է բազմաթիվ հարցերի, առաջացրել նորերը։
Տպավորությունները հակասական են․ օրինակ, ադրբեջանական լրատվականները, բլոգերները, քաղաքագետներն ու սոցիալական ցանցերի շարքային օգտատերերն ուղղակի հրճվանք են ապրել Նիկոլ Փաշինյանի խոսքերից։ Սիրո խոստովանություններ, երախտագիտության խոսքեր, անգամ Ադրբեջանի հերոսի կոչում շնորհելու կոչեր են հնչել։
«Փաշինյանը ճանաչում է Ղարաբաղը, որպես Ադրբեջանի մաս։ Ինչպես իրենց բանակում են սկսել օգտագործել այս բառը՝ կեցցե՛ Փաշինյանը», մեկնաբանել է ադրբեջանցի մեկը, որին շարունակել են՝ «Ղարաբաղը միշտ է եղել մերը․ այնտեղ հայկական ոչինչ չկա, և եթե այսօր Ղարաբաղում հնչում է մեր ազանը ու ծածանվում մեր եռագույն դրոշը՝ օրինաչափը դա է»։ «Հայաստանի բախտը բերել է․ նորմալ վարչապետ ունեն, միայն թե չլսի դաշնակներին ու կարգավորի հարաբերությունները մեզ հետ․․․ Այլ տարբերակ էլ չունի, հակառակ դեպքում ինքներս վերջնական կլուծենք այդ արհեստածին պետության հարցերը», գրել է երրորդը և այսպես շարունակ, հարյուրավոր մեկնաբանություններ են գրառվել։
Թե ինչքանով է Հայաստանը հաջողել Փաշինյանի օրոք՝ դա առանձին թեմա է, բայց որ առայժմ նա պետք է փորձի վերականգնել իր իսկ քանդածը, փաստ է։ Խոսքը վերաբերում է, օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Ինչպես Փաշինյանի ելույթից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, «Ռուսաստանը դրսևորել է իրեն որպես արդյունավետ միջնորդ Հարավային Կովկասի համար, դա ոչ թե իրավիճակային լուծում է, այլ հակասությունների ներդաշնակեցում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության»։ Իսկ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլում հուսով են ՌԴ-ՀՀ-ի հարաբերություններում ի հայտ եկած բարդ պահերը լուծում գտնել երկխոսության միջոցով։ Պեսկովի խոսքով, տեսանելի ապագայում Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները ամեն ինչ քննարկելու հնարավորություն կունենան։
Փաշինյանն ինքը, մեկնաբանելով ապրիլի 5-ին Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հանդիպումը, ասել է․ «Մենք արհեստական, բայց երբեմն ոչ արհեստական ակնկալիքներ ենք ձևավորում (նկատի ունի ԵՄ-ին և ԱՄՆ-ին – հեղ․), որ որոշ ընկերներ կամ դաշնակիցներ պետք է գան և լուծեն մեր խնդիրները։ Մենք պետք է լուծենք մեր բոլոր խնդիրները»։
Այո, Փաշինյանի կառավարման այս վեցամյակում ահռելի քանակի խնդիրներ են առաջացել Հայաստանի համար, առաջին հերթին՝ անվտանգային բնույթի։ Բայց, անկախ մեր նախասիրություններից, եթե Նիկոլ Փաշինյանն է զբաղեցնում երկրի փաստացի ղեկավարի դիրքը՝ նա էլ պիտի զբաղվի պրոբլեմների լուծմամբ, հատկապես, որ ռազմավարական դաշնակից երկրից եկող ազդակները, կարծեք թե, խնդիրների քննարկման և լուծման տարբերակներ են դեռևս թողնում։
Այդ հնարավորությունների չօգտագործումը Հայաստանի «իրական» հանրապետությունը կուղարկի «պատմական» Հայաստանի ետևից։
Տիգրան Աթանեսյան