Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 21:39 09-04-2024

Սիրելի՛ Արայիկ, իսկ ինչո՞ւ չեք հրապարակում փաստաթուղթը և ցրում կասկածները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրավոր նամակ է ուղարկել Oragir.News-ի էլեկտրոնային հասցեին՝ պահանջելով հերքել փետրվարի 10-ին հրապարակված «Ռեկտորներ «խայտառակել ռեսպուբլիկան»․ Արայիկ Հարությունյանի «սերը» Վանաձորի ռեկտորին պրոֆեսոր է սարքել» վերնագրով նյութը։

Հաշվի առնելով Oragir.News-ի մեծ սերը առ Հարությունյան` կարող էինք հերքումը հրապարակել, պարզապես Արայիկ Հարությանը հերքման տեքստն ուղարկելիս շատ երկար է մտածել, այնքան երկար, որ սահմանված 1 ամիս ժամկետը վաղուց անցել է։

Իսկ ինչի՞ մասին է Oragir.News-ի հրապարակած նյութը։

Գրել էինք, որ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանին տրված պրոֆեսորի կոչումը ԲՈԿ-ի կողմից պաշտոնական փաստաթղթերի կեղծումով է տրվել։

Այս թեմայով զրուցել էինք, ինչպես ԲՈԿ նախկին նախագահի, այնպես էլ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակիցների հետ, սակայն որևէ մեկը հստակ պատասխան չէր տվել։

Ռուստամ Սահակյանը Ռուսաստանի Դաշնությունից իր հետ իբր բերել է մի փաստաթուղթ, որը հավաստում է, թե ինքը ՌԴ-ում ստացել է պրոֆեսորի գիտական կոչում, սակայն ՌԴ ԲՈԿ-ի՝ Высшая аттестационная комиссия-ի (ВАК) կայքում նման փաստաթղթի մասին որևէ տեղեկություն չկա։

Ավելին` մեր աղբյուրները վկայում են, որ ներկայացված փաստաթուղթը եղել է կեղծված։

Մեր տեղեկություններով, ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար, ներկայում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԲՈԿ այն ժամանակվա նախագահ Սմբատ Գոգյանին հանձնարարել է արագ ընթացակարգով ճանաչել Ռուստամ Սահակյանի պրոֆեսորի գիտական կոչումը, ինչն էլ 1 օրվա ընթացքում կազմակերպվել է։

Փաստացի, ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը համապաստասխան ընթացակարգով չի առաջնորդվել և թուղթը կեղծել է։ Փաստացի, գործ ունենք երկու քրեական հոդվածի հետ՝ պաշտոնական փաստաթղթի կեղծում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության պաշտոնական կայքում Արայիկ Հարությունյանի հեռախոսահամարը չկա, միայն էլեկտրոնային հասցեն է, իսկ Կառավարությունը մեր ուղարկած գրավոր հարցումներին չի պատասխանում, ավելին՝ որպես Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոց ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսների հրավեր չի ստանում, նպատակահարմար չենք գտել գրավոր դիմելու, քանի որ դիմելու դեպքում պետք է անվերջ սպասեինք պատասխանի և առնվազն մեկ ամիս ուշ հրապարակեինք նյութը։

Ի դեպ, նշված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ, հակառակ մեր դիմումին` Գլխավոր դատախազությունում որևէ ուսումնասիրություն չի արվել, այլ առանց փաստաթղթերը ստուգելու, առանց ՌԴ կամ ՎՊՀ հարցում ուղարկելու չգիտես ինչպես (Արայիկ Հարությունյանը, իհարկե, տեղյակ չէ այս ամենից) որոշվել է, որ հանցակազմ չկա, և գործ չի կարող հարուցվել։

Արայիկ Հարությունյանի այս անհանգստությունն էլ կասկածի տեղիք է տալիս, որ իրականում նրա մատը խառն է այս ամենում, այլապես ինքն ի պաշտոնե կարող էր ստուգել փաստաթղթի իսկությունը, հանձնարարել ՎՊՀ ռեկտորին հրապարակել այն` իրեն բնորոշ հոգեցունց հեշթեգերով` #չվախենաք կամ #դուխով։ Բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանի կրթության ստվերային դդ.. կարդինալը որոշել է «ընկնել» Oragir.News-ի հետևից, ինչի համար, անկեղծորեն, ուրախ ենք։