copy image url
Միտք Ներքին 3 շաբաթ առաջ - 09:00 10-04-2024

Ի՞նչ են քննարկել փակ նիստում և ե՞րբ կհաղթահարեն սահմանագծման խոչընդոտները  

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով ապրիլի 9-ի հրատապ նիստն անցավ փակ։ Ո՞րն էր փակ նիստ անցկացնելու իրական պատճառը, ի՞նչ խոչընդոտներ կան այս հարցում, և ե՞րբ կարող է իրապես սկսվել սահմանազատման, սահմանագծման գործընթացը։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ, հակահայկական հայտարարությունից հետո Մոսկվայի նախաձեռնությամբ և միջնորդությամբ 2021-ի հունվարի 30-ին սկսվեց այս գործընթացը, որին ներգրավվեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մուստաֆաևն ու Օվերչուկը, ձևավորելով սահմանազատման ու սահմանագծման աշխատանքային եռակողմ խումբ։ Երեք տարվա ընթացքում այս ուղղությամբ տեսանելի քայլ չի կատարվել։ Սկզբունքները չեն հստակեցվել։ «Կոնսենսուս չկա», լրագրողներին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ապրիլի 9-ի փակ նիստից առաջ։ Չի հաստատվել, թե որ քարտեզի հիման վրա են սահմանազատում կատարելու։

Այս ընթացքում Ադրբեջանը Մոսկվայի աջակցությամբ զավթել է ՀՀ տարածքից որոշ հատվածներ։ Դրանից առաջ էլ Արցախը զավթվեց ռուսների գործուն աջակցությամբ։ Այսօրվա դրությամբ՝ սահմանազատման եռակողմ աշխատանքային հանձնախմբի անդամներից երկուսը չեն ճանաչում ՀՀ ինքնիշխան իրավունքները։ Չբարեկամները, հավանաբար, հույս ունեն, որ միջազգային պատեհ առիթ կընձեռնվի շուտով, ու նրանք կկարողանան զավթել նաև, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքն» ու կտրել կառուցվող Հարավ-հյուսիս միջազգային նշանակության ավտոճանապարհը։ Եվ այս պատճառով նրանք չեն համաձայնում սկզբունքների, քարտեզների վերաբերյալ Հայաստանի առաջարկներին, փորձում ձգձգել գործընթացն այնքան, մինչև կարողանան զավթել իրենց անհրաժեշտ հայկական տարածքները, դրանից հետո Հայաստանին պարտադրել տարածքային զիջումներ և այդ զիջումների հիման վրա սահմանազատում և սահմանագծում իրականացնել։ Պարզ ասած՝ սահմանազատման գործընթացի խոչընդոտը ՌԴ-ի և Ադրբեջանի ագրեսիվ, հակահայկական, հակաքաղաքակրթական նկրտումներն են։ Իսկ ինչու՞ ՀՀ իշխանությունները, մասնավորապես՝ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ նախարարն, այս մասին հրապարակավ չեն խոսում։

Կասկած կա, թե ՔՊ-ական իշխանությունը խորհրդապահական պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ որոշ հարցերում։ Եվ այդ պատճառով չեն ուզում, որ ժողովուրդն ու իրական դաշնակիցներն իմանան այդ մասին։ Այս կասկածի մասին էին ակնարկում ընդդիմադիր պատգամավորները, երբ ուզում էին, որ նիստն անցկացվի բաց։ Ենթադրություն կա նաև, որ ՀՀ իշխանությունները պայմանավորվածություններ ունեն նաև Արևմուտքի, Իրանի, Հնդկաստանի հետ, որոնց խոստացել են չնահանջել ՀՀ ինքնիշխանությունից, տարածքային ոչ մի զիջում չանել, ոչ մի արտատարածքային միջանցք չհանձնել ռուս-ադրբեջանական չբարեկամներին։ Սա հավելյալ պատճառ է, որ նիստն անցներ փակ։

Եթե փակ նիստից հետո տեղեկատվական արտահոսք լինի և խորհրդապահական գաղտնիք հանրայնացվի, ապա հետևանքը կլինի այն, որ ադրբեջանական կողմը կարող է չեղարկել ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունները և ավելի ձգձգել սահմանազատման բանակցությունները։ Մյուս կողմից՝ հանրային հետաքրքրությունը պետք է ինչ-որ կերպ բավարարվի։ Այս պատճառով, ենթադրելի է, որ ընդդիմադիր ուժերը հայտարարությամբ կոչ կանեն Նիկոլ Փաշինյանին ՀՀ ինքնիշխանությունից ու տարածքից ոչ մի զիջում չանել, կպահանջեն նաև դուրս հրավիրել ՀՀ պետական բոլոր սահմաններից ռուսական սահմանապահ զինվորներին, իսկ սահմանազատման բանակցությունները վարել ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Այսպիսի ուղիղ պահանջը ոչ միայն կբարձրացնի ընդդիմության վարկանիշը, որն ընկնում է ՔՊ-ի վարկանիշին զուգահեռ, այլև իրապես կարող է արագացնել սահմանազատման գործընթացը։

Պարզ ասած՝ ռուսական զորքերի դուրս գալուց հետո Ադրբեջանը կմնա միայնակ և կվախենա առճակատման գնալ ՀՀ-ի հետ, քանի որ հայերի հաղթանակի դեպքում ոչ միայն կազատագրվեն ՀՀ տարածքից զավթված հատվածներն, այդ թվում՝ Արծվաշենն, այլև, հնարավոր է՝ Արցախը կրկին հայկական կդառնա։ Այս հնարավոր հեռանկարն աչքի առաջ ունենալով, Ադրբեջանը կդադարի խոչընդոտել, ապակառուցողական կեցվածք ընդունել, ու սահմանազատման գործընթացն արագ առաջ կգնա։

Թաթուլ Մկրտչյան